ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է իրավապաշտպանի դերում: Հազիվ թե: Բայց արի ու տես, որ Արմեն Աշոտյանը որոշել է նման հայտ ներկայացնել: ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ փոխնախագահը նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին մեղադրել է քաղաքական հալածանքներ իրականացնելու մեջ եւ հայտարարել. «Եթե Փաշինյանի իշխանության կողմից քաղաքական հետապնդումների արժանանան, դիմեն իրեն՝ որպես ԱԺ պատգամավորի՝ անկախ քաղաքական հայացքներից»:
Միայն թե ՀՀ սահմանադրությունը պահպանելու, քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու մասին ԱԺ ամբիոնից բարձրաձայնում է մի պատգամավոր, որի կուսակցությունն իշխանության ղեկին գտնված 20 տարիների ընթացքում արել է ճիշտ հակառակը:
ՀՀԿ իշխանավարման տարիներին ամենօրյա ռեժիմով ականատես ենք եղել ընդդիմախոսների հալածանքի, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգի աշխատակիցների բռնի կուսակցականացման, երբ ստիպում էին մտնել ՀՀԿ շարքերը: Արմեն Աշոտյանը հավանաբար մոռացել է, թե ԿԳ նախարար աշխատած տարիներին կրթական համակարգի ինչպիսի տոտալ կուսակցականացում էր ընթանում. մանկապարտեզների կոլեկտիվները, դպրոցների ուսուցչական կազմը, բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի զգալի հատվածը հանրապետականացվել էին, ՀՀԿ-ական որջերի էին վերածվել ուսանողական խորհուրդները: Սա դեռ ամենը չէ, հանրապետականացնելուց բացի կրթական համակարգի շատ ներկայացուցիչների ստիպողաբար դարձրել էին պետական հանցագործ, երբ նրանց վրա ընտրությունների ժամանակ կեղծիքների «պլան էր դրված». բավական է հիշել հայտնի սկանդալը, թե ինչպես էին դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները ՀՀԿ օգտին ձայներ հավաքում, ցուցակագրում:
Ու հիմա, չնայած այս ամենին, Աշոտյանը հանկարծ որոշել է զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ՝ նորօրյա «քաղհալածյալներին» կոչ անելով դիմել իրեն: Տեղի ունեցածն այլկերպ, քան ցինիզմ, դժվար է որակել: Մանավանդ, երբ իրականում Արմեն Աշոտյանն այսկերպ վերջին ճիգերն է գործադրում պահպանելու իրենց իշխանության տարիներին ստեղծված համակարգը: Ի վերջո, նոր կառավարությունը հայտարարել է կրթական համակարգն ապակուսակցականացնելու մասին: Իսկ ապակուսակցականացնել նշանակում է ՀՀԿ-ի ձեռքից խլել կարեւոր լծակները, որոնք գործածում էին ընտրություններին ձայներ հավաքելու համար: