Ամեն տարի մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին ազդարարել է տարեշրջանի պաշտոնական բացման մասին։ Պայմանավորված արտակարգ դրությամբ` այս տարի Երևանի կենդանաբանական այգին փակ է։
Տարեմուտի օրն այս տարի ևս տոնական է եղել կենդանիների համար։ Այգու գրեթե բոլոր կենդանիների համար կազմակերպվել են տարբեր խաղեր և զբաղվածություններ։
Կենդանաբանական այգու աշխատակիցերն ամեն ինչ արել են, որպեսզի այգու բնակիչներին տան այն ջերմությունը, որն ամեն տարի այս օրը ստանում են այցելուներից։
(Գորշ արջերի մոտ վուշի պարանի վրա խնձորներ են ամրացվել, գետաձի Թայֆունի համար պատրաստվել է բանջարեղեններով տորթ, Բունկա անունով փղի համար պատրաստվել է գլուխկոտրուկ․ սնունդը՝ գնդակի մեջ):
Ի դեպ մարտի 15-ին այգում ծնվել է տարվա առաջին ձագուկը՝ շոտլանդական պոնի։ Կենդանու անունը այգու աշխատակիցները դրել են Ավետիս՝ բարի լուրի ակնկալիքով։
Առաջիկայում սպասվում են ծնունդներ նաև սմբակավոր կենդանիների մոտ․ եղնիկներ, մուֆլոններ, բեզոարյան այծեր։
2020 թվականին նախորդ տարվա համեմատ սպասվում են ավելի շատ ծնունդներ՝ պայմանավորված այգում առկա առաջնածիններով։
Երևանի կենդանաբանական այգում պահվում են անվտանգության բոլոր կանոնները, աշխատակիցներն ուշադիր են իրենց հոգածության տակ գտնվող կենդանիների առողջության նկատմամբ։