Հայաստանի հաշվեքննիչ պալատը Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում լայնածավալ արտահերթ ստուգումներ է իրականացրել: Նորակերտի գյուղապետարանում ստուգումներ իրականացնելու առիթ հանդիսացել է մայիսի 29-ին Արմավիրի մարզի դատախազությունում պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրգործը` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշենք, որ թավշյա հեղափոխությունից հետո Նորակերտի մի շարք բնակիչներ բողոքի ակցիա էին անցկացրել` պահանջելով 16 տարվա գյուղապետ Շահեն Կարապետյանի հրաժարականը, ինչից հետո ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը ուսումնասիրություն անցկացրեց գյուղապետարանում: Դրա արդյունքների հիման վրա նախարար Սուրեն Պապիկյանը դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Նախարարը հայտնել էր, որ Նորակերտի գյուղապետի եւ ավագանու իրականացրած գործողություններում առկա են քրեական օրենսդրությամբ սահմանված հանցակազմի առերեւույթ տարրեր, եւ խնդրել էր քրեական գործ հարուցել։ Բայց սա դեռ ամենը չէ: Բացի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից Նորակերտի գյուղապետարանում ստուգումներ իրականացրել է նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանք սկսվել են այս տարվա հուլիսի 2-ից մինչեւ օգոստոսի 3-ը ներառյալ: Այսպես, ըստ հաշվեքննիչ պալատի` գյուղի մանկապարտեզի տնօրենին եւ հաշվապահին հաշվարկվել եւ վճարվել է ընդհանուր 1 մլն 389 հազար դրամ աշխատավարձ: Միայն մանկապարտեզի տնօրենին ավել վճարվել է 785 հազար 800 դրամ, իսկ հաշվապահին` 604 հազար դրամ: Սա այն դեպքում, երբ մանկապարտեզը փաստացի չի գործել, իսկ աշխատողները գտնվել են հարկադիր պարապուրդում:
Բացի այս, ընթացիկ տարվա կենցաղային աղբի տեղափոխման պայմանագրային գումարը անցած տարվա համեմատ ավելացել է, բայց երթերի քանակը եւ տեղափոխվող աղբի հեռավորությունը պակասել են: Օրինակ` հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության ընթացքում գյուղապետարանում եղել է աղբակույտի բարձման եւ տեղափոխման աշխատանքների համար վճարման հանձնարարագիր, բայց փաստաթղթում նշված չէ տեխնիկական միջոցը, որով տեղափոխվել է աղբը, չի նշվել աղբավայրը, որտեղ տեղափոխվել է այն, ինչպես նաեւ չի նշվել բանվորական ուժը: Մեկ այլ դեպքում Նորակերտի գյուղապետարանի եւ համայնքի բնակչի միջեւ կնքվել է վճարովի ծառայությունների մատուցման համար 337 հազար դրամի պայմանագիր աղբակույտի բարձման, տեղափոխման եւ հարթեցման աշխատանքների համար: Բայց հաշվեքննիչ պալատը գյուղապետարանի հաշվապահական փաստաթղթերից բացահայտել է, որ վճարվել է 537 հազար դրամ: Ընդ որում` պայմանագրով նշված գումարից 200 հազար դրամով ավելի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ գյուղապետարանի աշխատողների անձնական հեռախոսահամարների գծով վճարումները կատարվել են համայնքային միջոցների հաշվին, մինչդեռ նրանց բջջային հեռախոսահամարները հաշվառված չեն համայնքի հաշվեկշռում: Պարզվում է, որ 2016 թվականին աշխատողների բջջային հեռախոսահամարների ծախսերի համար վճարվել է 238 հազար դրամ, 2017-ին` 184 հազար 500, իսկ ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի համար` 84 հազար 500 դրամ:
Ըստ հաշվեքննիչ պալատի` անցած տարվա ընթացքում Նորակերտի գյուղապետարանը «Արցախ-Հայ» մամուլի ակումբին փոխանցել է 40 հազար դրամ տեղեկատվական ծառայություն մատուցելու նպատակով: Սակայն ըստ հաշվեքննիչ պալատի` բացակայել են հիմնավորող փաստաթղթերը, համայնքին վերաբերող նյութը: Բացի այս, դարձյալ նույն ծառայությունը ձեռք բերելու նպատակով գյուղապետարանը «Ինֆորմացիոն կենտրոն» ընկերության հետ կնքել է 40 հազար դրամի պայմանագիր: Սակայն այս դեպքում եւս բացակայել են հոդվածի հրապարակման վերաբերյալ տվյալները, ինչպես նաեւ հաշիվ-ապրանքագրերը: Ընթացիկ տարում «Գործարար-հայելի» ընկերության հետ կնքվել է 50 հազար դրամ գումարով տեղեկատվական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագիր, որով ընկերությունը պետք է մատուցեր թերթում նյութի տպագրման ծառայություն: Ըստ հաշվեքննիչ պալատի` ստուգումների ընթացքում նշված նյութը չի գտնվել:
