«Ես պարզապես զարմացած եմ` այդ կինն ինչպես է կարողացել այդքան տարի հանդուրժել ամուսնուն». մանրամասներ Արմավիրում տեղի ունեցած սպանությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ Արամավիրի մարզի Առատաշեն գյուղում 63-ամյա տղամարդու կողմից առանձնակի դաժանությամբ կատարվել է սպանություն: 63-ամյա Ժորա Հակոբյանը Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի տներից մեկի բակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ գտնվող «Տոզ» տեսակի 5.6 մմ տրամաչափի զենքով կրակել է իր 60-ամյա կնոջ ուղղությամբ, այնուհետև գնացել է նույն գյուղում բնակվող կնոջ 70-ամյա եղբոր տուն և իր մոտ գտնվող նույն զենքով կրակել նաև վերջինիս ուղությամբ:

Դեպքի շուրջ АrmLur.am-ը զրուցել է Առատաշեն համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանի հետ. «Ես շատ վատ կարծիք ունեմ այդ մարդու մասին,  և ոչ միայն ես, այլև ամբողջ գյուղն է այդ կարծիքին: Այդ մարդն ամբողջ կյանքն այդպես ապրեց, ո’չ ընտանիքի հետ, ո’չ կնոջ հետ, ո’չ էլ հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունեցավ: Ինձ թվում է` նա հոգեկան շեղումներ ուներ, որովհետև անընդհատ ընտանիքում ծեծ ու կռիվ էր»:

Առատաշեն համայնքի ղեկավարի խոսքով` տղամարդը կնոջը տարիներ շարունակ ենթարկել է կտտանքների:

«Ես պարզապես զարմացած եմ, թե այդ կինն ինչպես է կարողացել այդքան տարի հանդուրժել ամուսնուն»,-ասաց նա:

Հավելենք, որ ամուսիններն ունեն երեք զավակ:

Նշենք, որ դեպքի առթիվ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս