Արցախի ՄԻՊ-ը՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է երեկ՝ մարտի 28-ի գիշերը զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա ադրբեջանցիների կողմից քարեր նետելու միջադեպին:

Պաշտպանը կապ է հաստատել մեքենայի վարորդի հետ: Վերջինիս փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «Շուշի» ենթակայանից մոտավոր երկու կիլոմետր դեպի Բերձոր (Շուշի-Լիսագոր) հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով է հարվածողը, սակայն, իր փոխանցմամբ, հարվածները եղել են դիմահար, ինչը նվազեցնում է ճանապարհի մերձակա ժայռերից քարաթափման հետևանքով մեքենայի վնասվելու հնարավորությունը:

«Հաշվի առնելով, որ դեպքը արձանագրվել է Շուշի քաղաքի մերձակայքում, բարձր է հավանականությունը, որ մեքենան քարկոծվել է ադրբեջանցիների կողմից: Այդ պարագայում, սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվում է քաղաքական ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ հայտարարությունը՝ սպառնալիք հարուցելով ԱՀ և ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությանն ու գույքին:

Կարևոր է ընգծել նաև, որ մեքենան տեղափոխում էր զոհված զինծառայողների մարմիններ, այսինքն՝ իրականացնում էր հումանիտար գործառույթ:

Մարդու իրավունքների պաշտպանը Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում արձանագրված դեպքին և կոչ անում իրականացնել բազմակողմանի քննություն՝ միջադեպի հանգամանքները բացահայտելու նպատակով»,- ասված է Պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:




Լրահոս