Ես իմ մարմնավորած Ռոզիին խղճում եմ. Նարինե Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանն է, որին վերջին շրջանում հետուստադիտողը տեսավ Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի մոտիվներով նկարահանված համանուն ֆիլմում՝ ցոփ ու շվայտ կյանքով ապրող Ռոզալիայի դերում: Նա խոսել է իր դերի, կենսակերպի մասին: Դերասանուհին նշել է, որ ինչ-որ չափով իրեն հաջողակ մարդ է համարում, ինչ-որ չափով՝ ոչ այնքան:

-Նարինե՛, եթե նորից աշխարհ գայիք, կնախընտրեիք ծնվել…

-Հետաքրքրության համար կցանկանայի այլ երկրում ծնվել եւ այլ՝ Վերածննդի դարաշրջանում: Կցանկանայի այլ քաղաքակրթության մաս կազմել:

-Մանուկ, պատանի հասակում հայտնիներից ու՞մ պաստառն եք փակցրել Ձեր սենյակում:

-Իմ կուռքը եղել է «Spice girls» փոփ խմբի անդամ Վիկտորյա Բեքհեմը: Նա մշտապես գրավել է ինձ իր էլեգանտությամբ, կանացիությամբ, հրաշալի օրինակ է եղել՝ որպես կին եւ մայր: Այնքան ուրախ եմ, որ շուրջ 20 տարի անց Վիկտորյա Բեքհեմը ինձ համար մնացել է նույնքան հետաքրքիր եւ համակրելի, որքան նախկինում: Փաստորեն, նախազգացումս ուժեղ էր, դեռ տարիներ առաջ գիտեի, որ նա օրինակելի կին է: Իհարկե, հետաքրքրվել եմ նաեւ մի շարք այլ աստղերի կյանքով, սակայն պատերիս պաստառներին եղել է հենց Բեքհեմը:

-Նույնիսկ ամենադժվար իրավիճակում չպետք է մոռանալ, որ…

-Դու ուժեղ ես, չպետք է դադարել դրական տրամադրվել քեզ հետ պատահող իրադարձություններին:

-Ձեզ միշտ խանգարել են մարդիկ, որոնք…

-Չգիտեն, թե ինչով են զբաղվում, որոնց աշխատանքն իրենց հետ կապ չունի, բայց ես չեմ կենտրոնանում նման մարդկանց արարքների վրա: Ամեն մարդ ինքն է ընտրում ինչպես ապրել. եթե սկսես խորանալ, թե ով ինչ է անում, դրանից սրտնեղես, քո բռնած ճանապարհից կարող ես շեղվել: Եթե ինչ-որ մարդկանց տեսակն ու ապրելակերպն ինձ չի գոհացնում, պարզապես փորձում եմ նրանցից հեռու մնալ:

-«Պատվի համար»-ում Ձեր մարմնավորած կերպարի՝ Ռոզալիայի մեջ կա՞ մի գիծ, որն, ամեն դեպքում, սիրելի է Ձեզ համար:

-Կդժվարանամ ասել: Ես խղճում եմ Ռոզալիային: Իմ առաջին վերաբերմունքը նրա հանդեպ այդպես է արտահայտվել: Թվում է, թե նա իրականում շատ վայրի է, պինդ, ուժեղ, բայց իրականում նրա պահվածքն ինքնապաշտպանական ռեակցիայի արդյունք է: Թերեւս սերիալում նրա քույրը՝ Մարգարիտը, իր լռակյաց տեսակով ավելի պինդ եւ ուժեղ է, քան չկայացած Ռոզալիան:

-Ձեր կենսակերպի մեջ ամենաշատն ի՞նչը կուզենայիք փոխել…

-Ես միշտ ինքս ինձ վերահսկում եմ, փորձում եմ ինքս ինձ հղկել, ճիշտ ժամանակին ճիշտ ուղու վրա ընկել: Կարեւորը, որ չեմ դադարում ինքնակատարելագործվել:

-Օրվա ընթացքում հսկայական ժամանակ եք հատկացնում…

-Իմ մտավոր ու զգայական աշխարհը բալանսի բերելուն, գաղափարներիս, ապրելուս նպատակի մասին մտածելուն: Առհասարակ, հաճախ եմ խորհում իմ գոյության եւ ինձ շրջապատող իրականության մասին:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է կպչուն մտքերից ձերբազատվելու լավագույն ձեւը:

-Երբ մարդ հստակ նպատակակետ է ունենում, մի բանի հասնելու աննորմալ, խելահեղ միտք, նրան կպչուն մտքեր չեն կարող դիպչել, փոխարենը կհամակեն պոզիտիվ մտքեր:

-Կցանկանայի՞ք ապրել գյուղում:

-Ոչ: Գուցե տարիքի հետ ցանկություն ունենամ այցելել գյուղ, մի քանի օրով ապրել այնտեղ, բայց գյուղի կենսակերպն ինձ համար չէ: Ես քաղաքի, արագ, ակտիվ տեմպի մարդ եմ:

-Ինչի՞ համար գումար չեք խնայի:

-Համեղ ուտելիքի, երեխաներիս ցանկությունները բավարարելու համար. դա ինձ համար մեծագույն հաճույք է: Եթե մի բան ինձ կամ կողքիններիս կարող է երջանկացնել, ես դրա համար գումար չեմ խնայի: Բացի այդ, փորձում եմ հնարավորություններիս սահմաններում օգնել նաեւ նրանց, ովքեր ունեն գումարի կարիք:

-Ի՞նչ բիզնես կցանկանայիք ունենալ:

-Հագուստի մոդելավորման հետ կապված բիզնես կցանկանայի ունենալ կամ արտագնա տուրիստական գործակալություն: Կուզենայի այցելել տարբեր երկրներ, որպես գիդ բացահայտել տեղի մշակութային վայրերը:

-Ձեզ հաջողակ մարդ համարո՞ւմ եք:

-Ինչ-որ չափով՝ այո, ինչ-որ չափով՝ ոչ: Միշտ էլ կա մի նշաձող, որին ձգտում եմ հասնել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս