ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վարորդները վազում են ընդեղ, որտեղ էժան է». հեղուկ գազի որակն անհանգստացնող է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վարորդները սկսել են բողոքել հեղուկ գազի որակից: Նախկինում հեղուկ գազ օգտագործող վարորդներին մատների վրա կարելի էր հաշվել: Իսկ ահա վերջին շրջանում հանրապետությունում ավելացել է այն վարորդների թիվը, որոնք սկսել են օգտագործել հեղուկ գազ:

Ըստ մասնագետների՝ վարորդների մոտ 80 տոկոսը հիմա հեղուկ գազի համար նախատեսված գազաբալոն է տեղադրում իր մեքենայի մեջ, քանի որ այն շահագործման համար ավելի նպատակահարմար է, որակյալ է, խնդիրներ չի առաջացնում, մեքենան չի փչանում, քան սեղմված բնական գազ օգտագործելու դեպքում: Սակայն արդեն մի քանի օր է՝ վարորդները դժգոհում են՝ նշելով, որ հեղուկ գազի որակը սկսել է վատանալ: Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ՙԷքսպերտ թեչ՚ ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանի հետ.

«Ներմուծվող գազ է, ցիստեռներով են բերում, կարող է եւ վատ որակ լինի: Տարբեր կազմակերպություններից են վերցնում, հիմա նայած թե որտեղից են վերցրել, որ երկրի գազն է. ներմուծողները շատ են, դրանց հետեւել՝ վատ գազ, լավ գազ, սուբյեկտիվ բան է: Չեմ կարծում, թե ինչ որ վնասներ տա, ուղղակի մեր վարորդներն են, մի 10 կմ պակաս են քշում, դա ա՝ վատ որակ է: Դա միշտ կա, այդ խոսակցությունները կան… Հիմա որ ձրի լինի գազը, գան լցնեն, մի շաբաթ հետո կասեն՝ վատ գազ է, չեն ասի՝ ձրի էր: Մեքենան չի փչանա, ընդամենը այդտեղ շատ ու քիչ քշելու խնդիրն է. մեկ լիցքավորման դեպքում շատ են քշում, մյուսի դեպքում՝ քիչ, հիմնականում դա է խնդիրը: Հետո գիտեք ինչ, վազում են այնտեղ, որտեղ էժան է, իսկ էժանը ցանկացած բանի, լավ գիտեք՝ լավ չի լինում… Գիտեք, ինչ ներմուծողները որ բերում են, այնտեղ գրվում է՝ բութանը քանի տոկոս է, պրոպանը՝ քանի… ես կարող եմ ասել, որ պրոպանի քանակն ինչքան բարձր է, այնքան գազի որակը լավն է, հիմա նայած թե որտեղից են առել …»:

Տեղեկացնենք, որ այսօր շուկայում հեղուկ գազի մեկ լիտրը 180 դրամով է վաճառվում: Հայաստան մտնող հեղուկ գազի մեծ մասը ներկրվում է Ռուսաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Իրաքից:

Ս.Հ.




Լրահոս