ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր երեկվա ուղիղ եթերի ժամանակ ուշագրավ հայտարարություններ արեց, այդ թվում, այսպես կոչված, «Սերժի մարդկանց»-ից ազատվելու անհրաժեշտության մասին։
«Հեղափոխությունից հետո ոչինչ մեզ չէր խանգարում այդ մարդկանց հատ-հատ տնից հանելու եւ սամասուդ անելու, եւ այսօր էլ մենք կարող ենք այդ հոխորտացող թափթփուկներին սամասուդ անել: Մարդիկ մեզանից պահանջում են, որ մենք աչք փակենք, որ իրենք կարողանան տներից հանել եւ փողոցում սատկացնել այդ հոխորտացող թափթփուկներին, բայց մենք հավատարիմ ենք մնալու վենդետա չանելու մեր խոստմանը»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ այսօր իշխանության մեջ նախկիններն ունեն իրենց մարդիկ, որոնց ինքն անվանում է «Սերժի մնացորդներ», եւ եկել է ժամանակը նրանց զտելու:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ այսօր էլ՝ հեղափոխությունից երկու տարի անց, պետական կառավարման համակարգում դեռեւս շատ են, ինչպես ինքը ձեւակերպեց, «Սերժի մնացորդները», ինչը նշանակում է, որ նախկին իշխանությունները դեռեւս շարունակում են ազդեցություն պահպանել պետական կառավարման համակարգում ու իրավապահ մարմիններում։ Սակայն այստեղ կարեւոր է, թե, ի վերջո, ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ այդպիսի որակում տալով, քանի որ հենց կառավարման համակարգի վերին օղակներում եւս կան պաշտոնյաներ, որոնք երկար տարիներ եղել են այդպիսին նաեւ մինչեւ հեղափոխությունը։
Երեկ՝ ԱԺ ճեպազրույցների ժամին, այդ հարցը բարձրաձայնեց նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հռետորական հարց ուղղելով. «Հայտարարություն էր արվել, որ մարդիկ կառավարությունում ծրարներով փող են ստացել։ Հարցը տվեցինք, ինչ-որ պինգ-պոնգի պես մեզ հետ ուղարկեց, մենք՝ իրեն, եւ այդպես էլ չպարզվեց՝ վերջը ինքը Սերժ Սարգսյանի կադրերին հարցրել է՝ նրանք ծրարով փող ստացել են, թե ոչ։ Փակվեց թեման, գնաց, հիմա էլ խոսում է Սերժ Սարգսյանի մնացորդներից։ Հիմա ես հարցեր ունեմ. օրինակ՝ Ջանջուղազյանը կարո՞ղ է համարվել Սերժ Սարգսյանի մնացորդ, թե՞ ոչ, կամ բնապահպանության նախարարը»։ Նկատենք, որ ընդդիմադիր այս խմբակցությունը մեկական անգամ հանդես է եկել վերը նշված նախարարներին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, սակայն իշխող խմբակցությունը տապալել է այն։ Այսպիսով, ինչպես նկատեց ընդդիմադիր պատգամավորը, նախարարների մեջ էլ կան նախկին պաշտոնյաներ.
նրանք են՝ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը (մինչ հեղափոխությունը եղել է նախարարի տեղակալ), շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը (վարչապետի օգնական, նախարարի տեղակալ), ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը (երկար տարիներ եղել է նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ), պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (եղել է փոխնախարար, ԱԻ նախարար)։ Այսպիսով, արդյոք խոսքը նրա՞նց մասին է, թե՞, ամեն դեպքում, մեկ կամ երկու աստիճան ցածր գտնվող պաշտոնյաների մասին։ Ինչ իրավիճակ է հենց այս նախարարություններում. օրինակ՝ նույն ֆինանսների նախարարն ունի երեք տեղակալ։ Նախարարի առաջին տեղակալը երկարամյա պաշտոնյա է, զբաղեցրել է պաշտոններ նաեւ դատախազությունում եւ ՊԵԿ-ում, այդ թվում եղել է ՊԵԿ նախագահի տեղակալ, խորհրդական։ Մյուս տեղակալ Արման Պողոսյանը մինչեւ այժմ տարբեր վարչություններում պետերի պաշտոն է զբաղեցրել, իսկ Արմեն Հայրապետյանը, բացի վարչություններ ղեկավարելուց, եղել է նախարարի տեղակալ։
Ստացվում է՝ Ֆինանսների նախարարության ղեկավար կազմը հին կադրեր են։ Շրջակա միջավայրի նախարարի երկու տեղակալներ՝ Վարդան Մելիքյանն ու Իրինա Ղափլանյանը, ղեկավար պաշտոններ նախարարությունում նախկինում չեն զբաղեցրել, եղել են տարբեր ծրագրերի ղեկավարներ։ Պաշտպանության նախարարի տեղակալներն են Մակար Ղամբարյանն ու Գաբրիել Բալայանը։ Ղամբարյանը երկար տարիներ աշխատել է ֆինանսների նախարարությունում։ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի տեղակալները երեքն են՝ Արա Նազարյանը, Արկադի Բալյանը եւ Արմեն Հարությունյանը։ Արա Նազարյանը համակարգում ամենեւին էլ նոր մարդ չէ, նա մինչ այս զբաղեցրել է նաեւ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը՝ դեռ նախորդ իշխանությունների օրոք։ Արկադի Բալյանը 1996-2017 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ օպերլիազորից մինչեւ գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոններ, 2017-2018 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակաատարողական հիմնարկի պետի պաշտոնը։ Իսկ, ահա, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ունի 5 տեղակալ։ Նրանցից Ավագ Ավանեսյանը մինչ այս վարչության պետերի պաշտոններ է զբաղեցրել, Վարոս Սիմոնյանը եղել է Եվրոպական միությունում ՀՀ առեւտրային ներկայացուցիչը: Այսպիսով, սա միայն այն նախարարությունների մասով, որոնք ղեկավարում են հենց նախկին իշխանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, սակայն նրանք կան նաեւ այլ համակարգերում։ Օրինակ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը եղել է արդարադատության նախարարի տեղակալ, Կամո Արեյանն էլ Երեւանի քաղաքապետարանի ամենաերկարակյաց պաշտոնյաներից է։ Ի վերջո, ովքե՞ր են «Սերժի մնացորդները», եւ ինչ է սպասվում նրանցից ազատվելուց հետո, արդյոք այդքան կադրային ռեսուրսներ առկա՞ են նրանց փոխարինելու համար։ Կամ ի՞նչ անեն այս եւ չթվարկված «սերժի մնացորդները», ինքնակամ դիմումներ գրե՞ն:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿԼԻՆԵՆ
««Իմ քայլը» խմբակցության համար այն, ինչ տեղի է ունեցել, անընդունելի է, եւ մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետեւանքներ»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին նախորդած կադրերի հրապարակմանը։ «Կարող են հնչել մեկնաբանություններ ոչ պրոֆեսիոնալիզմի տիրույթից կամ անփութության տիրույթից կամ դիտավորության, մեզ համար առաջին հերթին սա տեղեկատվական անվտանգության խնդիր է, եւ պատճառներն այս պահին մեզ քիչ են մտահոգում»,-ասել է նա։ «Ակնկալում ենք, որ կարճ ժամանակահատվածում այդ ամենն ունենալու է հետեւանքներ։ Այն անձինք, որոնք պատասխանատու են կատարվածի համար, պետք է նույնպես կրեն պատասխանատվություն, եւ եթե կարճ ժամանակամիջոցում դա տեղի չունենա, «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ՀՌԱՀ-ի խորհրդին հրավիրել խմբակցություն եւ ոչ միայն պահանջել, որ նման դեպքերը բացառվեն հետայսու, այլեւ զբաղվեն նաեւ պատասխանատվության առումով»,- ասաց Մակունցը։
