Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ֆանտաստիկ էր. Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ֆանտաստիկ էր, և անկեղծ ասած՝ ինձ համար էլ էր անսպասելի: Ակնհայտ էր, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, բայց անսպասելի էր, որ այս պահին և այս ձևով:

Առաջին փուլը, որը վերջացավ Սերժ Սարգսյանի հրաժարականով, տվեց բավականին դրական արդյունքներ. միջազգային կարծիքը՝ մի կողմից, որը կարևոր է, բայց ինձ համար վճռական նշանակություն ունի այն, ինչ կատարվում է Հայաստանում. քաղաքականության մեջ մտավ երիտասարդների մի մեծ շերտ, որը քաղաքական մեծ փորձ չունի, բայց ունի երազանքներ, էներգիա և ցանկություն երկիրը տեսնելու իր պատկերացրած ձևով:

Այս պահին խոսքը գնում է այն մասին, թե ինչպես օգտագործել կուտակված էներգիան և ձեռք բերված փորձը:

Ինչքանով կարողանում եմ դատել, ժողովրդական ցուցարարների կողմը հստակ ձևակերպել է իր պահանջը, որի հիմքում ընկած է Ազգային ժողովը լուծարումը և նոր խորհրդարանի ձևավորումը: Կարեն Կարապետյանը նույնպես հայտարարեց, որ իշխանությունները համաձայն են քննարկիել խորհրդարանը լուծարելու, անգամ անհապաղ լուծարելու հարցը, բայց դա պետք է որոշում դառնա բանակցությունների միջոցով:

Բնական է, որ իրավիճակի այլ լուծումներ էլ կան, բայց դրանց մասին խոսելն արդեն անիմաստ է, պետք է քննարկել այս տարբերակները, որոնց ճանապարհային քարտեզը ես տեսնում եմ հետևյալ կերպ.

Ազգային ժողովը ձևավորում է Ազգային համաձայնության կառավարություն:
Ազգային ժողովն անհապաղ (20-30 օրվա ընթացքում) մշակում է նոր ընտրական օրենքի նախագիծ, ընդ որում նախագիծը հիմնականում մշակում է ընդդիմությունը, և եթե օրենքի նախագիծը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը և միջազգային օրենքներին, ապա Ազգային ժողովը պարտավորվում է այն ընդունել:
Տեղի են ունենում նոր խորհրդարանական ընտրություններ: Բայց այստեղ մի կարևոր հարց կա. ընդհանրապես գոյություն ունի միջազգային նորմ, որը պարտադիր չէ, բայց ավանդույթի ուժ ունի, ըստ որի ընտրական օրենքը կարելի է փոխել միայն ընտրություններից առնվազն 6 ամիս առաջ: Կարելի է այդ նորմը բանի տեղ չդնել և խորհրդարանական ընտրություններն անցկացնել անմիջապես, բայց այդ 6 ամսի պահանջն ունի ներքին տրամաբանություն. երբ խաղի կանոնները փոխվում են, կուսակցություններին տրվում է ժամանակ, որպեսզի կարողանան նոր խաղի կանոններով առաջնորդվել, և ես կարծում եմ՝ դա ճիշտ է: Այս պահին նոր ընտրություններ անցկացնելը կնշանակի ձևավորել մի խորհրդարան, որտեղ ներկայացված չէ հասարակության ամբողջ պալիտրան: Իսկ հասարակության պալիտրան այս օրերի ընթացքում արագորեն փոխվում է, և գոնե 6 ամիս ժամանակ է պետք, որպեսզի այն ձևավորվի կուսակցաշինության միջոցով և ոչ թե հեղափոխական տրամադրություններով: Ես նույնիսկ գտնում եմ, որ ազգային համաձայնության կառավարությունը պետք է գործի գոնե մեկ տարի:
Այս բոլոր հարցերի վերաբերյալ ստորագրվում է համաձայնագիր Ազգային ժողովի խմբակցությունների միջև»:




Լրահոս