Ինչ ասում են, ճիշտ են ասում. հյուրանոցում ինքնասպան եղածի հայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 14-ին Երևանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Անի Պլազա» հյուրանոցում ինքնասպանություն գործած 42-ամյա Վարդգես Օրգուսյանն «Ամերիա» բանկի աշխատակից էր, վերջերս էր վերադարձել ԱՄՆ-ից` ամուսնալուծվելուց հետո:

Նշենք, որ տարածված լուրերի համաձայն` Վարդգես Օրգուսյանը մշտապես խաղատներ էր այցելում և կուտակած պարտքերի պատճառով էր այդ քայլին գնացել, ինչը, սակայն, նրա հայրը կտրականապես հերքեց:

Վարդգեսի հաշմանդամ հայրը` Գրիշա Օրգուսյանը, Armlur.am-ի հետ զրույցում հրաժարվեց որդու ինքնասպանության հավանական պատճառների մասին խոսել, կամ, ինչպես ինքն ասաց, բարձրաձայնել: Որդեկորույս հայրը նշեց միայն, որ այն, ինչ խոսում են որդու մասին, ճիշտ է:

«Ճիշտ են ասում, ինչ ասում են: Միայն կասեմ, որ տղաս խաղատներում չէր խաղացել և պարտքեր չէր կուտակել»,- եզրափակեց Գրիշա Օրգուսյանը:

Օրգուսյանների պատկից հարևանը` Գոռը, վստահեցրեց, որ ինքնասպանություն գործած Վարդգեսն ամբողջ շենքում միակն էր, ում բոլորը, առանց բացառության, սիրում, հարգում և վստահում էին:

«Եթե ոչ ամեն օր, ապա գոնե երկու օրը մեկ հանդիպում էինք, ու երբեք նրա կողմից որևէ տարօրինակ կամ վիրավորական պահվածք չեմ նկատել: Կարող եմ վստահ ասել, որ Վարդգեսը էն եզակի մարդկանցից մեկն էր, ում բոլորս սիրում ու հարգում էինք, ու ինքն էլ բոլորին հարգանքով էր վերաբերվում: Շենքում ոչ մեկի հետ խնդիրներ չուներ, ոչ մեկին չէր նեղացնում կամ վիրավորում: Թե դրսում ում հետ էր շփվում, ինչ էր անում, չեմ կարա ասեմ, բայց ինչքանով իրան եմ ճանաչել, չեմ պատկերացնում, որ իրա նման մարդը կարող էր թշնամիներ կամ «չուզողներ» ունենալ»,- շարունակելով խոսքը` ասաց Վարդգեսի հարևանը:

Իսկ նրա մյուս հարևանը` Ավագը, նշեց, որ Վարդգեսի ողջ ընտանիքն է բարեկիրթ, տան միակ զավակն էր, ապրում էր ծնողների հետ:

«Շատ հանգիստ, համեստ տղա էր: Մորը օգնում էր, միշտ լիքը վեշերով տուն էր գալիս: Հարևանների հետ բարեհամբույր էր: Կյանքում չենք կարա ասենք, որ խուլիգան ա էղել կամ էլ հարբեցող: Մենք իրա հարևաններն ենք, հաստատ կարանք ասենք, որ իրա նման համեստ մարդ ամբողջ շենքում չկա»,- ասաց հարևանը:

Վ. Օրգուսյանենց շենքի համատիրության կողմից լիազորված անձը` Մարիետա Հարությունյանը, Armlur.am-ին հայտնեց, որ Վարդգեսը երեխաներ չուներ, իսկ նախկին կնոջ հետ ամուսնացել էր մոր և մոր ընկերուհու միջնորդությամբ:

«Կինը մոր ընկերուհու աղջիկն է: Ամուսնացան, գնացին Ամերիկա: Լավ էին ապրում, մայրն ասում էր` ամեն ինչ լավ ա: Բայց վերջերս Վարդգեսը վերադարձավ Ամերիկայից` առանց կնոջ. պարզվեց` բաժանվել են: Թե ինչու էդպիսի բան արեց, բոլորի մեջ մութ մնաց: Շնորհքով, համեստ տղա էր: Աշխատում էր անընդհատ: Որ օրն էլ չէր աշխատում, մորն էր օգնում շուկայի աշխատանքներում: Հայրն էլ պաշտոնով մարդ էր: Հիմա հաշմանդամ ա: Հորն ու մորն ինքն էր պահում»,- տեղեկացրեց Մ. Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հյուրանոցի 10 համարի սենյակի լոգարանում ինքնասպանություն գործած Վարդգես Օրգուսյանին հայտնաբերել էր հավաքարարը, ով վախից ուշագնաց էր եղել: Վ. Օրգուսյանը հյուրանոցում միայն մեկ օրով էր սենյակ վարձել, սակայն մեկ օրը չլրացավ. առավոտյան վաղ նա իրեն կախել էր:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են:




Լրահոս