Արշալույսները խաղաղ չեն դատական համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` ԲԴԽ դատավոր անդամի թեկնածու դառնալու հավակնություն ունի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը: Սակայն հիմա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան` դատավոր Ռուզաննա Հակոբյանը հրաժարվել է հետ վերադառնալ ԲԴԽ:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի 2 անդամի տեղը դեռեւս շարունակում է թափուր մնալ: Ե՛ւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, ե՛ւ դատական համակարգը հայտնվել են դժվար կացության առաջ. թեկնածուներ չունեն: Բանն այն է, որ 2018թ. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը դարձավ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ` հրաժարվելով ԲԴԽ անդամ լինելուց: 2018 թվականի նոյեմբերի 8-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որտեղ ԲԴԽ անդամ դառնալու համար կռիվ էին տալիս երեք դատավոր` Նախշուն Տավարացյանը, Ստեփան Միքայելյանը եւ Սուրեն Անտոնյանը: ԲԴԽ անդամ ընտրվեց Նախշուն Տավարացյանը, սակայն դատավորները չհաշտվեցին այդ հանգամանքի հետ, մեծ աղմուկ բարձրացրին, ու Տավարացյանը հրաժարական տվեց:
9 ամիս անց ԲԴԽ անդամների շուրջ նոր կրքեր հասունացան: Մայիսի 20-ին` ՀՀ վարչապետի կողմից դատական համակարգում ստեղծված իրավիճակի մասով հայտարարությունից հետո, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, եւ նրա հետեւից ԲԴԽ որոշ անդամներ եւս հեռացան:
Սկսվեց հերթական անգամ ԲԴԽ անդամ ընտրելու գործընթացը, եւ իրավիճակի փոփոխությունների արդյունքում Նախշուն Տավարացյանը որոշեց երդվել ու դառնալ ԲԴԽ անդամ, բայց այստեղ էլ թացը խառնվեց չորի հետ, ու սկսվեց Նախշուն Տավարացյանին քարկոծելու գործընթացը: ԲԴԽ գիտնական 3 անդամներ բարձրացրին նրա հրաժարականի հարցը, որը մերժվեց: Սակայն Նախշուն Տավարացյանը «կուլ չտվեց» իր հասցեին հնչած վիրավորանքները եւ որոշեց հրաժարական տալ:
Եւ մինչ օրս ԲԴԽ դատավոր անդամի տեղը շարունակում է թափուր մնալ: Բանն այն է, որ, համաձայն Դատական օրենսգրքի, ԲԴԽ կազմում գենդերային հարցը, ինչպես նաեւ վարչական մասնագիտացում ունենալու հիմքը հաշվի առնելով, ԲԴԽ անդամ կարող է դառնալ միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, եթե նա չորոշի ինքնաբացարկ հայտնել: Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նա ներքին կարգով հայտնել է, որ հրաժարվելու է ԲԴԽ անդամության թեկնածու լինել: Իհարկե, մենք փորձեցինք դատավորից ճշտել լուրերի իսկությունը, սակայն նա չպատասխանեց հեռախոսազանգերին: Ու դատական համակարգում նոր թեկնածուի փնտրտուք է: Ըստ էության, պալատի բոլոր դատավորները ցուցակում կընդգրկվեն, նրանցից որոշները, բնականաբար, ինքնաբացարկ կհայտնեն, եւ մրցակցությունը կծավալվի հետեւյալ դատավորների միջեւ` Գոռ Հակոբյան, Վարդան Ավանեսյան, Ստեփան Միքայելյան, Տիգրան Պետրոսյան, Սուրեն Անտոնյան, Մամիկոն Դրմեյան:
Այս իրավիճակին զուգահեռ ԲԴԽ անդամի փնտրտուքի մեջ են նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, որպեսզի նրանք էլ ԲԴԽ-ն գիտնական անդամով համալրեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` արդեն մի քանի թեկնածուների առաջարկվել է, որոնք մերժել են: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ սեպտեմբերի 9-ին մեկնարկելու է ԱԺ աշնանային նստաշրջանը, որտեղ գլխավոր թեմաներից է լինելու ԲԴԽ անդամի հարցը: Բանն այն է, որ ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանի խայտառակ ընտրությունից հետո շատերը, ում առաջարկվել է, չեն համաձայնում իշխանության թեկնածուն դառնալ։ Ասել է թե` ԲԴԽ կազմը համալրելու համար ինչպես դատական համակարգում, այնպես էլ Ազգային ժողովում կանգնել են փաստի առաջ:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանին է առաջարկվել դառնալ ԲԴԽ գիտնական անդամ: Հետաքրքիր է` նա կհամաձայնի, թե ոչ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍՊԱՆԵԼՈՒ ՓՈՐՁԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Ապրիլի 5-ին կրակոցներ էին հնչել Երեւանում: Ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Հարավ-Արեւմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել, եւ կա վիրավոր: Իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել էին հրազենից արձակված 2 գնդակ:
Պարզվել էր, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նշված շենքի բնակիչ Ջոնի Սամսոնյանը, որն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես հրամանատար: Ավելին` ըստ ականատեսների` հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն է հենց վնասազերծել իր վրա կրակողին, որը տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՊՆ հրամանատարի վրա կրակողը եղել է վերջինիս վարորդը: Հրամանատարն աշխատանքից ազատել է իր վարորդին, վերջինս էլ որոշել է հաշվեհարդար տեսնել հրամանատարի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել. կալանավորված պայմանագրային զինծառայողն իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ այդ քայլին չի գնացել նրա համար, որ իրեն ազատել են աշխատանքից, այլ որ իրեն հունից հանել է հրամանատարի պահվածքը:
«Ինչեր ասես, որ չի անում»,- անկեղծացել է նա ու հավելել, որ ազատվելով աշխատանքից` որոշել է հաշվեհարդար տեսնել, որ գոնե մեկը զսպի հրամանատարի անօրինական գործողությունները:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք պահելու) հատկանիշներով: 4 ամիս անց այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը մտել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Հայտնի է, որ հրամանատարի վարորդը եղել է Հարություն Սարգսյանը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք բերած եւ ապօրինի կերպով պահած, ռազմամթերք հանդիսացող 7,6 մմ տրամաչափի 7 փամփուշտով լիցքավորված, նախկին ԽՍՀՄ 1941թ. գործարանային արտադրության «Նագան» տեսակի 7,62 մմ տրամաչափի ակոսափող թմբուկավոր ատրճանակով երկու կրակոց արձակելու եղանակով փորձել է ապօրինաբար, դիտավորությամբ սպանությամբ կյանքից զրկել Ջոնի Սամսոնյանին` կապված վերջինիս կողմից իր ծառայողական գործունեության հետ, սակայն հանդիպել է տուժողի դիմադրությանը եւ հանցանքն ավարտին չի հասցրել` իր կամքից անկախ հանգամանքներով:
Հրամանատարին սպանելու փորձով գործը քննելու է ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԴՐՎԻ
ԱԺ-ում առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի փոխանցմամբ` առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի եւ Սիսակ Գաբրիելյանի` դեռ ամիսներ առաջ ներկայացրած` ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: «Ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում օրենքը կընդունվի, եւ արդեն 2020-2021 ուստարվանից աշխատող ուսանողները կկարողանան իրենց եկամտային հարկը որպես ուսման վարձ վճարել»,-նշել է Հայրապետյանը:
ԴԻ` ՔԿՀ-ՈՒՄ
«Գորիս» քրեակատարողական հիմնարկում երեկ առավոտյան հայտնաբերվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, Գորիսի բնակիչ, 1988թ. ծնված Արթուր Սարգսի Սայունցի դին` խցի պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում: Վերջինս կալանավորվել էր 29.03.2019թ., իր դիմումի համաձայն` 03.07.2019թ.-ից խցում պահվել է միայնակ, մեղադրվել է Իրանից շուրջ 200 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի մաքսանենգություն կազմակերպելու եւ թմրամիջոցի ձեռքբերման փորձի համար:
ՀՐԿԻԶՎԵԼ Է
«Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ տնօրեն Արթուր Անդրեասյանը հայտարարել է, որ 99 տոկոսով համոզված է, որ «Ձյունիկ» սառնարանի պահեստը հրկիզվել է: Նշենք, որ «Արմեն Համիկ եղբյարներ» ՍՊԸ-ն եւ էլի մի շարք ընկերություններ «Ձյունիկ»-ի սառնարաններում մեծ քանակությամբ ապրանքներ են ունեցել, որոնց մի մասն էլ հրդեհվել է: «Ես առաջին անգամ եմ լսում, որ սառնարանի պահեստային մասն այրվի, դա աբսուրդ է, այնտեղ -18 -20 աստիճան սառնություն կա, ո՞նց կարող է այրվել: Քրեական գործ է հարուցված, թող պարզեն: «Ձյունիկ»-ի պահեստում ապրանք ունեցող գործարարները դիմել են վարչապետին, որպեսզի վերադարձվի այրված ապրանքների ԱԱՀ-ն ու մաքսատուրքը»,-ասել է նա: Անդրեասյանի փոխանցմամբ` ընդհանուր մոտ 7-8 հարյուր հազար դոլարի մասին է խոսքը: Նշենք, որ օգոստոսի 19-ին «Ձյունիկ» սառնարանային պահեստում խոշոր հրդեհ էր բռնկվել, որը հաջողվել էր մարել միայն օգոստոսի 22-ին:
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք` ներքին արյունահոսությամբ» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Վիրավորն ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի բնակիչ 48-ամյա Աղասի Գասպարյանն է, որը դանակահարվել է անհայտ անձի կողմից «Ավան վարչական շրջանի նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ ընկերության մոտ: Ա. Գասպարյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, այդ թվում` թմրանյութերի հետ առնչություն ունենալու մասով: