ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Ուրախ եմ տեղեկացնել, որ Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»:
Որոշումը հիմնված է Մուդիզի այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի շարժիչների աճող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը:
Մուդիզն իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր:
Հատկապես կարևորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտմամբ ու զարգացմամբ և հանդիսանում է գիտելիքահենք տնտեսության ուժեղ հիմք:
Սա իսկապես կարեւոր իրադարձություն է, որը մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ եւ էականորեն բարելավում մեր երկրի ներդրումային գրավչությունը: