Ռուսաստանին սպառնում է զենքի ներկրման էմբարգո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության անդամ երկրների Արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կայացած մարտի 3-ի հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի վրա հակազդեցության հնարավոր միջոցների մասին, եթե վերջինս հրաժարվի ռազմական զորամասեր վերադարձնել Ղրիմում տեղակայված ռազմական ուժերը:

Ինչպես հայտնի է դարձել Agence France-Presse -ին, ստորագրման առաջադրված ռեզոլյուցիայում առանձին կետ է եղել Ռուսաստան զինամթերք ներկրելու վրա էմբարգո դնելու մասին:

Զենքի վերաբերյալ էմբարգոյի կետը փաստաթղթի մեջ փակագծերի մեջ է ներառված եղել, ինչը նշանակում է, որ կետը հետագայում տեքստի մեջ ենթակա է փոփոխման կամ հեռացման: Ինչպես նշված է փաստաթղթում, Ռուսաստանի դեմ հակազդեցության միջոցներ կարող են ձեռնարկվել միայն այն դեպքում, եթե կողմերը համաձայնության չգան, կամ եթե Ռուսաստանի կողմից «բացասական բնույթի գործողություններ լինեն Ուկրաինայի նկատմամբ»:

Բացի այդ, ըստ Reuters -ի տվյալների, եվրոպացիները հայտարարել են, որ դադարեցնում են Ռուսաստանի հետ ազատ վիզային ռեժիմի վերաբերյալ բանակցությունները:

Նիդեռլանդների Արտաքին գործերի նախարար Ֆրանս Թիմմերմանսը դեռ հանդիպման սկզբում հայտարարել է, որ չնայած պատժամիջոցները Ռուսաստանի վրա դեռ չեն կիրառվում, բայց դրանք կկիրառվեն, եթե Ռուսաստանը Ղրիմի վերաբերյալ իր դիրքորոշումը չփոխի: Մոսկվայից պահանջվում է դադարեցնել  «Ղրիմի փաստացի օկուպացիան», այնտեղ տեղակայված զորամիավորումները վերադարձնել իրենց զորամասերն ու սկսել բանակցություններ Կիևի նոր իշխանությունների հետ, հաղորդում է ռուսական lenta.ru կայքը:

Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ գործում է միջազգային իրավունքի սահմաններում, ինչն իրեն թույլ է տալիս ձեռնարկել հնարավոր միջոցներ պաշտպանելու համար Ղրիմում գտնվող ռուսահպատակներին ու ռուս զինծառայողներին:

Մարտի 1-ին Դաշնային խորհուրդը թույլատրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ռուսական զորքերն օգտագործել Ուկրաինայում, ինչը Կիևի և Արևմուտքի կողմից որակվեց որպես ներխուժման փորձ:

Ներկա պահին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Ղրիմում տեղակայված զորամասերն արգելափակված են առանց տարբերանշանների համազգեստով զինված մարդկանց կողմից: Ուկրաինական կողմի հավաստիացումների համաձայն, այդ մարդիկ ռուս զինծառայողներ են, ովքեր ուկրաինական զորամասերի անձնակազմի անդամներին կոչ են անում հանձնել զենքերն ու լքել զորամասերը. ուկրաինացիները դեռ հրաժարվում են ենթարկվել պահանջին:

Իրավիճակը պարզելու համար Ուկրաինա են ուղևորվել ԵԱՀԿ-ի դիտորդական խմբերը, եթե իհարկե Ռուսաստանը դեմ չլինի, որ Ղրիմում իր գործունեությունը ծավալի ԵԱՀԿ դիտորդական խումբը:

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը:

 

 




Լրահոս