«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի Ջուսը: Նա մաքսիմալ անկեղծ է գտնվել, խոսել է այն մասին, թե երբ են ծնվում լավագույն երգերը, ինչը կցանկանար իր բնավորության մեջ փոխել, որն է իր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը եւ այլն: Ջուսը խոստովանել է, որ սիրում է մենակություն, բայց չի հրաժարվում նաեւ ընկերների հետ սրճելուց:
-Ջուս, կյանքը սիրելու համար անհրաժեշտ է միայն…
-Ունենալ դրական լիցքեր եւ հավատ, որ ամեն բան լավ է լինելու:
-Ո՞ւմ հետ եք նախընտրում խմել մեկ գավաթ սուրճը:
-Ընկերներիս հետ: Առհասարակ, թեյի սիրահար եմ, բայց եթե ընկերներիս հետ եմ, նախընտրում եմ սուրճը:
-Հոգնածությունը թոթափելու համար ի՞նչ եք անում:
-Սարսափ կամ ֆանտաստիկ ֆիլմեր եմ դիտում, դրանք ինձ իսկապես հանգստացնում են:
-Առաջարկ, որը վախեցրել է Ձեզ:
-Օդապարիկով թռչելը, իսկապես, շատ եմ վախենում: Չեմ թռել, չեմ էլ թռչի: Նույնիսկ էկրանին նման տեսարաններ չեմ սիրում դիտել, ֆոբիա ունեմ բարձրությունից: Առհասարակ, շատ ֆոբիաներ ունեմ:
-Երբ զայրանում եք, դառնում եք…
-Ատոմային ռումբ:
-Կոմֆորմի՞ստ եք, թե՞ ոչ այնքան:
-Շատ: Օրինակ՝ վրանում մի օր էլ չեմ ապրի. առանց իմ շամպունի ու գելի կարող եմ խելագարվել:
-Ո՞վ կարող է դարձնել Ձեզ անկառավարելի:
-Ես ինքս:
-Երբեւէ զգացե՞լ եք, որ Դուք տվյալ մարդուն ավելի շատ եք պետք, քան ինքը Ձեզ:
-Շատ: Տղամարդ երկրպագուներիս ութսուն տոկոսի դեպքում այդ իրավիճակն է:
-Դուք չունեք թշնամի՞, մրցակի՞ց, թե՞ հակառակորդ:
-Ոչ ոք չգիտի՝ ինքը թշնամի ունի, թե ոչ, քանի որ թշնամիները թաքնվում են եւ հարվածում են մեջքից: Մրցակից չեմ կարծում, որ ունեմ, որովհետեւ այն ժանրը, որ ներկայացնում եմ, տարբերվում է Հայաստանում տարածում ունեցող ժանրերից: Թեպետ ասեմ, որ ուրախ կլինեի, եթե առողջ մրցակցության մեջ լինեի: Բայց, եթե, օրինակ, ինձ նմանակեն, դա հաստատ դուրս չի գա:
-Ձեզ միշտ հալածել են…
-Ոչ ոք ինձ չի հալածում՝ բացի ինձնից: Իհարկե, քննադատությունները շատ են, բայց ես կրիտիկա լսել չեմ սիրում: Ինքս գիտեմ՝ ինձ ինչ է պետք, ինչ ոչ, եւ հենց ես էլ կարող եմ դաժան քննադատության ենթարկել ինձ: Իսկ կողքիններին սովորաբար փորձում եմ ապացուցել, որ իրենք սխալվում են:
-Ձեր բնավորության ո՞ր գիծը կցանկանայիք փոխել:
-Կուզենայի մի քիչ անտարբեր լինել, ամեն ինչը սրտիս մոտ չընդունել:
-Ե՞րբ եք Ձեզ գեղեցիկ զգում:
-Աշխատում եմ միշտ ինձ գեղեցիկ զգալ, որովհետեւ երբ այդ հոգեվիճակում եմ լինում, բոլորն են ինձ գեղեցիկ համարում: Երբ զարթնում եմ ու հավատում եմ, որ գեղեցիկ եմ, օրս հաջող է ընթանում:
-Շարունակե՛ք միտքը. «Երջանկությունը գնում է նրա մոտ, ով…»
-Նորից ու նորից հավատում է դրան, ով լի է դրական էմոցիաներով:
-Ձեր մասին լսած ամենահիմար բամբասանքը, որի վրա երկար ծիծաղել եք:
-Ասում են, թե իբր լեսբուհի եմ, բայց համ էլ երկու որդի ունեմ (ծիծաղում է): Բացի այդ՝ շատ մարդիկ կարծում են, թե ես Միացյալ Նահանգներում եմ ապրում, չգիտեմ՝ ինչու:
-Ձեր արտաքինի վրա ամենաշատը ի՞նչն է Ձեզ դուր գալիս:
-Իմ նոր քիթը՝ պլաստիկ վիրահատությունից հետո, նաեւ շրթունքներս, որոնք բնական են:
-Երբ հիասթափվում եք ամենամտերիմ մարդուց…
-Դա ահավոր է: Այլեւս երբեք չեմ կարողանում նրա հետ նախկին հարաբերությունները պահել:
-Ամենալավ երգերը ծնվում են այն ժամանակ, երբ…
-Իրենց ընդհանրապես չես սպասում: Սիրահարվելու նման բան է, երբեք չես կարող պլանավորել:
-Կա՞ մի մարդ, որին նեղացրել եք եւ կուզեք հիմա ներողություն խնդրել:
-Ոչ, սովորաբար ես չեմ նեղացնում: Եթե ինչ-որ բան ասում եմ, տեղին եմ ասում: Իսկ, առհասարակ, հարձակվող տեսակ չեմ: Բայց եթե ստիպում են, որ կռիվ անես, այլ ելք չի լինում:
-Ամենաշատը վախենում եք…
-Միջատներից, բարձրությունից, վերելակից, քարանձավներից, բայց ոչ մենակությունից. Այն անգամ դուր է գալիս ինձ:
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Բոլորը:
Անի Անտոնյան