Չեք հավատա, բայց… 13 ժամ` օդանավում, հղիության վերջին ամսում. Նաիրա Մովսիսյանն անկեղծանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Նաիրա Մովսիսյանն է:

Նա, նախ, հիշեց ուշագրավ մի փաստ հղիության շրջանից. «Իսկապես չեք հավատա, բայց ծննդաբերությունից ընդամենը մի քանի օր առաջ 13 ժամ օդանավով թռիչք եմ ունեցել: Շատերին էր զարմացրել իմ համարձակությունը: Փառք աստծո, ամեն բան բարեհաջող ընթացք ստացավ, եւ իմ դստրիկը չորոշեց ծնվել հենց օդանավի մեջ»,- ծիծաղելով նշեց դերասանուհին:

Անդրադառնալով բեմական կյանքին՝ Նաիրան հիշեց. «Մեկ անգամ չէ, որ ներկայացումից րոպեներ առաջ փակված եմ մնացել զուգարանում: Դա պարզապես սարսափելի է, երբ հանդիսատեսը սպասում է քեզ, իսկ դու անելանելի իրավիճակի մեջ ես: Բախտս բերել է, որ հաջողվել է վերջին պահին դուրս պրծնել այնտեղից: Ի դեպ, ասեմ, որ դերասաններից միայն ես չէ, որ հայտնվել եմ «թակարդում»: Կոլեգաներիս հետ նույնպես այդպիսի դեպքեր հաճախ են եղել»:

Դերասանուհին մի դրվագ էլ ճամփորդական կյանքից առանձնացրեց. «Չեք հավատա, բայց Եգիպտոսում մեկ շաբաթ շարունակ փարաջայով եմ շրջել: Նախ՝ այդպես ավելի զով էր, հնարավոր էր հաղթահարել շոգը, եւ հետո՝ որպես կին` ինձ ավելի ապահով էի զգում: Գիտեմ, որ այդ երկրում կանանց համար այնքան էլ անվտանգ չէ, հատկապես՝ զբոսաշրջիկների, ուստի գտել էի օպտիմալ լուծումը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա հավելեց, որ թե՛ մասնագիտության բերումով, թե՛ խառնվածքից ելնելով՝ իր հետ ուշագրավ դեպքեր հաճախ են պատահում: Նաիրան այն կանանցից է, որոնք եթե գրի առնեն դրանք, ապա մի ամբողջ օրագիրն էլ, թերեւս, չի բավականացնի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս