Մարտի 1-ի լուսաբացի իրադարձությունների առանցքային դրվագները. ինչու նախկին իշխանություններն արձանագրելով` չէին բացահայտում այս ամենը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի քրեական գործը գնալով ամբողջանում է: Երեկ ՀՔԾ-ն տեղեկացրել է, որ քրեական գործ է հարուցվել 2008թ. մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակի նստացույցը բռնությամբ ցրելու դրվագով: Այն միացվել է մարտի 1-ի մայր գործին: Ըստ ՀՔԾ-ի` «2008 թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների առնվազն 1300 ծառայողներ Երեւան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում…»:

ՀՔԾ-ն հիշեցրել է, որ այս դրվագով ուսումնասիրություններ են արել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, նախկին նախագահի հրամանագրով ստեղծված փաստահավաք խումբը, որոնց ոստիկանության ղեկավարությունը կեղծ փաստաթղթեր է պատրաստել ու ներկայացրել իրենց հակաօրինական գործողությունները քողարկելու եւ պատասխանատվությունից ազատվելու նպատակով: Ըստ ՀՔԾ-ի` «Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել եւ շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ. փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ «Ազատության» հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին»: ՀՔԾ-ն նախկին բարձրաստիճան ոստիկաններից որեւէ մեկին, այդ թվում՝ այդ օրերին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին դեռ մեղադրանք չի առաջադրել: Բայց իրադարձությունների ընթացքը հուշում է, որ շուտով այս գործով նոր մեղադրյալների անուններ ենք լսելու:

Իսկ մինչ այդ արձանագրենք մեկ կարեւոր իրողություն. այս տասը տարիների ընթացքում շատ է խոսվել մարտի 1-ի լուսադեմին կատարված գործողությունների մասին: Անգամ ՀՀԿ իշխանության օրոք ԱԺ-ում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում էր ամրագրված, որ ոստիկանների գործողությունները եղել են իրավիճակին անհամաչափ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի խախտմամբ: Բայց չնայած այս ամենին` նախկին իշխանությունները հմտորեն շրջանցել են այդ թեման` չփորձելով այդ ամենին իրավական գնահատական տալ: Մինչդեռ, նկատենք, մարտի 1-ի դեպքերի լիարժեք բացահայտման համար սա առանցքային դրվագներից մեկն է, եւ սրան ավելի վաղ պետք էր անդրադարձ կատարել:




Լրահոս