Չնայած այն հանգամանքին, որ դեռեւս փետրվարի 17-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, բայց մարտի 2-ին՝ երկուշաբթի օրը միայն հայրենի իշխանության ներկայացուցիչները կսկսեն իրենց քարոզչությունն իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մարտի 10-ին պլանավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզչության մեկնարկը, որը նախատեսված է սկսել Սյունիքի մարզից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մարտի 2-ին պլանավորված է, որ քարոզչություն կսկսեն իրականացնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, մարզպետները, այն անձինք, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են: Այսինքն՝ իշխանությունները պլանավորել են առաջիկա ողջ շաբաթը քարոզչությունը թողնել անհատների հույսին, իսկ արդեն մյուս շաբաթ ավելի ակտիվ քարոզչություն իրականացնել ՀՀ վարչապետի գլխավորությամբ: Մեր տեղեկությունների համաձայն՝ իմքայլականներին եւ ՔՊ-ականներին հանձնարարված է այս ընթացքում լավ պատրաստվել քարոզչությանը, շտաբները վերազինել, կազմակերպել այնպես, որպեսզի Երեւանի շրջաններում հանդիպումները կայանան բարձր մակարդակով ու, ամենակարեւորը, մարդաշատ լինեն:
Անհասկանալի է այն իրավիճակը, թե հայրենի օրենսդիրները ինչպես են զուգահեռելու իրենց օրենսդիրի աշխատանքը քարոզչության հետ, քանի որ արդեն տեղեկացրել ենք, որ եկող շաբաթ մեկնարկում է նաեւ Աժ հերթական նստաշրջանը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա Սյունիքի մարզից տեղեկացանք, որ այս պահին պլանավորումներ են իրականացվում՝ մարտի 10-ին մեկնարկող քարոզչության հետ կապված: Դեռեւս ծրագրեր են մշակվում, միայն հայտնի է այն, որ Փաշինյանը քարոզչությունը իրականացնելու է Մեղրի քաղաքից, այնուհետեւ շրջելու է ողջ Սյունիքի մարզում:
Նշվում է նաեւ, որ նախատեսված է, թե այդ ժամանակահատվածում վարչապետը արձակուրդ է վերցնելու, որպեսզի մի քանի օր շարունակ անցկացնի Սյունիքի մարզում ու ակտիվ քարոզչություն իրականացնի: Ստացվում է, որ իշխանությունները իրենց ակտիվ քարոզչությունը սկսելու են մարտի 10-ից, երբ փողոց դուրս կգա Նիկոլ Փաշինյանը, իսկ այս ընթացքում ինչ կհաջողվի անել իմքայլական պատգամավորներին եւ ՔՊ-ականներին՝ դժվար է ասել, քանի որ շատ պատգամավորների հանրությունը չի ճանաչում, ու դժվար կլինի հասարակությանը համոզել մի հարցում, որը դեռեւս շատ իմքայլականների համար է անհասկանալի:
Նյութը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