ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օսիպյանը պետք է ներողություն խնդրի. Գարեգին Չուքասզյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս «Գելլափ» վերլուծական ընկերությունը հարցումներ էր իրականացրել՝ համաձայն որի` ՀՀ-ում ամենաբարձր հեղինակություն ունեցող չինովնիկը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է: Բարձր էր նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հեղինակությունը: Ու այս համատեքստում հետաքրքիր է, թե ինչ հիմքով է նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարում, թե Վալերի Օսիպյանն ու Հունան Պողոսյանը պետք է անցնեն քավարանով, քանի որ հասարակությունը իրենց չի ընդունում:
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր անդամ Գարեգին Չուքասզյանի հետ:

-Պարո՛ն Չուքազսյան, «Սասնա ծռեր»-ն իր հայտարարության մեջ խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սխալ կադրային քաղաքականության մասին եւ նշել երկու անուններ` Վալերիյ Օսիպյան եւ Հունան Պողոսյան: Ինչո՞ւ հենց նրանք:

-Խոսքը ոչ միայն անունների մասին է, այլ նաեւ կադրային քաղաքականության սկզբունքները ճշտելու մասին է: Այսինքն` եթե մենք ճշտում ենք` «Նոր Հայաստան» ասելով ինչ ենք հասկանում, դրանից պետք է բխի նաեւ նոր կադրային քաղաքականությունը, որը պետք է ծառայի «Նոր Հայաստանի» ստեղծմանը: Էստեղ չափանիշների մասին է քննարկումը, քան անձերի: Իհարկե անձերն էլ են կարեւոր, բայց անձերը որոշվում են ըստ որոշակի չափանիշների: Ըստ մեզ` որոշիչ հանգամանք պետք է լինի նախ եւ առաջ հստակեցումը, թե այս կամ այն անձը հին ռեժիմում ինչ դեր է կատարել, ինչպես է ծառայել հին ռեժիմին, եւ ըստ դրա` արդեն այդ իրավաքաղաքական գնահատականից հետո կարելի է որոշել` այս կամ այն անձը կարող է զբաղեցնել բարձր պաշտոն նոր համակարգում, թե ոչ: Իսկ ինչ վերաբերում է ուժային կառույցներին, հատկապես ոստիկանությանը, բնականաբար դա այն հաստատությունն էր ռեժիմի օրոք, որը հլու կամակատարն էր հանցավոր գործողությունների կատարման: Դրա համար էստեղ էլ ավելի հստակ պետք է լինի ընտրված մարդկանց նշանակումը: Բոլորս էլ գիտենք` երկու անձերը, որոնք նշանակվել են բարձր պաշտոններում, ես նկատի ունեմ թե՛ Օսիպյանը, թե՛ Պողոսյանը, իրենց անցյալն այնքան ակնհայտ է եղել, հանցագործ համակարգին իրենց ծառայելն այնքան ակնհայտ է եղել, որ այստեղ նոր բան ասելու կարիք չկա:

-Բայց ոստիկանապետ ընտրվելու համար ինչ-որ չափանիշնե՞ր են պահանջվում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` ամենամաքուր, այսինքն` կլանից հեռու մարդը հենց Վալերիյ Օսիպյան է: Դուք հիմա ոստիկանությունում տեսնո՞ւմ եք այդպիսի կադրը, որը կարող է զբաղեցնել ոստիկանապետի պաշտոնը:

-Հայաստանը ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին երկիրն է, որը հեղափոխական ճանապարհով է գնացել: Մենք տեսել ենք, թե մոտակա երկրներում ինչպես է դա արվում: Թեկուզ նույն Վրաստանում առաջին մաքրման ենթակա համակարգը դա ոստիկանությունն էր, եւ մարդիկ հասկանում էին, որ ամենակոռումպացված համակարգերից մեկն էր: Էնպես որ, էստեղ նույպես պետք է հասկանալ, որ հայ ժողովրդի արգանդը չի չորացել, եւ շատ ուրիշ մարդիկ կան, որոնք կարող են այդ դերը կատարել: Էնպես որ, ես այստեղ անուններ չեմ ուզում տալ: Մենք խոսում ենք երեւույթի մասին, այլ ոչ թե անունների:

-Բայց եթե այդպիսի առաջարկ եք անում, ապա նաեւ պետք է կադրերի առաջարկ ներկայացնեք, թե որ կադրին ներկայանցի վարչապետը:

-Մենք առայժմ կառավարությունում կամ խորհրդարանում չենք: Մենք վստահում ենք վարչապետին, որ ինքը կկարողանա էդ նշանակումները ճշտել ու կատարել: Այդպիսի անուններ մենք իրեն չենք առաջարկում:

-Իսկ եթե հայտնվեք խորհրդարանում, ապա…:

-Խորհրդարանում հայտնվելուց հետո մենք պետք է շատ ավելի ուշադիր լինենք, որովհետեւ բոլոր էն թեկնածությունները, որոնք քննարկվելու են, հատկապես կառավարության կազմը, բնականաբար, խորհրդարանում անցնելուց մենք շատ ավելի ուշադիր պետք է լինենք եւ մեր խոսքը ասենք:

-«Սասնա ծռեր»-ի խոսնակ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Հունան Պողոսյանը, Վալերիյ Օսիպյանը եւ շատ այլ կադրեր պետք է անցնեն ժողովրդի քավարանով: Ի՞նչ պետք է անեն, ներողություն խնդրե՞ն: Ինչպե՞ս եք դուք պատկերացնում քավարան ասվածը:

-Առհասարակ ներողամտությունը քրիստոնեական երեւույթ է, բայց որպեսզի ինչ-որ մեկին ներես, նախ եւ առաջ ինքը պետք է մեղա գա իր մեղքերի մեջ, որպեսզի դու իրեն ներես: Եթե մարդիկ չեն էլ զգում, որ իրենք մեղավոր են եղել նախորդ համակարգում եւ ավելին` շարունակում են իրենց նոր ելույթներում խոսել այն մասին, որ իրենք չէին ուզենա, որ իրենց հին մասնագիտությունը ստիպված լինեն օգտագործել կամ հիշել, դա նշանակում է, որ մարդիկ այդ մասնագիտությունը չէին դիտում որպես ժողովրդին ծառայող մասնագիտություն, այլ որպես ճնշող մասնագիտություն: Եթե մարդն անգամ այդ տարրական գիտակցությունը չունի, ինչպես նա կարող է բարձր պաշտոն զբաղեցնել նոր Հայասանում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս