Արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ներհոսքը նվազում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը 2023թ. հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա համեմատ, եղել է ցածր մակարդակում:

Նկատենք, որ 2023 թվականին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) կազմել է 1.7 մլրդ ԱՄՆ դոլար, որն էականորեն ավելի ցածր է նախորդ տարվա 2.6 մլրդ ԱՄՆ դոլարից: Հատկանշական է, որ զուտ ներհոսքի նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից արտահոսքի աճով, որի ծավալը 2023 թվականին կազմել է շուրջ 4.0 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2022թ. 2.6 մլրդ դոլարի համեմատ աճելով շուրջ 55.0%-ով, մինչդեռ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է ընդամենը 9.7%-ով՝ կազմելով 5.7 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 5.2-ի դիմաց:

 

 

 

 

Արցախի ԱԺ պատգամավորները հերթով  հրավիրվում են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մեր տեղեկություններով՝ Հայաստանի իրավապահները ԱՀ խորհրդարանականներին հարցնում են Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառների մասին: Ինչպես մեզ փոխանցեցին, մինչ օրս հարցաքննվել են Արցախի իշխանական թեւի պատգամավորները՝ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի «Ազատ հայրենիք – ՔԴՄ» խմբակցության պատգամավորները: Մեզ հետ զրույցում «Ազատ հայրեքնի – ՔԴՄ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը նշեց, որ ինքը չի կանչվել ու թիմակիցների մասով էլ նման տեղեկություն չունի։ «Միգուցե կանչվել են, ես տեղյակ չեմ, բայց ինձ չեն կանչել  հարցաքննության»,-ասաց պատգամավորը: Հավելենք, որ քննիչները հիմնականում պատգամավորներից հետաքրքրվում են, թե ով է ճնշել Արայիկ Հարությունյանին, որ հրաժարական տա, ինչ է տեղի ունեցել կուլիսներում: Թերեւս կա քաղաքական հրահանգ Արցախի իշխանությունների վրա Հայաստանից գործադրված ճնշումների մասին ցուցմունքներ ստանալ Արցախի օրենսդիրներից, որպեսզի նախկին նախագահներին նոր մեղադրանքի առիթներ լինեն:

 

 

 

Հայաստանում շինարարութան մեծ բումը նստում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2024թ. հունվարին շինարարության ոլորտում աճի տեմպը որոշակիորեն նվազել է՝ նախորդ տարվա համեմատ: 2024թ. հունվարին շինարարության աճը կազմել է 9.5%՝ շուրջ 2.7 տոկոսային կետով ցածր լինելով նախորդ տարվա հունվարի աճից, եւ շուրջ 6 տոկոսային կետով՝ նախորդ տարվա միջին ամսական ցուցանիշից, այսինքն՝ հունվարին քիչ շինարարություն է արվել: Իհարկե, գուցե, պայմանավորված է եղել եղանակով, բայց, ամեն դեպքում, բոլոր վերլուծություններով  մայրաքաղաքում սկսված մեծածավալ շինարարության տեմպերը թուլանում են:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է՝ քաղաքացիներից բողոքներ  է ստանում, որ Ozon ռուսական առցանց  առեւտրի հարթակի միջոցով  պատվերներ  գրանցելուց եւ  վճարում կատարելուց հետո գրեթե մեկ ամիս է անցել, սակայն դեռեւս պատվերի առաքում տեղի չի ունեցել։  Խնդիրը լուծելու նպատակով  քաղաքացիները դիմել են Ozon-ի  առաքման կետեր, սակայն որեւէ  բացատրություն  ուշացման պատճառների եւ  առաքման մոտակա ժամկետների վերաբերյալ  չեն ստացել։ Ստեղծված իրավիճակի  շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Ozon-ի գրասենյակային ներկայացուցիչների հետ, սակայն նրանք ողջ օրը այդպես էլ չարձագանքեցին մեր հեռախոսազանգերին։ Այցելեցինք Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող սպասարկման կերտերից մեկը, որպեսզի տեղում զրուցենք ղեկավարներից որեւէ մեկի հետ։ Այնտեղ էլ մեզ փոխանցեցին, որ իրենք եւս չեն կարողանում որեւէ մեկի հետ կապ հաստատել եւ միայն որոշ խոսակցություններից տեղեկացել են, որ բեռնափոխադրող մեքենաներն այժմ գտնվում են  Հայաստանի սահմանին, եւ կան որոշակի խոչընդոտներ, ինչի պատճառով չեն կարողանում մուտք գործել մեր երկրի տարածք։ Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա հուլիսին Ozon-ը  Երեւանում   գործարկել էր  տեսակավորման կենտրոն, եւ այսօր արդեն Երեւանում  գործում  են պատվերների ստացման բազմաթիվ կետեր։ Արի ու տես, որ էլի քաղաքացու հարցերը մնում են անպատասխան, քանի որ պատասխանատուները «թռել են», իսկ քաղաքացիները՝ խաբվել:

 




Լրահոս