Ինձ լռեցնել դատական հայցերով հնարավոր չէ. Սոնա Աղեկյանը՝ Հայկ Մարությանի քայլի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ:

Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ քաղաքապետը պահանջում է Աղեկյանին պարտավորեցնել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հերքում:

Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 15-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանին:

Նշենք, որ «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի նախկին ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը բազմիցս քննադատական հայտարարություններով է հանդես եկել քաղաքապետարանի և քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Սոնա Աղեկյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ դրական է գնահատում Հայկ Մարությանի քայլը, քանի որ այս կերպ նա ցույց է տալիս, որ արժանապատվություն ունի:

«Հայկ Մարությանը, որպես չինովնիկ, եթե արժանապատվություն ունենար, առաջին հերթին պետք է հրաժարվեր քաղաքապետի պաշտոնից, այն պարագայում, երբ քաղաքացիներն ասում էին՝ «թեկուզ պոլի փայտ լինի, բայց կարևորը Նիկոլի ասածը լինի»:

Սոնա Աղեկյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նա արդեն երկու դատական հայց է ներկայացրել Հայկ Մարությանի դեմ:

«Ես շարունակելու եմ ակցիաները: Քաղաքում տիրող համատարած աղբը ակնառու է. այնպես չէ, որ ես գյուտեր եմ անում: Նա արժանապատվությունից առաջ պետք է փորձի կատարել իր լիազորությունները: Երևանցին նրան տվել է քվե, որպեսզի նա առաջին հերթին աղբահանության խնդիրը լուծի, սակայն նա ցուցաբերում է միայն իր անգործությունը: Ես իրավունք ունեմ մտածելու, որ նա կոռուպցիոն գործարքների մեջ է կա’մ նախկին իշխանության կա’մ «Սանիթեք» ընկերության հետ»,- ասաց նա:

Սոնա Աղեկայնը հավելեց, որ նրան լռեցնել դատական հայցերով հնարավոր չէ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս