ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՅՑԸ ԱՄՆ. ՓՈԹՈՐԻԿ ՄԵԿ ԲԱԺԱԿ ՋՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս համացանցը փոթորկվեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի` ԱՄՆ կատարած այցելության վերաբերյալ բուռն քննարկումներով: Դրանք հանգեցին փոխադարձ վիրավորանքների` այդպես էլ բաց թողնելով այցի քաղաքական կողմը: Թեպետ որոշ փորձեր եղան խնդիրը քաղաքական հարթության մեջ դիտարկելու, սակայն դրանք մնացին քարոզչական պատվերի տրամաբանության շրջանակներում` առավել մեծ խաղի միտումներ դրսեւորելով:

Առաջին փոխվարչապետի այցն ԱՄՆ քաղաքականապես, թվում է, թույլ էր` հաշվի առնելով ԱՄՆ գործադիր եւ օրենսդիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ հանդիպումների բացակայությունը: Սակայն դիտավորությամբ մոռացության մատնվեց, որ Միրզոյանը ԱՄՆ-ում չէր գտնվում պաշտոնական կամ աշխատանքային այցով: Քննադատությունների տարափում, սակայն, սա մոռացվեց` շեշտելով, որ Միրզոյանը հանդիպել էր միայն դեմոկրատ կոնգրեսմենների հետ, որոնք էլ իրենց հերթին «թշնամի» են նախագահ Թրամփին: Սա ծիծաղելի փաստարկ էր, քանի որ պետության արտաքին շահերի սպասարկման ոլորտում ԱՄՆ-ում հանրապետական-դեմոկրատ բաժանում գոյություն չունի: Չի կարող պատահել, որ մեկ այլ պետության բարձրագույն ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ օրենսդիր ներկայացուցիչները ցույց տան նախագահի հետ ունեցած իրենց հակասությունները եւ դրանով պայմանավորեն հյուրերի հետ իրենց պաշտոնական խոսակցությունը: Հիշենք, օրինակ, որ մի շարք հանրապետականներ ժամանակին քվեարկում էին դեմոկրատ նախագահ Օբամայի` Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի օգտին, իսկ Իրաքի պատերազմի օրերին հանրապետական նախագահ Բուշի քաղաքականությունն էին պաշտպանում բազմաթիվ դեմոկրատներ, այդ թվում Հիլարի Քլինթոնը: Այնպես որ, արտաքին քաղաքականության գործնական դաշտում ԱՄՆ-ում հանրապետական-դեմոկրատ բաժանում չկա, եւ դա առավել եւս չի կարող անդրադառնալ Սպիտակ տանը կամ Կոնգրեսում հյուրընկալվող օտարերկյա պատվիրակությունների հետ հանդիպումների վրա:
Ա. Միրզոյանի հանդիպումը ԱՄՆ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ առիթ տվեց նաեւ հրապարակավ խայծ նետելու, թե իբր առաջին փոխվարչապետի այցը անհամարժեք էր իր պաշտոնեական կարգավիճակին: Նկատի էր առնվում այն հանգամանքը, որ Արարատ Միրզոյանը ՀՀ առաջին փոխվարչապետն է, այլ կերպ ասած` ՀՀ գործադիր իշխանության երկրորդ դեմքը, ուստի նա պետք է հանդիպեր ԱՄՆ գործադիր իշխանության երկրորդ դեմքին` ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին: Զարմանալի չէր լինի, եթե այսպիսի կարծիք արտահայտեր միջպետական հարաբերություններից անտեղյակ, ԱՄՆ-ի միջազգային դերակատարությանն անծանոթ քաղաքացին, ինչը, սակայն, անթույլատրելի է վերլուծաբանների կամ նույնիսկ ինքնահռչակ ամերիկագետների համար: Խնդիրն այն է, որ ԱՄՆ նախագահի կամ փոխնախագահի մակարդակով առանձին ընդունելություններ են կազմակերպվում խոշոր կամ ԱՄՆ առաջնահերթություններում գտնվող պետությունների ղեկավարների համար, իսկ մյուս երկրների ղեկավարների հետ քննարկումները գերազանցապես կազմակերպվում են պետքարտուղարի կամ նրա տեղակալների ու օգնականների մակարդակով: Օրինակ` Ուկրաինայի նախագահ Պեոտր Պորոշենկոն, երբ ամիսներ առաջ աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ, զուտ 20-րոպեանոց արարողակարգային հանդիպում ունեցավ նախագահ Թրամփի հետ, իսկ հիմնական բանակցությունները վարում էր փոխնախագահ Փենսի հետ: Վերոնշյալ տրամաբանությամբ Պորոշենկոյին պարզապես նվաստացրել են ԱՄՆ-ում` ստիպելով հիմնական հարցերը քննարկել փոխնախագահի հետ: Ավելին` ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրությունից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց ունեցավ ոչ թե նախագահի, այլ փոխնախագահ ընտրված Փենսի հետ, մինչդեռ Իլհամ Ալիեւը զրուցել էր անձամբ Թրամփի հետ: Կարծեք թե այն ժամանակ ուղղորդված մամուլն ու վերլուծաբանները առավել կարեւորեցին Սարգսյանի` Փենսի հետ ունեցած զրույցը` մոռանալով, որ նախագահի կարգավիճակը նրան չպետք է թույլ տար հարցեր քննարկել փոխնախագահի հետ: Բայց անգամ Սարգսյանի պարագայում սա անհեթեթություն է դիտվում, որովհետեւ ԱՄՆ գործադիր իշխանության ներսում գրեթե միշտ էլ աշխատանքի բաժանում է տեղի ունենում, եւ այս անգամ թերեւս փոխնախագահի լիազորությունների շրջանակներում է հետխորհրդային տարածաշրջանի եւ Մերձավոր Արեւելքի փոքր պետությունների հետ քաղաքականության համակարգումն ու մշակումը:
Երրորդ «փաստարկն» էլ վերաբերում էր ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների մակարդակի իջեցմանը: Նկատի առնելով, որ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ-ն արտաքին հարաբերություններում ներկայացնելու մանդատ չունենալով հանդերձ մոտ մեկ ամիս առաջ հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին` ապա Միրզոյանը, որպես գործադիրի 2-րդ դեմք, չպետք է հանդիպեր Փոմփեոյից ցածր պաշտոնեական կարգավիճակ ունեցող անձանց հետ: Նախ այդ տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում աշխարհում նախագահների ու արտգործնախարարների հանդիպումներ չպետք է տեղի ունենան այն պահից ի վեր, երբ այդ երկրների նախագահները որեւէ տեղ զրույց են ունենում միմյանց հետ: Իսկ ինչ վերաբերում է Սարգսյան-Փոմփեո հանդիպմանը, ապա այն հաստատապես չի կայացել առաջինի` ՀՀ նախագահ լինելու հանգամանքով պայմանավորված: Նախ, հանդիպումը եղել է քաղաքավարական բնույթի, որտեղ չէր կարող ռեալ քաղաքականություն քննարկվել, ապա Արմեն Սարգսյանը միջազգային հրաշալի կապեր ունի, որոնց անխուսափելի գործադրմամբ է համաշխարհային այս խառնաշփոթի պայմաններում հաջողեցրել հանդիպել Փոմփեոյին: Սարգսյանը, ի դեպ, հազիվ թե ԱՄՆ պետքարտուղարին հանդիպելու մեծ ջանքեր գործադրեր առանց Հայաստանում համապատասխան քարոզչական ֆոն ապահովելու մտադրության: Վերջինն էլ նախերգանքն է քաղաքական հավակնություններով հանդես գալու եւ հեղափոխական կառավարությանն այլընտրանք դառնալու մի մեծ խաղի, որը պոտենցիալ ունի ծավալվելու Հայաստանում: Եվ ահա հարվածելով Նիկոլ Փաշինյանի ամենամոտ անձին ու նրան բացասական լույսի ներքո հակադրելով Արմեն Սարգսյանի հետ` վերջինիս քաղաքականապես գործոն դարձնելու հստակ միտումներ են նկատվում: Այնպես որ, խնդիրը ոչ թե Արարատ Միրզոյանի այցը սեւացնելն էր, այլ այն Արմեն Սարգսյանի այցին հակադրելը վերջինիս քաղաքականապես ավելի «հասուն» գործիչ ներկայացնելու հստակ նպատակով:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԽՆԴԻՐ
Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 72-ամյա բնակիչ, 50 տարվա գյուղատնտես Արմո Գաբրիելյանը բարձրացնում է ոռոգման ջրի սուր խնդիրը: Նա հայտնեց, որ Ձեյթունի թիվ 1 մայր առվում ոռոգման ջրի կորուստները կազմում են 70 տոկոս, մինչդեռ «Տավուշ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Յուրա Որսկանյանը նշում է ջրի 50 տոկոս կորուստի մասին: Ա. Գաբրիելյանը հայտնեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո երբեք այդ ջրատարի պատերի կեսից ջրի մակարդակը չի բարձրացել:
Ներկայումս ոռոգման 2 պոմպը գործարկելու դեպքում ջրի մակարդակը ջրատարի կեսից չի բարձրանում: 2016թ. ԻՖԱԴ կազմակերպության կողմից այդ ջրատարը նորոգվել է, սակայն չեն նորոգվել ջրատարի հատակը կամ պատերը, որտեղից տեղի է ունենում ջրի հիմնական կորուստը: Ա. Գաբրիելյանն ասաց, որ, չգիտես ինչու, վերանորոգման ընթացքում բարձրացվել են բետոնե ջրատարի պատերը, երբ դրա կարիքը չկար, ջրի մակարդակը ցած է: Բագրատաշենցի գյուղատնտեսի վկայությամբ`ոռոգման ոչ մի պոմպ իր նախագծային հզորության չափով չի գործում, այդ պատճառով մատակարարված ջրի քանակը քիչ է: Ոռոգման պոմպերը գարնան նախապատրաստական աշխատանքների ժամանակ չեն նորոգվում, դրանք օրերով շարքից դուրս են գալիս, նորոգման են ենթարկվում ամռան տապին, ոռոգման սեզոնի ընթացքում: Վերջերս ոռոգման պոմպը օրերով շարքից դուրս էր եկել, այն նորոգումից բերվել է հուլիսի 21-ին:
Ա. Գաբրիելյանի խոսքերով` ինքը արքայանարնջնի (կորոլյոկ), խուրմայի այգի ունի, ամառվա տապին պարբերաբար չոռոգվելու պատճառով միրգը հյութալի չի ստացվում, այն շուկայական տեսք չի ունենում: Գաբրիելյանը տարակուսում է` ինչու են ասում, որ Այրում ՀԷԿ-ի գործելու պատճառով ոռոգման ջրատարում ջուրը չի հերիքում, 2017թ. ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսական միջոցներով այդ ՀԷԿ-ը սնուցող ջրատար առուն նորոգվել է: Ա. Գաբրիելյանի վկայությամբ` նախկինում «Տավուշ» ՋՕԸ-ի ջրբաշխները բարեխիղճ աշխատում էին, այգիներին ոռոգման ջուր մատակարարում, սակայն Յուրա Որսկանյանի գործադիր տնօրեն նշանակվելուց հետո աշխատողների հանդեպ նրա բյուրոկրատական վերաբերմունքի պատճառով որոշ ջրբաշխներ բարեխղճորեն չեն գործում, նրանցից ոմանք աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում են ներկայացրել: Հավելեմ, որ Յուրա Որսկանյանը ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Միքայել Մակինյանի հարազատ քեռին է, Որսկանյանի դեմ բողոքները համապատասխան քննության չեն ենթարկվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԳՅՈՒՂԵՐԻ ԹԵՔ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐԸ՝ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԵՃԻ ՊԱՏՃԱՌ

Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն առաջիկայում կառավարությանը կներկայացնի մարզերի վարչական սահմանների նկարագրերի ամրագրման վերաբերյալ օրենքի նախագիծ: Ասել է թե՝ կճշգրտվի մի քանի համայնքների սահմանագծերը:

Բանն այն է, որ մարզերի վարչական սահմանների նկարագրերը ամրագրված չեն օրենքով, ինչը որոշ դեպքերում հարեւան մարզերի միջեւ տարաձայնությունների եւ վեճերի պատճառ է հանդիսանում: Օրինակ՝ ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ եւ Գետարգել գյուղական համայնքների վարչական սահմանների անճշտության հետեւանքով Բալահովիտ համայնքի հողերից 1.5398 հա անցել է Գետարգելին, իսկ Գետարգելից 0.8691 հա անցել է Բալահովիտին: Այս պատճառով, ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, խնդիրներ են առաջանում իրավունքների պետական գրանցման աշխատանքներում եւ ավելորդ լարվածություն է ստեղծվում երկու գյուղերի բնակիչների միջեւ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս խնդիրը ոչ միայն առկա է Կոտայքի, այլեւ Գեղարքունիքի մարզում: Օրինակ, Մարտունու նախկին երկրորդ հատվածի հողերը, որոնք սեփականաշնորհվել են նույն համայնքի բնակիչների կողմից, ընդգրկվել է այդ հողերին սահմանակից Վաղաշենի վարչական սահմաններում, ինչը Մարտունու եւ հողի սեփականատերերի մոտ դժգոհություն է առաջացնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ. որ այս նախագծի մշակման աշխատանքներին մասնակցել են նաեւ Կոտայքի, Գեղարքունիքի մարզպետները, Բալահովիտի, Գետարգելի, Մարտունու, Վաղաշենի համայնքապետերը:
Գետարգելի գյուղապետ Արսեն Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այս խնդրի շուրջ իրենց գյուղի եւ Բալահովիտի բնակիչների միջեւ լուրջ վիճաբանություն տեղի չի ունեցել: «Ճիշտ է թեժ վիճաբանություններ չկան, բայց մարդիկ մտահոգված են: Մեր գյուղերի սահմանագծերը տարիներ առաջ թեք են գծել, ինչի արդյունքում ինչ-որ ֆիզիկական անձանց հողակտորներ կիսվել են. կեսը Բալահովիտում է մնացել, կեսն էլ՝ Գետարգելում: Դրա համար էլ մենք երկու գյուղապետերով դիմեցինք կառավարություն, որտեղ քննարկեցին մեր առաջարկները, հատակագծերը: Այդ աշխատանքներին մասնակցել եմ, լուրջ վիճաբանություններ կային, բայց ոչ մեր երկու համայնքների միջեւ, այլ մյուսների (խոսքը Մարտունու եւ Վաղաշենի մասին է): Մենք մեր հարցերը պարկեշտ լուծում ենք»,- բացատրեց Գետարգելի գյուղապետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս