ՇԱՀԱՎԵՏ ԺԱՄԱՆԱ՞Կ՝ ԹՈՒՐԻՆՅԱՆ  «ԱՄՐՈՑԸ» ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ  ՀԱՄԱՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

COVID-19 կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլային առաջատար առաջնություններում դադարը դեռ երկար ժամանակ կշարունակվի։ Նախորդ համարներից մեկում անդրադարձել ենք Մադրիդի «Ռեալին» եւ խոսել՝ ինչ կարող է տալ այս ժամանակը թիմին։ Այժմ ցանկանում ենք անդրադառնալ եվրոպական գրանդներից մեկ  ուրիշին, որը նույնպես աչքի էր ընկնում ոչ ստաբիլ խաղով։ Փորձենք հասկանալ՝ այս դադարը ի՞նչ կարող է տալ Մաուրիցիո Սարիի «Յուվենտուսին»։

Թուրինյան հսկան կորոնավիրուսի հասցրած հարվածներից ամենաշատը տուժած ակումբներից ցանկին է պատկանում։ Իտալական ակումբից COVID-19-ով վարակվել են  իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին, ֆրանսիացի կիսպաշտպան Բլեյզ Մատյուիդին եւ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։  Մեկուսացման մեջ են գտնվում թիմի բոլոր ֆուտբոլիստներն ու աշխատակիցները։  Թուրինյան թիմը միանշանակ կրելու է նաեւ ֆինանսական տույժեր, որը սպասվածից շատ ավելի թեթեւ կտանի, որովհետեւ թիմի ֆուտբոլիստները հրաժավել են իրենց աշխատավարձերի զգալի մասից։ Վերջին շրջանում մամուլում շատ են քննարկումները, որ «Ծեր սինյորան» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառել թիմի պորտուգալացի  հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրասնֆերը՝ լուրջ ճգնաժամից խուսափելու համար։ Այստեղ խնդիրն այն է, որ Ռոնալդուի տարեկան աշխատավարձը թուրինյան թիմում կազմում է 31 մլն եվրո, ինչն էլ  ճգնաժամի պատճառով  իտալական ակումբը կարող է դժվարանալ վճարել։ Սպասվում է, որ Կրիշտիանուի հետ կկքնվի նոր պայմանագիր՝ աշխատավաձի նվազեցման պայմանով։ «Բյանկոներիները» այժմ այդքան էլ նախանձելի վիճակում չեն, բայց ճգնաժամից դուրս գալու ճանապարհ ունեն՝ մրցաշրջանի վերսկսումից հետո հաղթել այն մրցաշարերում, որոնց մասնակցում են։ Իհարկե, մեծ հարց է՝ արդյոք ներքին առաջնությունները կվերսկսվեն, թե ոչ, բայց այն, որ Չեմպիոնների լիգան մեծ հավանականությամբ կկայանա, չի կարող ժխտել եւ ոչ ոք։ Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում հաջողության հասնելն էլ Մարուցիո Սարիի թիմի երազանքն է։ Իտալացի մասնագետի գլխավորությամբ  թիմը այդքան էլ լավ արդյունքներ չի գրանցել։ Չկա ստաբիլություն, որը ամենաշատն է հունից հանում «Յուվենտուսի» ղեկավարությանն ու երկրպագուներին։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում էլ «Յուվեն» անհասկանալի ֆուտբոլ խաղաց Լիոնի «Օլիմպիկի» դեմ ու դրսում պարտվեց 0։1 հաշվով։ Դրանից հետ Սարիի  թիմը ֆանտաստիկ ֆուտբոլ խաղաց Ա սերիայի շրջանակներում կայացած «Ինտերի» դեմ խաղում եւ հաղթեց 2։0 հաշվով։ Այս մրցաշրջանի «Յուվեի» մասին հստակ կարծիք ասել հնարավոր չէ։ թուրինյան թիմը արդեն պետք է անցկացրած լիներ «Լիոնի» դեմ պատասխան հանդիպումը, սակայն հայտնի պատճառներով հանդիպումը հետաձգվեց։ Միանշանակ, դիմակայության ֆավորիտը հենց իտալական ակումբն էր, բայց անկանխատեսելի ֆուտբոլ ցուցադրող Իտալիայի «հավերժական» չեմպիոնները կարող էին փաստի առաջ կանգնեցնել ե՛ւ Սարրին, ե՛ւ թիմի երկրպագուներին։ Եղավ դադար, որը ժամանակ կտա Մաուրիցիոյին մշակել նոր պլան՝ թուրինյան «ամրոցը» վերակառուցելու համար։ Իհարկե, չենք խոսում,  թե ինչ վիճակով ֆուտբոլիստները կվերադառնան, որովհետեւ սա ընդհանուր դադար է, եւ մեծամասնությունը խաղերի սկզբնական հատվածում հարմարվելու են  դժվարություններով։ Լիոնի «Օլիմպիկի» դեմ խաղը մրցաշրջանի վերսկսվելուց հետո առաջիններից մեկն է լինելու, որն անցկացնելու է «Յուենտուսը»։ Այսինքն՝ այս դադարը ինչ-որ առումով թուրինցիների առաջ կանաչ լույս է վառում դեպի Զ եզրափակիչ։ Այդպիսի պայմաններում հիմնականում հաղթում են ավելի փորձառուներն ու կարգով բարձրերը. «Յուվեն», պարզից էլ պարզ է, որ կարգով գերազանցում է ֆրանսիական թիմին։  Եթե այս հարցին նայենք ողջ մրցաշրջանի կտրվածքով, ապա ի տարբերություն, օրինակ, Մադրիդի «Ռեալի»՝ այս դադարը ավելի շատ  կխանգարի Անյելիի թիմին, որովհետեւ «Յուվեն» մեծ դժվարությամբ, բայց արդեն հարմարվում էր «սարիբոլին»: Հնարավոր է, որ Սարին  ամեն ինչ սկսի անել նորից, ինչն էլ ժամանակատար է, որի ընթացքում էլ չեն բացառվում դառը պարտությունները, իսկ այդ պարտությունները Անյելին եւ թիմի մյուս ղեկավարները, հնարավոր է, հանդուրժել չկարողանան։

Մեկ բան հստակ է. արենա կվերադառնա մեկ այլ ֆուտբոլ, ամբողջովին փոփոխված նաեւ հոգեբանորեն, նախկին տեմպին վերադառնալու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։

Հիշեցնենք, որ  հետաձգված են աշխարհի գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները։ Եվրոպայում ֆուտբոլ շարունակում են խաղալ միայն Բելառուսում։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ 2019 թվականի նոյեմբերի 25-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն ներկայացրել էր օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ուսումնասիրել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը եւ կից փաստաթղթերը եւ առկա թերությունների վերաբերյալ գրավոր ծանուցել է ընկերությանը:

Հաշվի առնելով, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ չի վերացրել առկա թերությունները՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դադարեցրել է ընկերության՝ օդանավ շահագործողի վկայական ստանալու համար ներկայացրած հայտի հետագա ուսումնասիրությունը եւ առաջարկել անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ լինելուն պես կրկին դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ օդանավ շահագործողի վկայական ստանալու համար:

 

 

ԵՐԿԱԹԵ ԷԼԵԿՏՐԱՍՅՈՒՆՆ ԸՆԿԵԼ Է

Երեւանի Էրեբունի վարչական շրջանում  երկաթե հսկա էլեկտրասյունն ընկել է գետնին։ Բնակիչների խոսքով՝ հայտարարված կարանտինի ու սահմանափակումների պատճառով բարեբախտաբար փողոցում ո՛չ մարդիկ են եղել, ո՛չ էլ երթեւեկություն։ Որեւէ մեկը վնասվածքներ չի ստացել։ Մի քանի մետրանոց սյունը ընկել է մեքենայի վրա։ Օրեր առաջ հենց այս մեքենան կեսգիշերին բախվել է սյանը, ըստ երեւույթին սյունը վնասվել է հենց այդ վթարի ժամանակ։ Ոստիկանության պաշտոնական էջում վթարի վերաբերյալ տեղեկատվության մեջ ասված է. «Մարտի 29-ին՝ ժամը 23.00-ին, Երեւանի Էրեբունու փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ծառին, գովազդային վահանակին, ապա էլեկտրական հենասյանը, որին ամրացված լուսարձակն ընկել է կայանված «Մերսեդեսի» վրա. «Հունդաիի» 41-ամյա վարորդը եւ 20-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»: Ընդգծենք՝ վթարը տեղի է ունեցել հենց այն հատվածում, որտեղ ճանապարհային նշանների տեղադրման անհրաժեշտության ու բնակիչների պահանջին  ծանոթ էր թե՛ ՃՈ-ն, թե՛ քաղաքապետարանը:

 




Լրահոս