Լիոնում հայերից, վրացիներից և ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը: Նշվում է, որ Լիոնում իրականացվել է VORS 69-01 անվամբ գործողություն, որի ընթացքում կալանավորվել են Ֆրանսիայում և Բելգիայում գործող կազմակերպված հանցավոր խմբավորումներ՝ բաղկացած վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից: Կալանավորվել է Վրաստանի 10 քաղաքացի, որոնցից երկուսն «օրենքով գողեր» են:
Խմբավորման անդամները թալանելու համար նախապես ընտրել են բնակարաններ, մշակել են դրանց վերաբերյալ տեղեկատվությունը, որից հետո թալանել են դրանք: Նրանք նաև ավտոմեքենաներ են գողացել, զբաղվել են կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ և թմրանյութերի շրջանառությամբ:
Գործողության մեջ ներգրավված է եղել ավելի քան 300 ոստիկան Ֆրանսիայից, Բելգիայից և Վրաստանից: Ներգրավված է եղել նաև հատուկ նշանակության ջոկատը, կինոլոգիական ծառայությունը, օգտագործվել է ուղղաթիռ: