ՏԵՍԱՆՅՈՒԹ. 3 հազար 7 հարյուր հոգի լքել է Հայաստանը. որքան է բնակչության թիվը այս պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 6 ամսվա ընթացքում մշտական բնակչության թիվը 3 հազար 700-ով նվազել է: Այսինքն` ՀՀ քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազել է:

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` այս ցուցանիշը նվազել է 8200-ով: Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 986 հազար 100:

Այսինքն` 2017 թվականի համեմատ` Հայաստանի բնակչության թվաքանակը պակասել է 24 հազար 500-ով:

Ըստ մասնագետների` եթե պաշտոնապես նշվում է` մշտական բնակչության թիվը նվազել է, ապա նշանակում է, որ այդքան թվով մարդ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից: Բանն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնողները շարունակում են համարվել Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ, քանի դեռ նրանք չեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Այսինքն` արտագաղթի այն տարբերակը, երբ մարդիկ Հայաստանից հեռանում են, բայց քաղաքացիությունից չեն հրաժարվում, մշտական բնակչության թվաքանակում չի արտացոլվում: Այսպես, մշտական բնակչության թիվը հիմնականում պակասել է մարզային քաղաքներում եւ գյուղերում:

Օրինակ` Արագածոտնի մարզում բնակչության թիվը նվազել է 1800-ով, Արարատում` 1200-ով, Սյունիքում` 900-ով, Վայոց Ձորում` 700-ով, Տավուշում` 1200-ով, Արմավիրում` 700-ով, իսկ Գեղարքունիքում` 1300-ով: Սակայն բնակչության թիվը ամենաշատը Շիրակի մարզում է պակասել` 2200-ով:

Իսկ, ահա, Լոռու մարզի բնակիչների թիվը մեկ տարվա ընթացքում 1700-ով է պակասել: Միայն Երեւանում է, որ բնակչության թվաքանակը ավելացել է 3700-ով: Տպավորություն է, որ երկիրը գերկենտրոնացած է մայրաքաղաք Երեւանում, որտեղից դուրս գրեթե առաջխաղացում կամ, ինչպես ասում են, կյանք չկա: Հայաստանի նախկին կառավարությունները մարզերը համաչափ զարգացնելու ուղղությամբ այդպես էլ ոչինչ չձեռնարկեցին: Հուսանք`այն կհաջողվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մոտ եւ այս ցուցանիշով պետք է սկսեն մտահոգվել կառավարության անդամները:

Չէ՞ որ 6 ամսվա ընթացքում մեկ մարզից 2200 բնակչի նվազելը խիստ մտահոգիչ է: Գաղտնիք չէ, որ գյուղերում եւ մարզային քաղաքներում մարդիկ աշխատանք չունեն, որպեսզի կարողանան ապրել, ընտանիք պահել: Եւ աշխատանք փնտրելու, գտնելու հույսով բնակություն են հաստատում Երեւանում, ինչի հետեւանքով տարեցտարի գյուղերը դատարկվում են, իսկ կողպված դռները` շատանում:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս