Ես էժան մարդկանց չեմ կարող էժան պատասխան տալ. Սոֆյա Հովսեփյանը՝ Կարեն Սարուխանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իմքայլական պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը, Կարեն Սարուխանյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը թեժ կռվի են բռնվել՝ միմյանց մեղադրելով  ոչ պատշաճ աշխատանքի և Մարալիկի ծննդատան վերջնական փակվելու մեջ:

Ի տարբերություն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը բավականին կոշտ է արձագանքել Սոֆյա Հովսեփյանի այն տեսակետին, թե նախարարությունը որդեգրել է հիվանդանոցները փակելու վարքագիծ, և պատգամավորին երկու խորհուրդ տվել, մասնավորապես.

«1. Հարգիր քո կարգավիճակը և այսուհետ խոսիր ոչ թե բամբասանքների լեզվով՝ այլ փաստերով և ապացույցներով։

2. Ամուսնացիր՝ կանցնի»:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանի կոշտ արձագանքի և ամուսնանալու խորհրդի մասին:

«Մարալիկի ծննդատան հետ կապված այս հարցն առաջացել է վաղուց, դեռ նախորդ տնօրենի ժամանակ, երբ մենք դեռ մարզում չէինք:

Ինչ վերաբերում է իր այդ արտահայտությանը, ապա արժանապատվություն ունեցող մարդը երբեք նման բան չի ասի որևէ մեկին, ոչ թե պատգամավորի կամ կնոջը, այլ առհասարակ: Ես անգամ չեմ ցանկանա գնահատել նման մտածողության և արտահայտման ոճ ունեցող մարդուն, այնպես որ թույլ եմ տալիս հասարակությանը գնահատել, թե ում են ընտրել: Ես էժան մարդկանց չեմ կարող էժան պատասխան տալ, այնպես որ ես իմ մեծությամբ տեղում կմնամ, ինքը թող մտածի, թե որքան սխալ քայլ գործեց»,- նշեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս