Ձվի գինն առաջիկայում 50 դրամից չի բարձրանա. ինչ ակցիաներ են նախատեսված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանյան որոշ խանութներում եւ սուպերմարկետներում ձու չկա: Եթե ձու կա, ապա փոքր խանութներում այն էլ՝ 90 դրամ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ քաղաքացիներից: Նրանց պատմելով, սուպերմարկետներում փոքր չափի մեկ հատիկ ձուն սկսում է 75 դրամից, միջինը 86 դրամից, իսկ մեծ չափի ձվի մեկ հատիկի գինը սկսում է 100 դրամից: Բայց փոքր խանութներում եւ շուկաներում հնարավոր է ձեռք բերել հատիկով ձուն, հատն էլ՝ 90 դրամից սկսած: Այս թեմայի շուրջ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց իր պարզաբանումը.

«Մենք խնդրել ենք պետական մարմիններին ձվի շարժը՝ արտադրությունից մինչեւ խանութ եւ խանութից դուրս ուսումնասիրել: Մեր կարծիքով, արհեստական դեֆիցիտ առաջացնում են միջնորդ կազմակերպությունները, մեր առաքիչները, այդ թվում` նաեւ փոքր խանութները: Մարտի 23-ից սկսել է ձվարկումը եւ մենք առաջիկայում ակցիաներ ենք կազմակերպելու, որտեղ ձվի գինը 50 դրամից չի բարձրանա: Բայց շատերը այս պահին իրենց ձեռքերը տաքացնում են այս խնդրի վրա, հատկապես մեր էքսպեդիտորները, որոնց դուրս ենք թողել մինչեւ Զատիկի տոնը: Նրանցից ամեն մեկը 5-6 դրամ փող է աշխատում, այժմ մենք ուղիղ առաքում ենք իրականացնում խոշոր ցանցերին: Բայց մինչ այդ նրանք վերցնում են ձուն եւ տալիս փոքր խանութներին, որոնք 85-90 դրամով են վաճառում»:
Մասնագետի խոսքերով, նախորդ տարի մեր հանրապետությունում չնայած հավկիթի արտադրության ծավալների աճին, մարտից մինչեւ նոյեմբերի վերջ տնտեսվարողները չեն կարողացել ածան հավերի գլխաքանակը թարմացնել, մինչդեռ տարվա մեջ այն պետք է երկու անգամ թարմացվի:

«Մենք նախորդ տարի չկարողացանք դա անել, ճանապարհները փակ էին կապված համավարակի, պատերազմի, ռազմական իրավիճակի հետ: Մենք ստիպված եղանք Հոլանդիայից, Գերմանիայից, Վենգրիայից ավելի թանկ գնով ձեռք բերել ինկուբացիոն ձու եւ ճուտ, որպեսզի կարողանանք մեր գլխաքանակը թարմացնել: Բայց այդ քանակը դարձյալ բավարար չի եղել եւ չարտերային թռիչքով մենք Գերմանիայից մեկ օրական ճուտ բերեցինք թանկ գնով, որ գոնե կարողանանք մեր շուկան պահել: Նույնիսկ Ռուսաստանը չկարողացավ իր պարտավորությունները մեր նկատմամբ կատարել: Ինչ որ մենք բերել ենք դրել ենք ժամկետը ուշ է եղել. պետք է մարտի սկզբներին հասցնեինք ձվարկումը, հիմա դա մարտի վերջին է տեղի ունենալու»,- բացատրեց մասնագետը:

Թռչնաբույծի խոսքերով, մարտի 23-ից սկսել է ձվարկումը ու առաջիկա օրերին ակցիաներ են տեղի ունենալու: «Մենք փորձում ենք սպառողին ասել, որ խուճապի չմատնվեն, որովհետեւ Զատիկին կհասցնենք»,- լրացրեց մասնագետը: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից փոխանցեցին, որ հավկիթի շուկան իրենց ուշադրության կենտրոնում է: Մեզ մնում է հուսալ, որ ՏՄՊՊՀ-ն հետեւողական կլինի եւ թույլ չի տա Զատիկին ընդառաջ հավկիթի շուկայում գնային անհիմն բարձրացումներ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս