Արհեսատական խոսակցություններ են. Արա Խզմալյանը` Մհեր Մկրտչյանի 90-ամյակի շուրջ ստեղծված քննադատությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` համացանցում բուռն քննարկումներ են գնում այն մասին, թե ինչու Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես հարկն է չի շնորհավորել եւ ուղերձով հանդես չի եկել հայ ազգի մեծն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարծիք հայտնեց, որ բարձրացված աղմուկը պարզապես արհեսատական է: Խզմալյանը նկատում է, որ մեծանուն հոբելյարի ծննդյան օրը թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ այցելել են պանթեոն, ծաղիկներ  խոնարհել, խունկ  վառել եւ նախարարության կայքեջում տեղադրել Մհեր Մկրտչյանի մասին գնահատանքի խոսքը ներկայացնող տեսանյութ:

«Այն, ինչն անում է նախարարի տեղակալը, դա, ըստ էության, նույն նախարարի մանդատներն ու ֆունկցիաներն են, եւ եթե ոլորտը համակարգող տեղակալը մասնակցում է ինչ-որ միջոցառման կամ արարողության, ապա նա այդ պահին ներկայացնում է նախարարությունը եւ նախարարին: Ես կարծում եմ, որ սա արհեստական խոսակցություններ են: Ինչո՞ւ նախարարը չէ, տեղակալն է: Յուրաքանչյուր ոլորտ ունի իր համակարգող նախարարի տեղակալը, եւ նախարարի տեղակալը ներկայացնում է նախարարության դիրքորոշումը»,-նշում է Արա Խզմալյանը:

Նա նաեւ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ հանգուցյալներին շնորհավորական ուղերձ չեն հղում, այլ մատուցում են հարգանքի տուրք: Արա Խզմալյանի դիտարկմամբ` այս համաճարակային պայմաններում ավելին անել չէին կարող: «Ի՞նչ կարող էինք անել, իսկ պա՞րզ չէ, որ Մհեր Մկրտչյանն այն անունն է, որ եթե ոչ այսօր, ապա առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ մենք կարողանանք իրականացնել միջոցառումներ, ապա մենք դա անելու ենք»,-հավելում է փոխնախարարը:

Հավելենք, որ հուլիսի 4-ին Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակի առթիվ Գյումրու քաղաքապետարանը մեծ արտիստի տուն-թանգարանին է հանձնել Գյումրու պատվավոր քաղաքացու շքանշանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս