Դատավորները Բարձրագույն դատական խորհրդի դեմ գործողություններ են սկսել. ով է խնդրանքով դիմել Գագիկ Հարությունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունվարի 1-ից գործելու է սնանկության գործով դատարան: Ու հիմա մի շարք դատավորներ իրենց թեկնածությունն են առաջարկել նորաստեղծ դատարանի դատավոր դառնալու համար: Սակայն օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների հետ, եւ գաղտնի քվեարկությամբ որոշվել է, թե ովքեր կարող են լինել նորաստեղծ դատարանի դատավոր, եւ նրանց անունները ներկայացրել է ՀՀ նախագահին:

Ի դեպ, գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված թեկնածուներն են Արթուր Աթաբեկյանը, Գարիկ Ավագյանը, Արսեն Բաբայանը, Սամվել Թադեւոսյանը, Արմեն Խաչատրյանը, Լիլիթ Կատվալյանը, Արա Կուբանյանը, Արտաշես Հովհաննիսյանը, Բագրատ Մկրտչյանը, Գեւորգ Նարինյանը, Արմեն Չիչոյանը, Տիգրան Փոլադյանը: Եվ ահա այս ընտրությունն էլ պատճառ է դարձել դատական համակարգում նոր դժգոհությունների համար:

Դժգոհությունն ու խնդրանքը

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԲԴԽ-ի գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված թեկնածուները դատական համակարգում մի շարք դատավորների շրջանում խիստ դժգոհության պատճառ են դարձել: Մասնավորապես, ըստ դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների` հնաբնակ դատավորներից շատերը կարծիք են հայտնել, թե այդ ինչպես ստացվեց, որ ԲԴԽ-ն գաղտնի քվեարկությամբ սնանկության գործերով դատավոր է ընտրել այնպիսի անձանց, որոնց մեծ մասը սնանկության հետ կապված գործերի հետ ընդհանրապես կապ չունի, իսկ ահա պրոֆեսիոնալները հայտնվում են դրսում:

Իսկ ովքե՞ր են եղել այն դատավորները, որոնք թեկնածությունը ներկայացրել էին սնանկության գործերով դատարանի դատավոր դառնալու համար, սակայն ԲԴԽ-ի կողմից բավարար ձայն չեն հավաքել եւ մնացել են ձեռնունայն: Մեզ հայտնի դարձավ, որ նրանցից են, օրինակ, դատավոր Կարինե Պետրոսյանը, Ալեքսեյ Սուքոյանը, Արմեն Դանիելյանը եւ այլք:

Ահա այս անձանց չընտրվելն էլ դատական համակարգում խիստ դժգոհության առիթ է դարձել, քանի որ կարծիքներ կան, որ նրանք պրոֆեսիոնալ մասնագետներ են, անգամ Արդարադատության ակադեմիայում սնանկության գործերով դասախոսություն են կարդում, սակայն, արի ու տես, ԲԴԽ-ն նրանց չի ընտրում նորաստեղծ դատարանի դատավոր, այլ նախապատվությունը տալիս է այլ անձանց:
Դատական համակարգում նաեւ խոսակցություններ կան, որ ընտրված թեկնածուներից շատերը ԲԴԽ-ի անդամներին իրենք են խնդրել աջակցել, որ նորաստեղծ դատարանի դատավոր դառնան, իսկ ովքեր չեն դիմել խնդրանքով, մնացել են կոտրած տաշտակի առաջ:

Դատավորը չընտրվելու մասին

«Ժողովուրդ» օրաթերթը դատավոր Կարինե Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինչու նա չկարողացավ ԲԴԽ-ի կողմից բավարար ձայն հավաքել, արդյոք նա խնդրանքով չէր դիմել, որ չընտրվեց:

-Տիկի՛ն Պետրոսյան, ինչո՞ւ չընտրվեցիք:

-Քանի որ այս պահին որոշակի գործողություններ են մշակվում, իմ կողմից ժամանակավրեպ եմ համարում հարցազրույց տալ:

-Ի՞նչ գործողություններ, կոնկրետ կասե՞ք:

-Մասնավորապես ես փաստաբան ունեմ, որը դիմելու է Բարձրագույն դատական խորհուրդ եւ ստանալու է այդ կապակցությամբ նրանց կողմից կայացված հնարավոր որոշումը, ես չգիտեմ այդ որոշումը կա, թե չկա, որից հետո կհասկանամ` այդ որոշումը պատճառաբանված է, թե ոչ, որքանով է իրատեսական դրա բողոքարկումը, որից հետո իմ քայլերը կհասկանամ:

-Այսինքն` փորձում եք պարզել, թե որքանով է գաղտնի քվեարկությունը արդար անցել:

-Միանշանակ իմ կողմից կատարվելու են որոշակի գործողություններ. այլ բան այս պահին չեմ կարող ասել:

-Ասում են` ովքեր խնդրել են, անցել են, միգուցե խնդրեիք` ընտրվեի՞ք:

-Ես որեւէ մեկին որեւէ հարցում չեմ խնդրվել, եւ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ իմ 16 տարիների աշխատանքը, որեւէ կարգապահական տույժի չենթարկվելը, իմ ունեցած հարգանքը արդեն խոսում են այդ մասին, ուստի որեւէ մեկին չեմ խնդրել:

Ո՞վ խնդրեց ԲԴԽ նախագահին

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին: Ի պատասխան մեր հարցման՝ ԲԴԽ մամուլի ծառայությունից հայտնեցին. «Իրականությանը բացարձակապես չի համապատասխանում այն տեղեկատվությունը, համաձայն որի` «գաղտնի քվեարկությամբ ընտրվել են այնպիսի թեկնածուներ, որոնք սնանկության գործերի հետ առհասարակ կապ չեն ունեցել»: Պատասխանին կից, նրանք ներկայացրել են բոլոր թեկնածուների ցանկը, որում նշված է, թե որ դատավորը քանի տարի է դատավոր աշխատել եւ քանի տարի է սնանկության գործեր քննել:

«Հավելենք, որ 22 թեկնածուներից 3-ը մինչ օգոստոսի 6-ը հետ են վերցրել իրենց դիմումները: Ուստի, սույն օրը անցկացված փակ-գաղտնի քվեարկությանը ներկայացված է եղել 19 թեկնածություն»,-պարզաբանեցին ԲԴԽ-ից: Ըստ նրանց` «Քվեարկությունից առաջ ուսումնասիրվել են դատական գործեր, դատական վիճակագրության տվյալներ, առանձին կազմակերպությունների կողմից ստացված փաստաթղթավորված տեղեկություններ, ինչպես նաեւ դատավոր-թեկնածուների կողմից ներկայացված, իրենց կարծիքով իրենց գործունեությունը լավագույնս բնութագրող սնանկության առնվազն 3 գործ, խնդիր է դրվել նոր ձեւավորվող դատարանում հնարավորինս նվազագույնի հասցնել նախկինում տեղ գտած արատավոր դրսեւորումներն ու կոռուպցիոն ռիսկերը, բոլոր թեկնածուների հետ կազմակերպվել է անկաշկանդ զրույց-քննարկում, ԲԴԽ հարցազրույցները, քննարկումները եւ վերլուծությունները իրականացվել են դատական իշխանության պաշտոնական կայքում ապրիլի 25-ին «ի գիտություն դատավորների եւ դատավորի թեկնածուների» հրապարակված «Դատավորներին եւ դատավորի թեկնածուների հավակնորդներին ներկայացվող պահանջների գնահատման չափորոշիչները» ուղեցույց-շրջաբերականի համապատասխան»:

«Խորհրդի անդամները քվեարկել են բացառապես իրենց համոզմունքներից ելնելով, իսկ որեւէ թեկնածու չի փորձել խնդրանքով դիմել անձամբ ԲԴԽ նախագահին, Խորհրդի անդամներին, քանի որ նրանք գուցե ի սկզբանե գիտեին, որ նման խնդրանքը ճիշտ հակառակ ազդեցությունը կունենար իրենց համար:

Այս դատարանը մեր երկրի համար բացառիկ կարեւոր դերակատարություն ունի: Դրա արդյունավետ գործունեությամբ է նաեւ մեծապես պայմանավորված ներկա ներդրումների պաշտպանությունը եւ ապագա ներդրումների հնարավոր հոսքը Հայաստան: Խնդիրն այնքան կարեւոր է, որ առավելագույնս է արվել՝ ձեւավորելու առողջ ու հանրային վստահություն վայելող դատարան:

Առանձին անհատների դժգոհությունները երեւույթի մասին իրենց սեփական ընկալումների արդյունք են եւ պայմանավորված չեն պետության առջեւ ծառացած խնդիրների լուծման հրամայականներով»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս