ԱՊՏԱԿ, ՔԱՇՔՇՈՒԿ, ԲՌՆՈՒԹՅՈՒՆ… ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու երեկվա նիստում տեղի ունեցածն այլ կերպ, քան խայտառակություն, դժվար է անվանել: Իշխող ՀՀԿ-ն երեկ հերթական անգամ ի ցույց դրեց իր գարշելի կերպարը, նույնքան գարշելի, որքան երեկ ավագանու նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների միջոցով տարածված կոյուղաջրերի գարշահոտությունն էր: Տեղի ունեցածին հավանաբար շատերն են հասցրել ծանոթանալ համացանցում տեսանյութերի միջոցով:

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն ավագանու նիստին ներկայացել էին ապակյա տարաներով՝ լցված կոյուղաջրերով. դրանք ԵԾ անդամների միջոցով ուղարկել էին Նուբարաշեն համայնքի բնակիչները, իրենց համայնքում ստեղծված իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Տարածված գարշահոտությունը ստիպեց ավագանու մի քանի անդամների նույնիսկ դուրս գալ դահլիճից: Հետո «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները տարաներով մոտեցան Տարոն Մարգարյանին. վերջինս ակնհայտ խառնվեց. «Դեմներն առե՛ք, դեմներն առե՛ք, շուտ-շուտ»,- անհանգստացած կարգադրում էր քաղաքապետը: Արագ վրա հասան քաղաքապետարանի աշխատակիցները` փորձելով խլել կեղտաջրերով լի տարաները, բայց ԵԾ անդամները այն հասցրին թափել քաղաքապետի սեղանի վրա: Ու սկսվեց ծեծկռտուքը:
Հիմնական դերակատարները մի քանիսն էին, ովքեր բռնություն կիրառեցին ԵԾ անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ, ապտակեցին, քաշեցին մազերից եւ ուժի գործադրմամբ նրան դուրս հանեցին դահլիճից: Գլխավոր դերերում էին Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Հովհաննես Ավանեսյանը, Սերգեյ Մկրտչյանը, ովքեր հրելով նրան դուրս էին տանում: Արդեն սենյակի մեջտեղում քաշքշուք սկսվեց Խաչատրյանի եւ ՀՀԿ-ական անդամ Էդմոնդ Կիրակոսյանի միջեւ, եւ վերջինս ապտակեց Խաչատրյանին, որից հետո նրան թիկունքից մազերից սկսեց քաշել Վասպուրական Մարտիրոսյանը: Սակայն Մարինա Խաչատրյանն այդպես էլ չէր ցանկանում դուրս գալ սենյակից եւ շարունակում էր վիճել ավագանու անդամների հետ: Գոռգոռոցներ, հայհոյանքներ: Այստեղ իր գործընկերներին օգնության եկավ քաղաքապետի խորհրդական, կարատեիստ Գոռ Վարդանյանը եւ գրկելով նրան` ուժով հեռացրեց նիստերի դահլիճից: Այդ ընթացքում ՀՀԿ-ականներն ահազանգել էին շտապբուժօգնության ծառայություն` հոգեբույժներ հրավիրելով, միաժամանակ վատացավ ավագանու անդամներից Մարտին Վարդազարյանի առողջական վիճակը, եւ նրան էլ շտապբուժօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Կարճ ասած, Երեւանի ավագանու նիստում անկառավարելի վիճակ էր:
Ավագանու «Ելք» խմբակցության անդամներն այդ ամբողջ ընթացքում փորձում էին օգնել իրենց կին գործընկերներին, սակայն ՀՀԿ-ականների դեմ պայքարել այդպես էլ չէր հաջողվում: Այս աժիոտաժից հետո ընդմիջում հայտարարվեց, եւ նիստը շարունակվեց միայն սենյակը կարգի բերելուց հետո: Սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց, նիստի մյուս հատվածում եւս միմյանց հասցեին ուղղված վիրավորական խոսքերը չէին դադարում: Օրը եզրափակվեց արդեն քաղաքապետարանի առջեւ ակցիայով, երբ ի պաշտպանություն «Երկիր Ծիրանի»-ի` քաղաքացիներ էին եկել, սակայն ոստիկանները նրանց բռնի ուժով հեռացրին:
Միջադեպի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցեր է ուղղել ավագանու անդամներին:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյան


-Պարո՛ն Խաժակյան, ինչպե՞ս եք գնահատում այսօր «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների քայլն ու ՀՀԿ-ականների պահվածքը:
-Մենք ասացինք, որ այն գործիքակազմը, որը ընտրել է «Երկիր Ծիրանի»-ն, մեզ համար խորթ է, եւ միանշանակ այն խաթարում է ավագանու գործունեությունը: Մենք նաեւ ասացինք, որ այն քայլերը, որ կիրառվեցին նրանց հանդեպ, մեզ համար դատապարտելի են: Եվ այն դուրս է միջադեպը պարզապես կանխելու ենթատեքստից, այն նաեւ կրում էր բռնության բնույթ, որը եւս տեսաք տեսանյութերում:
-Այսինքն` ԵԾ-ն կարո՞ղ էր այլ ձեւերով այդ հարցը բարձրաձայնել:
-Ես վստահ եմ, որ հարցը բարձրացնելու այս տարբերակը, բացի նրանից, որ արդյունք չունի հարցի լուծման տեսանկյունից, նաեւ վնասում է ավագանու ինստիտուտի հեղինակությանը:
-Օրինակ` ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սա եւս մեկ ապացույց է, որ ՀՀԿ-ականների հետ պետք է միայն բռունցքներով խոսել: Փաստորեն Դուք համակարծի՞ք չեք:
-Ես, անկեղծ ասած, տվյալ կոնտեքստում չեմ հասկանում բռունցքներով խոսելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որովհետեւ չեմ հասկանում` ինչպես կարող էինք մենք՝ մեր 14 անդամներով, բռնցքամարտի բռնվել ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ, որոնք թվով մեզնից երեք անգամ ավելի շատ էին: Մենք փորձում էինք այսօր բաժանել, հանդարտեցնել, որովհետեւ ակնհայտորեն բռնություն էր տեղի ունենում, հարվածներ երկու կողմից:

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ալինա Քուշկյան


-Տիկի՛ն Քուշկյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր խմբակցության անդամների պահվածքը, երբ նրանք ուժով դուրս են հրավիրում դահլիճից:
-Եկեք այսպես մեկնաբանենք` չէ՞ որ դա առողջությանը վնաս է: Ես կարծում եմ, որ «Երկիր Ծիրանի»-ի պահվածքը սխալ է, հարցերն այդպես չեն լուծվում: Մենք 21-րդ դարում ենք, եւ պետք չէ վարկաբեկել Երեւանի քաղաքապետարանին:
-Բայց դա արդարացնո՞ւմ է ՀՀԿ-ականների կողմից բռնություն կիրառելու փաստը:
-Նախ եւ առաջ, ես չեմ տեսել այդ պահը: Բայց մի քիչ էլ կինը չպետք է իրեն այդպես պահի: Ես չեմ արդարացնում, չեմ տեսել այդ ամենը, բայց ամեն անգամ այդպիսի պայմաններում ենք աշխատում: Դուք ի՞նչ եք կարծում` դա նորմա՞լ էր:
-Դուք չեք տեսել, բայց ճի՞շտ եք համարում բռնությունը:
-Ես չեմ տեսել` բռնություն եղել է, թե ոչ: Երբ որ տեսնեմ, իմ պատասխանը կտամ: Ո՛չ, ես չեմ արդարացնում, աղջիկ ջա՛ն, բռնությունը ո՛չ տղամարդու կողմից, ո՛չ ընտանիքում, ո՛չ մի տեղ: Բայց կինն էլ պետք է իրեն պատշաճ պահի, հասկանո՞ւմ եք: Բացի նրանից, ոչ միայն կինը, նա ոչ միայն քաղաքացի է, այլ նաեւ ավագանու անդամ, ասածս դա է: Ո՞նց եք կարծում՝ վաղը, մյուս օրը կարող է` մի բան էլ իմ դուրը չգա, ես ինչ-որ մի բան բերեմ, լցնե՞մ, ժավել լցնե՞մ, ի՞նչ կասեք՝ չեք ասի` այս կնոջ հետ ինչ պատահեց: Իմ ասածը նորմալ մեթոդ չէ, սխալ ձեւ է, ասածս դա է:
Հ.Գ. Հավելենք, որ ԵԾ ղեկավար Զարուհի Փոստանջյանը, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով իրենց արարքը, նշեց, թե այդպես փորձում էին քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրել կարեւոր խնդրի վրա: «Մենք ուզում էինք սթափեցնել ավագանու անդամներին եւ քաղաքի իշխանություններին, որ տարիներ շարունակ Նուբարաշենում կոյուղաջրերը լցվում են քաղաքացիների բնակարանների տարածք: Մենք ուզում էինք, որ այդ հոտը զգան: Երեկ դա մեզ տրամադրել են ՀՀ քաղաքացիները՝ որպես նվեր Տարոն Մարգարյանին, եւ ասել են՝ փոխանցեք, թող այդ հոտը քաշեն եւ տեսնեն՝ ինչպես կարելի է այդ հոտի ներքո երեխաներ մեծացնել»:
Մենք, իհարկե, չենք արդարացնում ԵԾ անդամների պահվածքը, բայց եւ չենք կարող չասել, որ ՀՀԿ-ականներն էլ իրենց պահում էին ամենավերջին փողոցային խուլիգանի պես, երբ ապտակում էին կնոջը, քաշում մազերից: Ու հիմա իրավապահները պարտավոր են այս ամենն անարձագանք չթողնել:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԱՆՋԱՏՎԵՑ
ԱԺ ընտրությունների ժամանակ հանուն ՀՀԿ-ի լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած Ջուլիետա Կոկոլյանի մասով գործը անջատվեց: Հիշեցնենք` 2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում Լեւոն Գասպարյանը եւ Ջուլիետա Կոկոլյանը լրագրող Շողիկ Գալստյանի եւ Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն էին գոծադրել` խոչընդոտելով վերջիններիս լիազորությունների իրականացմանը: Տեւական ժամանակ էր, ինչ Ջուլիետա Կոկոլյանը դատական նիստերին չէր ներկայանում` նշելով, թե հիվանդ է, հոգեմետ դեղեր է ընդունում: Այդ պատճառով դատական նիստերը չէին կայանում, եւ որոշում ընդունվեց Ջ.Կոկոլյանի նկատմամբ հայտարարել հետախուզում, նրա մասով գործը անջատել եւ քննել առանձին: Եվ ահա անջատված մասով գործը արդեն մուտքագրվել է Երեւանի քաղաքի դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Կոկոլյանի պաշտպան Արայիկ Գրիգորյանից մեկնաբանություններ ստանալ, սակայն նա ասաց, թե ոչնչից տեղյակ չէ: Իսկապես, տարօրինակ է. Կոկոլյանն ու նրա նմանները հուզվում են միայն հանցանք կատարելուց հետո` արդարադատության առաջ կանգնելիս: Իսկ ահա ընտրությունների օրը հանուն ՀՀԿ-ի կեղծիքներ անելիս, ընտրակաշառք բաժանելիս նրանք չեն մտածում պատասխանատվության մասին, չեն մտածում, որովհետեւ «փողի հոտից» էյֆորիայի մեջ են հայտնվում: Մեկ փաստ էլ. տպավորություն է, թե ոստիկանությունն առանձնապես հակված չէ հայտնաբերելու Կոկոլյանին, երեւի հանձնարարական կա ընտրակեղծարարներին ներելու մասին:

 

 

ՆԱԽՕՐՈՔ ԳԱԶԻ ԳՈՒՄԱ՞Ր ԵՆ ՈՒԶՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրավաբանական անձանցից, մասնավորապես արտադրական մի շարք հաստատություններից նախապես պահանջում է սպառվելիք գազի վարձավճարը: Այսինքն՝ նրանք զբաղված են կանխավճարներ հավաքելով. ընկերության տեսուչները տեւական ժամանակ է՝ այցեր են կատարում իրավաբանական տարբեր անձանց գրասենյակներ՝ հորդորելով նախապես մուծել գումարը: «Գազպրոմ Արմենիա»-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` պարզաբանեցին, որ մատակարարը կազմակերպության կողմից վճարման ուշացման դեպքում իրավունք ունի հաջորդ 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը կրկնվելու դեպքում վերջին խախտման վերացմանը հաջորդող 3 ամիսների ընթացքում պահանջել վճարելու կանխավճար կամ ներկայացնել վճարման այլ երաշխիք: Սա կարգավորվում է համապատասխան օրենքով: Ի դեպ, վճարման մեծությունը չպետք է գերազանցի կազմակերպության նախորդ տարում օգտագործած բնական գազի ծախս ունեցած ամիսների միջին ամսական արժեքի 50 տոկոսը: Խախտմանը հաջորդող 1 տարվա ընթացքում դրա 3-րդ անգամ կրկնվելու դեպքում մատակարարն իրավունք ունի հաջորդող 6 ամիսների ընթացքում պահանջել վճարելու կանխավճար կամ ներկայացնել վճարման այլ երաշխիք:

 

 

ՓՈԽՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԸ
Մինչ ԱԺ «Ելք» խմբակցությունը փետրվարի 16-ին արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ է հանդես եկել, որպեսզի քննարկի «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը, նման նախաձեռնությամբ արդեն հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում հրապարակվել է օրենքների նախագծերի փաթեթ: Մասնավորապես հիմնավորման մեջ նշվում է, թե այն անհրաժեշտ է կոնյակի ու բրենդսիի սպիրտներ արտադրող եւ ներմուծող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար: Մասնավորապես առաջարկվում է փոխել կոնյակի ակցիզային հարկման բազան եւ ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանել իրացվող 1 լիտրի հաշվարկով եւ բարձրացնել շշալցված հայկական կոնյակների համար սահմանված իրացման նվազագույն գինը:




Լրահոս