ՀԱՐՑ. Դիմել եմ մանկավարժական թոշակի անցնելու համար, եւ ինձ սոցիալական բաժնից տեղեկացրել են, որ իմ աշխատանքային գրքույկում արտադրական վարպետի ուսուցման փոխարեն գրված է վարպետ: Դա պատճառ է հանդիսացել, որպեսզի ինձ չտրամադրեն մանկավարժական թոշակ: Խնդրում եմ պարզաբանել:
Սոնիկ Դավթյան (ք.Դիլիջան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Պարզվել է, որ Ս. Դավթյանը 04.10.2017թ. դիմել է Դիլիջանի սոցիալական ապահովության տարածքային բաժին մասնակի կենսաթոշակ նշանակելու համար: Մասնակի կեսնաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ին աշխատած ժամանակահատվածները:
ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման թիվ 6 հավելվածով հաստատված «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կնսաթոշակների իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների» ցանկի 5-րդ կետում նախատեսված են արտադրական ուսուցման վարպետները (վարպետ-դաստիարակ, վարպետ-դասատուները):
Ըստ 10.11.1989թ. լրացված աշխատանքային գրքույկի գրառումների` Ս. Դավթյանը 01.09.1983թ. մինչեւ 10.05.1989թ. աշխատել է որպես վարպետ:
Ուստի մասնակի կենսաթոշակ նշանակելու համար վերը նշված ցանկի պահանջով մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությամբ (արտադրական ուսուցման վարպետ (վարպետ-դաստիարակ, վարպետ-դասատու)) 12 տարվա աշխատանքային ստաժ չունենալու պատճառով մերժվել է Ս. Դավթյանին մասնակի կենսաթոշակի նշանակումը: Այս մասին նրան պատասխանվել է Դիլիջանի տարածքային բաժնի 19.10.2017թ. թիվ 2-506 գրությամբ:
ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Ա. Պարոնյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ ընդամենը մեկ բառի պատճառով քաղաքացին զրկվել է մանկավարժական թոշակ ստանալու հնարավորությունից:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: