Հարյուր օր անց` արածների ու չարածների մասին. Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամփոփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կամփոփի վարչապետության 100 օրը: Մինչ այդ նա երեկ կառավարության նիստում ասել է, թե «Մեր կառավարության գործունեության 100 օրվա ժամանակաշրջանից հետո մենք թեւակոխում ենք մի նոր փուլ, եւ այդ փուլի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է»։ «Ժողովուրդ» օրաթերթը կփորձի առանձնացնել այս երեք ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ այն ներկայացնելով երեք ուղղություններով՝ միջազգային, իրավական, տնտեսական:

Արտաքին քաղաքականություն

Վարչապետ ընտրվելու հենց հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանը մեկնեց Արցախ, ապա մայիսի 13-14-ին աշխատանքային այցով Սոչիում էր, որտեղ մասնակցեց ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին եւ հանդիպումններ ունեցավ այդ կառույցի անդամ երկրների ղեկավարների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Առհասարակ արտաքին քաղաքականության առումով էական տեղաշարժեր չեն եղել: Այդ մասին ասել էր նաեւ հենց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ նպատակ չունի խաթարել առկա գործընթացները: Առհասարակ այս 100 օրերի ընթացքում թե՛ կառավարության անդամները, թե՛ հենց վարչապետը բազմաթիվ միջազգային այցեր եւ հանդիպումեր են ունեցել:


Արդեն մայիսի 30-ին տեղի ունեցավ վարչապետի այցը Վրաստան: Սա նրա թվով երրորդ այցելությունն էր արտերկիր: Նրա հաջորդ այցը տեղի ունեցավ հունիսի 13-ին կրկին Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հանդիպում ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ, մասնակցեց ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Հունիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ Արցախ այցելեց: Նրա առաջին այցն արդեն Եվրոպա կայացավ հուլիսի 11-ին, երբ նա մեկնեց Բելգիա: Այս այցն ամենասպասվածներից մեկն էր, եւ պետք էր պարզել Եվրոպայի տրամադրությունները:

Եվ արդեն հուլիսի 26-ից 27-ն էլ վարչապետը կրկին մեկնեց ՌԴ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Բացի այս այցերից վարչապետը բազմաթիվ միջազգային պատվիրակությունների, դեսպանների ընդունել է արդեն իր նստավայրում: Ընդհանուր առմամբ, միջազգային ասպարեզում Նիկոլ Փաշինյանը շարունակում է նախկին ուղղությունը՝ իհարկե ժամանակ առ ժամանակ հետաքրքիր ազդակներ ստանալով միջազգային հանրությունից:
Եւ վերջապես, նկատենք` Փաշինյանը սկսել է փոփոխություններ իրականացնել դիվանագիտական կորպուսում. նախօրեին նրա առաջին քայլն էր, երբ պաշտոնանկ արեց Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանին:

Տնտեսական քաղաքականություն

Վարչապետ դառնալու հենց առաջին օրվանից Նիկոլ Փաշինյանը խոսեց հավասարության սկզբունքի մասին՝ ընդգծելով, թե պետք է ստվերը կրճատվի, եւ բոլորը պարտավոր են բարեխիղճ կատարել հարկային պարտականությունները: Նա ի սկզբանե որդեգրեց կոռուպցիայի, չարաշահումների ու ստվերային տնտեսության դեմ պայքարը: Կառավարության հուլիսի 10-ի նիստում նա ամփոփել էր արդյունքները. «Մենք ամփոփել ենք մի տվյալ եւ արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանում միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի մեկի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը պետք է վճարվի: Խոսքը 42 մլն դոլարի մասին է, սա շատ կարեւոր ցուցանիշ է, եւ, կարծում եմ, որ մենք այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակենք: Սա իրականում մեկուկես ամսվա ցուցանիշ է: Այս թիվը չի վերաբերում ապօրինի հարստացման գործերին, յուրացումներին եւ այլ կոռուպցիոն երեւույթների հետ կապված գործերին, որոնք նույնպես իրենց ծավալներով չափազանց մեծ են: Իհարկե, այս պրոցեսը շարունակվելու է, եւ մենք լրջագույն գումարներ վերականգնելու ենք, պետությանը հասցված վնասները վերականգնելու ենք եւ ինչպես ասել եմ, մինչեւ վերջ ենք վերականգնելու, աննահանջ ենք վերականգնելու»,- ասել էր նա:

Ձերբակալություններ, կալանավորումներ

Իհարկե Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքի առյուծի բաժինը հասնում է իրավական ոլորտում բացահայտումներին: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ նրա իշխանությունը գերազանցապես կենտրոնացել է հենց այս ոլորտի վրա: Այս 100 օրվա ընթացքում այնպիսի մարդիկ բերման ենթարկվեցին, ձերբակալվեցին եւ կալանավորվեցին, որ նախկինում սպասել անգամ չէր կարելի: Առաջին բացահայտումներից մեկը, որը կարելի է ասել ցնցեց հասարակությանը, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցածն է: Նա կալանավորվել է բանակի համար նախատեսված միջոցները յուրացնելու համար: Եվ թվում էր, թե սա բացահայտումների պիկը պետք է լինի, սակայն դրանից բացի այլ բացահայտումներ եւս եղան:


Օրինակ, ապօրինի հարստացման համար մեղադրանք է առաջադրված Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանին եւ նրա տիկնոջը, նման մեղադրանք առաջադրվել է նաեւ Սերժ Սարգսյանի եղբորը՝ դեսպան Լեւոն Սարգսյանին, նույնիսկ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ապօրինի հարստացման համար մեղադրանք առաջադրվել է Լ. Սարգսյանի դստերն ու որդուն: Ոստիկանություն, հետո ԱԱԾ բերման ենթարկվեց Ս.Սարգսյանի մյուս եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը: Տարբեր բնույթի մեղադրանքներ են առաջադրված նրա որդիներին՝ Հայկին եւ Նարեկին: Հիշում եք՝ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները խուզարկություն իրականացրին Երեւանի քաղաքապետարանում՝ «Երեւան» հիմնադրամում, այստեղ չարաշահումների հետ կապված քրեական գործեր են հարուցվել: Բացի այդ, չարաշահումների եւ յուրացումների համար քրեական գործեր են հարուցվել նաեւ Երեւանի նախկին քաղաքապետարանի հետ կապված, թեեւ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռ չի հարցաքննվել:


Վերջերս բացահայտում եղավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգանավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ չարաշահումների մասին, ով Գյումրու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորն էր: Էլ չենք ասում մի շարք համայնքապետարաններում ու պետական այլ կառույցներում հայտնաբերված չարաշահումների մասին:Սակայն վստահաբար այս բոլոր բացահայտումների մեջ իր ուրույն տեղն ունի 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտումը, որի շրջանակներում արդեն չորս անձի մեղադրանք է առաջդրված, եւ բոլորն էլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, որին կալանավորեցին, երկու շաբաթ անց ազատ արձակեցին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրով, այդ դեպքերի ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյան եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյան: Երեկ էլ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշեց, թե այս գործով հարցաքննվելու է նաեւ Սերժ Սարգսյանը, այսինքն՝ կծիկը գնալով ընդլայնվելու է:

100 օր անց

Այս երեք ամիսները փորձաշրջան էին Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի համար, եւ շատ հաճախ լրատվամիջոցներն ու քաղաքացիներն աչք էին փակում թերությունների վրա՝ ժամանակ եւ հնարավորություն տալով: Սակայն այսօրվանից պետք է ավելի լրջորեն մոտենալ իրավիճակին, եւ այդ առումով առավել ուշադիր ենք լինելու նաեւ մենք: Այսօրվանից մենք խոշորացույցի տակ ենք առնելու Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամներին եւ եթե նախկինում եղել են թերություններ, որոնց վրա աչք ենք փակել, արդեն բարձրաձայնելու ենք: Ընդ որում` խոսքը Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամների, այլ ոչ թե հենց վարչապետի մասին է: Վերջինիս թիմի անդամներից շատերը դեռեւս չեն գիտակցում իրենց պաշտոնից բխող պարտականությունները` դրանով վնասելով վարչապետին, իշխանությանն ու պետությանը: Այնպես որ, այսքանից հետո՝ ի գործ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս