Փետրվարի 5-ին ծնվել է երգչուհի, ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆլորա Արտաշեսի Մարտիրոսյանը (փետրվարի 5, 1957, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ – նոյեմբերի 20, 2012, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ) հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, “Artists for Peace” բարեգործական կազմակերպության հիմնադիր, “Never Again” մշակութային շարժման նախաձեռնող է եղել։ Հայտնի է ժողովրդական երգերի կատարմամբ։

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թվականի փետրվարի 5-ին Գյումրիում։ Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում չորս երեխա էին՝ երկու տղա, երկու աղջիկ։ Ֆլորան ամենափոքր երեխան էր։ Վոկալ տվյալները ժառանգել է մորից։ Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։

1973 թվականին նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին։ 1987 թվականին ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։ 1991 թվականին նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ՝ Լոս Անջելես։

1997 թվականին նրանք վերադառնում են Երևան։ 1997-2001 թվականներին նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։

2001 թվականին ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես։ 2002 թվականին Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։

2007 թվականին հիմնում է “Artists for Peace” բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, “Այլևս երբեք” կարգախոսով։

2011 թվականի սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում։

2011 թվականի նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ։

Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Երգչուհու աճյունը բերվել է Երևան, որտեղ դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հրաժեշտի արարողություն է տեղի ունեցել։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Ձայնասկավառակներ

Ծով աստղիկ (1994)
Ունի վերադարձ (1998)
Կանգնիր քարավան (2002)
Քելե լաո (2002)
Երազ տեսա (2003)
Իմ ուղին (2005)
Մենք (2007)
Փայլող աստղ (2007)




Լրահոս