Ավելին, գյուղապետարանը դեռեւս 2016 թվականի մարտի 3-ին պայմանագիր է կնքել «Երան Վիլսոն» Ա/Ձ-ի հետ. կնքել է 337 հազար 500 դրամի պայմանագիր համայնքի տարածքում գործող հիմնարկների կին աշխատողների համար կանանց միամսյակի առթիվ նվերներ տրամադրելու նպատակով: Նվերները պետք է բաժանվեին 81 հոգու: Սակայն հաշվեքննիչ պալատը բացահայտել է, որ նվեր ստացողների ցանկում ներառված են եղել տղամարդ աշխատողների անուններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կանանց որպես նվեր բաժանվել է սուրճի բաժակներ: Իհարկե, մարտի 8-ին սուրճի բաժակ ստացողների մեջ եղել են նաեւ տղամարդիկ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գյուղապետարանը անցած տարում մարտի 8-ի առթիվ նվերների համար ծախսել է 441 հազար դրամ, իսկ այս տարվա համար` 430 հազար դրամ:
Օրինակ` հաշվեքննիչ պալատը գյուղապետարանի փաստաթղթերից պարզել է, որ «Ռազմիկ» թատերական հիմնադրամին 2016 թվականի հաշիվ-ապրանքագրով, առանց համապատասխան պայմանագրի վճարվել է 600 հազար դրամ թատերական միջոցառումների կազմակերպման համար: Սակայն գյուղապետարանը հաշվեքննիչ պալատին դարձյալ չի տրամադրել ծառայության մատուցման վերաբերյալ փաստաթուղթ այն մասին, թե ովքեր են մասնակցել, վայրը, միջոցառման բնույթը: Պարզվում է, որ Նորակերտի գյուղապետարանը համայնքի բյուջեի միջոցներով յուրաքանչյուր տարի իր եւ գյուղի դպրոցի աշխատողների համար մեկօրյա հանգիստ է կազմակերպում: Օրինակ` անցած տարվա այդ քեֆի համար ծախսվել է 430 հազար դրամ:
Նորակերտի ՀՀԿ-ական գյուղապետ Շահեն Կարապետյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով պալատի ուսումնասիրություններին, բացատրեց. «Եթե տղամարդը աշխատում է գյուղապետարանում, նվերը փոխանցել ենք իրեն, որ ինքն էլ իր կնոջը նվիրի: Հետո ինչ, որ կինը մեզ մոտ չի աշխատում: Նրբանկատություն է: Ախր դրա մեջ վատ բան չկա»: Իսկ ահա նրա փաստաբան Ամրամ Մակինյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ իր համար զարմանալի է հաշվեքննիչ պալատի եզրակացությունը: Նրա կարծիքով` հաշվեքննիչ պալատի եզրակացությունը թե՛ փաստական, թե՛ իրավական առումով մեծ բացեր ունի: «Մենք հաշվեքննիչ պալատին պարզաբանում չենք ներկայացնելու: Զավեշտի հասնող բաներ կան այնտեղ նշված: Մարդիկ զարմացած են, որ մարտի 8-ին տղամարդկանց կարելի է նվեր տալ: Բայց չէ՞ որ իրենք համայնքապետարանի աշխատող են, իսկ նվերները նրանց կանանց համար է նախատեսված եղել: Իսկ մանկապարտեզի տնօրենը չէր կարող ազատվել աշխատանքից, քանի որ այդ պայմաններում մանկապարտեզը կդադարեր որպես այդպիսին գոյություն ունենալ: Եթե գյուղապետը` Շահեն Կարապետյանը, չաշխատող մանկապարտեզում որպես աշխատող պահեր դաստիարակ կամ խոհարար, ես կհասկանայի հաշվեքննիչ պալատի գործունեության տրամաբանությունը»,- պարզաբանեց փաստաբանը:
Ապա զարմացավ` հետաքրքրվելով, թե ինչու գոնե մեկ տողով չի նշվել գյուղապետի լավ եւ կատարած աշխատանքների մասին: «Իրենք մի ամբողջ բաժին են հատկացրել հավաքագրումներին, որը կա՛մ չի կատարվել, կա՛մ էլ թերի են կատարվել: Չկա տեղական ինքնակառավարման մարմին, որ հավաքագրումները 100 տոկոսով կատարի: Փոխարենը նշվում է, որ գնացել են, ինչ-որ խնջույքներ են կազմակերպել: Բայց չէ՞ որ համայնքի բնակիչներ են, մի՞թե չեն կարող մի օր նստեն, հարաբերվեն, իրար հետ հաց ուտեն: Թող մի տողով ընդգծեին յուրացման, վատման փաստ Շահեն Կարապետյանի կողմից»,- նկատեց Ամրամ Մակինյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՆՈՐ ԳՈՏԻ
Ըստ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանի` Ֆրանսիական ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել: «Սկսում ենք խոսել արդյունքներից. Ֆրանսիական «Poma» ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել: «Poma»-ն ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում, որը ավելի քան 7800 ճոպանուղիների եւ տարատեսակ ատրակցիոնների հեղինակն է աշխարհով մեկ սփռված հանգստյան գոտիներում»,-նշել է փոխնախարարը:
ԴԻՆՔԻ ԱՆՈՒՆՈՎ
Ստամբուլի քաղաքապետարանի ավագանու նիստում որոշվել է հաշվի առնել բնակչությունից ստացած բողոքներն ու առաջարկները եւ վերանվանել Ստամբուլում մի շարք փողոցներ: Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի պատվին փողոց է անվանակոչվել Ստամբուլի Շիշլի շրջանում: Մեշրութիյեթ թաղամասի ներկայիս Սամանյոլու փողոցն այսուհետեւ կկոչվի Հրանտ Դինքի փողոց:
Հիշեցնենք, որ Դինքը սպանվել էր 2007-ին թուրք ազգայնական Օգյուն Սամաստի կողմից հենց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: