Իշխանությունները չներեցին Ժիրայր Սէֆիլյանին քառօրյա պատերազմի մասին բացահայտումները. քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է, որ «Հիմնադիր խորհրդարանի ղեկավար», Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ երեկ կայացված դատավճիռը՝ 10.5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, քաղաքական պատվեր էր: Սէֆիլյանը, հիշեցնենք, մեղադրվում էր զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու եւ շենք-շինություններ գրավել ծրագրելու մեջ:

Բայց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ մոտ մեկ տարի անցկացված դատաքննության ժամանակ այդպես էլ չներկայացվեցին հիմնավոր փաստարկներ՝ ապացուցելու Սէֆիլյանի մեղավորությունը: Ընդհակառակը, ողջ դատաքննությունը հիշեցնում էր վատ բեմադրված տրագիկոմեդիա. նիստերի մեծ մասին Սէֆիլյանին թույլ չեն տվել մասնակցելու, նրան դատավորը զրկեց վերջին խոսքով հանդես գալու իրավունքից, իսկ երեկվա դատավճիռն էլ եկավ ապացուցելու պարզ ճշմարտությունը, որ ընդդիմադիր գործչի հանդեպ իրականացվում է հաշվեհարդար: Նրա կողմնակիցներից «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ալեք Ենիգոմշյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ իշխանությունները Սէֆիլյանին չեն ներել ապրիլյան պատերազմի մասին բացահայտումները, երբ հայտարարել էր 800 հեկտար կորցնելու մասին:

Ենիգոմշյանը նաեւ հիշեցրել է, որ միայն Սէֆիլյանի հայտարարությունից հետո իշխանությունները, հանձին Սերժ Սարգսյանի, հաստատեցին տարածքային կորուստների փաստը: «Այս կերպ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ինչ է լինում այնպիսի մարդկանց հետ, ովքեր փորձում են պայքարել հանուն ժողովրդի:

Սէֆիլյանի նկատմամբ այս «պատիժը» նաեւ օրինակ ծառայելու նպատակ է հետապնդում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Սէֆիլյանը 1.5 տարվա ազատազրկման էր դատապարտվել նաեւ 2007 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս