Սահմանադրությունը չդիմացավ առաջին իսկ փորձությանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Սահմանադրությունը, որ ամբողջությամբ ուժի մեջ մտավ ընդամենը կես ամիս առաջ՝ ապրիլի 9-ին, երկրում ամբողջությամբ հաստատելով խորհրդարանական կառավարման համակարգ, չդիմացավ առաջին իսկ փորձությանը: Հայաստանում սկսվել է թավշյա հեղափոխություն. համաժողովրդական շարժումը հանգեցրեց վարչապետի պաշտոնից իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հրաժարականին, ավելին` իշխանությունները համաձայնել են ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը:

Ճիշտ է` Հայաստանում դեռեւս չի ստեղծվել սահմանադրական ճգնաժամ։ Միաժամանակ խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակիցները կարող են արդարանալ, թե տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները կապ չունեն Սահմանադրության, առավել եւս՝ պետական կառավարման համակարգի հետ, եւ որ անձնական իշխանությունը երկարաձգելու՝ Սերժ Սարգսյանի որոշումը բերեց համաժողովրդական ընդվզումների: Բայց սա չի նշանակում, թե Հայաստանում բացառված են սահմանադրական ճգնաժամերը։ Հիմա փաստ է, որ քաղաքական դաշտում ցնցումներ են։

Այդպես էլ պետք է լիներ․խայտաբղետ, բազմակուսակցական խորհրդարանների ընտրության դեպքերում խորհրդարանական համակարգը հանգեցնում է թույլ կոալիցիոն կառավարությունների ձեւավորմանն ու հարատեւ ներքին ցնցումների։ Այսօրվա դրությամբ պետական համակարգը, բացառությամբ պաշտպանության եւ անվտանգության բնագավառների (որոնք գործուն ապաքաղաքական կառույցներ են, այս տարիների ընթացքում կայացել են որպես ինքնուրույն կառույցներ), գրեթե չի գործում․ տեւական ժամանակ է՝ պետական ապարատը պարալիզացված է։ Մինչդեռ, հիշում եք, սահմանադրական հանրաքվեի ողջ ընթացքում իշխանությունները միաբերան պնդում էին, թե խորհրդարանական կառավարման համակարգի անցում կատարելու դեպքում երկրում կբացառվեն քաղաքական ցնցումները, որոնց ականատես էինք լինում նախագահական ընտրություններից հետո: Այսօր ականատես ենք լինում հակառակ երեւույթի։

Այնպես որ, հիմա նոր ձեւավորվող իշխանությունն իր առաջնային պարտքը պետք է համարի Հայաստանում նման երեւույթների բացառումը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը։ Ի վերջո, երկրի մայր օրենքն ունի լեգիտիմության լրջագույն դեֆիցիտ․ հիշում եք՝ այն հասարակությանը պարտադրվեց քաղաքական բռնաճնշումների եւ խայտառակ ընտրակեղծիքների արդյունքում։ Ուստի պետք է Սահմանադրությանը վերադարձնել լեգիտիմությունը, միաժամանակ վերադառնալ նախագահական կառավարման համակարգի․ կիսապատերազմական երկրում այն չունի այլընտրանք։




Լրահոս