ԿԱԶՄԱՔԱՆԴՈՂ
«Ես կարծում եմ, որ մենք առնվազն նվազագույն հարգանք պետք է ունենանք պետական եւ հոգեւոր ինստիտուտների հանդեպ, եւ մեզ համար քննարկելի չէ վեհափառի դիմումը, կոչը»,- ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Պատասխանելով հարցին, թե ինչպիսին է դիրքորոշումը կաթողիկոսի եւ եկեղեցու շուրջ ծավալված իրադարձությունների հանդեպ՝ Զոհրաբյանը շեշտել է, որ կոչի, դիմումի հասցեատերը դատարանն է, եւ դատարանը կորոշի՝ ինչպես վերաբերվել այդ հայտարարությանը։ «Իսկ այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, համարում եմ կազմաքանդող գործողություն, եւ այն կասեցնել է պետք»,-նշել է նա։
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Արցախի Հանրապետության պարետի՝ 20.04.2020թ. N8 որոշմամբ՝ Արցախի պետական սահմանի անցակետով ապրիլի 22-ից արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների ելքը որոշ բացառություններով: Նշվում է, որ բացառություն կարվի միայն բեռնափոխադրում իրականացնող վարորդի եւ նրան ուղեկցող անձի համար, ինչպես նաեւ տնտեսական կամ արտադրական, առողջապահական անհետաձգելի կարիքների դեպքում, թաղման, հոգեհանգստի մասնակցելու համար, ինչպես նաեւ մի քանի այլ կետերով եւս։
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՃԵԼ Է
Հայաստանի համախառն պետական պարտքը՝ դրամով արտահայտած, 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 650 մլրդ դրամ, իսկ, ահա, 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմում էր 3 տրլն 513 մլրդ դրամ: Իսկ, ահա, 2019 թվականի մարտի 31-ին պետական պարտքը կազմում էր 3 տրլն 372 մլրդ դրամ։ Սա ներառում է մեր երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքը: Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտքն է, որը 2019 թվականի վերջի դրությամբ կազմում էր 3 տրլն 276 մլրդ դրամ, իսկ, ահա, մարտի 31-ին կազմում է 3 տրլն 400 մլրդ դրամ։ ՀՀ պետական պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 3.91%-ով, իսկ 2019 եւ 2018 թթ. մարտի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 8.24%-ով եւ 10.42%-ով։ ՀՀ կառավարության պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 3.72%-ով, իսկ 2019 եւ 2018թթ. մարտի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 9.42%-ով եւ 12.86%-ով։ ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 6.58%-ով, իսկ 2019 եւ 2018թթ. մարտի 31-ի նկատմամբ նվազել համապատասխանաբար՝ 5.58%-ով եւ 14.7%-ով։ Հավելենք, որ վերջին տարիներին՝ մինչեւ 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճել է։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկել է, սակայն 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացել է։
ԿՈՒՂԱՐԿԻ ԴԱՏԱՐԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի Սերժ Սարգսյանի եղբորորդուն առնչվող քրեական գործերից մեկով եւ գործը կուղարկի դատարան: Ինչպես հայտնի է, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը կամ բոլորին առավել հայտնի Ֆրանկլին Գոնսալեսը: Վերջինս ԱԱԾ-ի կողմից մինչ օրս գտնվում է կալանքի տակ: Նշենք, որ ըստ ԱԱԾ ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաեւ զենք-զինամթերք: Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մեկ այլ դրվագով եւս՝ մարդ առեւանգելու եւ ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում, եւ այս քրեական գործով էլ նախաքննության ավարտ կհայտարարվի: Սակայն նշենք, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների, Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի վերաբերյալ ԱԱԾ նոր հաղորդում է ներկայացվել: Ըստ լուրերի՝ գումարի պարտք ու պահանջի հարց է եղել, որին մասնակից են եղել վերոնշյալ անձինք, ինչից հետո էլ եղել են կրակոցներ: