ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանից ներկրվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերվել է կարանտին համարվող 2 օբյեկտ. լոլիկում՝ գտել են հարավամերիկյան ցեց, իսկ վարունգում` արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային թրիփս:
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը աշխատանքային կարգով ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայության հետ ճշտում է դեպքի մանրամասները:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ծառայությունն արդեն իսկ անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել արտահանվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ հսկողությունն առավել խստացնելու և դեպքի մանրամասները ուսումնասիրելու ուղղությամբ:
Հարկ ենք համարում նշել, որ ռուսական կողմի հրապարակման մեջ նշված խնդրահարույց բեռն արդեն վերադարձվել է արտահանողին և խնդիրը վերաբերում է միայն տվյալ խմբաքանակին:
Այլ պտուղ-բանջարեղենի արտահանման նկատմամբ որևէ սահմանափակում չկա:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն