Վերջին շրջագայությունից վերադարձած Սերժ Սարգսյանը լայն թափով սկսած իր գովազդախրատական գործունեությունը առայժմ ավարտել է: Նրա գործողություններից տուժել է Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետը, որի դեմքին թղթեր են նետվել: Առայժմ Սարգսյանը սպասում է վաղը կայանալիք ՀԱԿ հանրահավաքին, որից հետո որոշումներ կկայացնի:Բայց մինչ այդ նկատենք, որ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում երկար ժամանակ է, ինչ «օրակարգ» բաժինը պարզապես դատարկ է: Այսինքն, եթե հետեւենք այդ բաժնին, ապա Սերժ Սարգսյանն այս երկրում այլեւս անելիք չունի, քանի որ որեւէ հանդիպում, ծրագիր ո՛չ նախատեսված է, ո՛չ էլ կայացել է` անգամ հետին թվով: Իհարկե, մյուս բաժիններում Սերժ Սարգսյանի կատարած այս կամ այն գործողության եւ ունեցած ելույթների մասին տեղեկություններ կան, բայց բոլորը իրադարձության արձանագրություն են ընդամենը: Նախապես պլանավորված ոչինչ չկա: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն ինքն էլ չգիտի իր անելիքները, նա ցայտնոտի մեջ է:«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նախարարների հետ նախագահական նստավայրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում սկանդալ է գրանցվել. Սերժ Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմքին է նետել նրա տված փաստաթղթերը: «Հերիք է թղթեր տաս ինձ, թուղթ չեմ ուզում»,-բարկացել է Ս.Սարգսյանը: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն` այդ հանդիպման ընթացքում նախարարներից մեկն ասել է, թե «գյուղացիներին 12 տոկոսով վարկ ենք տալիս, սակայն նրանք հրաժարվում են վերցնել եւ մշակել հողը»: Այս ելույթի ժամանակ գյուղատնտեսության աստվածահաճո նախարար Սերգո Կարապետյանը անհանգիստ շարժումներ է արել: «Ի՞նչ է, Սերգո՛, բան ունե՞ս ասելու»,-հարցրել է Սերժ Սարգսյանը: «Պարո՛ն նախագահ, ախր 12 տոկոսով վարկ չկա է~, 20-25 տոկոսով են տալիս, դրա համար էլ մարդիկ վարկ չեն վերցնում, բարձր են տոկոսները»,-բացատրել է գյուղնախարարը: Ու այդպես վարչապետ Տիգրան Սարգսյանի «սուտը բռնվել է»: Այդտեղ Սերժ Սարգսյանը շատ կոպիտ խոսքերով կշտամբել է վարչապետին: Ներկաներից մեկի խոսքերով` Տիգրան Սարգսյանն այնպես էր վախեցել, որ թվում էր, թե ողջ մարմնով դողում է: Նա ասել է, որ կբացատրի ամեն ինչ, փաստաթղթերով կապացուցի, սակայն Ազատիչը հրաժարվել է փաստաթղթային բացատրություններ լսելուց: Նա նույնիսկ հրաժարվել է Տիգրան Սարգսյանին առանձին ընդունելուց: «Ասե՛ք, թող գնա»,-ասել է ՀՀԿ ղեկավարը:Սերժ Սարգսյանը երկու ամիս ժամանակ է տվել Կառավարության կազմին, որպեսզի շոշափելի արդյունքներ արձանագրեն, եթե ոչ, ըստ նախագահականից ստացված տեղեկությունների` պաշտոնանկ կարվեն առաջին հերթին վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ էլի մի երկու նախարարներ:Կառավարության այս ներկայացուցիչների շրջանակներից դուրս եկած տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանն այնպիսի պայմաններ է դրել, որոնք պարզապես անհնար է կատարել: «Այդ նույնն է, որ ասեն, թե 2 ամիս հետո Մասիս սարը կբերեք ու կդնեք Հանրապետության հրապարակում, բայց ինչպե՞ս»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց «տուժած» նախարարներից մեկը: Այսպիսով` ՀՀ կառավարության անդամները հայտնվել են փակուղում: Ի՞նչ անել, եթե անհնար է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը բարելավել. փող չկա: Բայց, անկախ դրանից, Սերժ Սարգսյանի ժամանակացույցը միացված է: Եւ պաշտոնանկությունները 2 ամսվա ընթացքում անպայման կիրագործվեն:ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՑՅԸ ՄԻԱՑՎԱԾ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