ԱՐՑԱԽՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմագործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակում, Արցախից բռնի տեղահանված բնակչությանը կենտրոնացված կարգով մշակութային միջոցառումների, նախաձեռնությունների շուրջ համախմբելու, օկուպացված շրջանների բնակչության միջեւ ներհամայնքային կապերի, ներմշակութային հաղորդակցության, տարիների ընթացքում ստեղծված մշակութային արտադրանքի պահպանման, ինչպես նաեւ արցախյան մշակույթի պահպանությանն ու հանրահռչակմանն ուղղված միջոցառումների կազմակերպման եւ արտաքին մշակութային քաղաքականության մեջ արցախյան մշակույթի նպատակաուղղված ներկայացման, Արցախյան հիմնախնդիրը ակտիվ պահելու նպատակով, մեր կողմից նախաձեռնվել եւ ստեղծվել է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

 

Կազմակերպության հիմնական խնդիրն է՝ պահպանել պատմական բարդ ու դժվար ժամանակներում ստեղծված եւ տասնամյակների պատմություն ունեցող Արցախի պետական մշակութային կազմակերպությունները:

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության շուրջ համախմբվել են բոլոր պետական մշակութային կազմակերպությունները, որոնց հետագա գործունեության ապահովման խնդիրը միաժամանակյա լուծելու նպատակով մեր կողմից նախաձեռնվել է իրականացնել հեռուստամարաթոն։ Այն հնարավորություն կտա արցախյան մշակույթի պահպանմամբ մտահոգ մարդկանց իրենց ներդրումն ունենալ այս կարեւոր գործում: Հանգանակությունը պետք է նպատակաուղղվի Արցախի մշակութային կազմակերպությունների պահպանմանը, նրանց գործունեության ապահովմանը, արցախյան մշակույթի տարածմանն ու հանրահռչակմանը:

Նշված ծրագրի իրականացման արդյունքում՝ Արցախից բռնի տեղահանված՝ մշակույթի ոլորտի 500 աշխատողներ կապահովվեն աշխատանքով, կլուծվի նրանց զբաղվածության հարցը, իսկ իրենց ընտանիքի անդամները, համայնքը, հազարավոր արվեստասերներ կդառնան ծրագրի անուղղակի շահառուներ:

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից հայտարարված «Փրկենք՝ վաղվա համար» խորագրով համահայկական հեռուստամարաթոնի մեկնարկը տրվել է սույն թվականի փետրվարի 20-ին: Կազմակերպության հիմնական խնդիրն է պահպանել պատմական բարդ ու դժվար ժամանակներում ստեղծված եւ տասնամյակների պատմություն ունեցող Արցախի պետական մշակութային կազմակերպությունները:

Մարաթոնի արդյունքներն ամփոփելու ենք ապրիլի 20-ին ժամը 9:00 – 14:00 Կենտրոն հեռուստատեսության եւ 5 րդ ալիքի ուղիղ եթերում:

Նախաձեռնությանը այս փուլում արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել Հայ առաքելական եկեղեցին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ), «Հակոբյաններ» համահայկական կենտրոն հասարակական կազմակերպությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միություն (AGBU), «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն ու մի շարք բարեգործական հիմնադրամներ, կազմակերպություններ եւ պարզապես մշակույթով մտահոգ անհատներ:

Տեսաուղերձներով հեռուստամարաթոնին են միացել եւ իրենց աջակցությունը հայտնել մշակույթի եւ սպորտի ոլորտների մի շարք ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ՝ Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, լրագրող եւ մեկնաբան Արտյոմ Երկանյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանը եւ այլք/:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

«ԳՈՅ»-Ը ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ

«Գոյ» թատրոնից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ թատրոնի հետ կապված գործերը հօգուտ իրենց են ընթանում։

Հիշեցնենք, որ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպությունը վերակազմավորման ձեւով միացվել էր «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը, ինչից հետո «Գոյ» թատրոնն ամբողջ անձնակազմով բողոքի ակցիաներ իրականացրեց ԿԳՄՍՆ-ի դիմաց, ինչին էլ հաջորդեց անժամկետ նստացույցը, որը հիմա դադարեցված է։

Թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանն ասաց, որ առաջիկայում կարելի է սպասել լավ լուրերի։

«Բանակցությունների փուլում ենք։ Շատ կարեւոր ու լուրջ աշխատանքներ են տարվում։ Կարծես թե դրական տեղաշարժ կա այն մասով, ինչ պահանջ կար մեր կողմից։ Ամեն բան քննարկում ենք, որ օրենքի շրջանակներով անենք ամեն բան։ Մոտ ժամանակներս հնարավոր է, որ հայտարարություններ անենք կամ մամուլի ասուլիս հրավիրենք»,- ասաց Արզումանյանը։

 ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ՄՐՑԱՆԱԿԻ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ

Կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է մրցանակի՝ «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում։ Նա մրցանակը ստացել է Օսկարի առաջադրված «Ամերիկացի» (2022, ռեժիսոր՝ Մայքլ Գյուրջյան) ֆիլմի երաժշտության համար։ Նույն անվանակարգում առաջադրված էր նաեւ կոմպոզիտորի «Յաշան եւ Լեոնիդ Բրեժնեւը» (2023, ռեժիսոր Էդգար Բաղդասարյան) ֆիլմի երաժշտությունը։  Վերջին ֆիլմն արժանացել է Լավագույն հնչյունային ձեւավորում մրցանակին, հնչյունային ձեւավորումն իրականացրել է Բերբերյանի Berberyan Production Studios-ը՝ ի դեմս Տիգրան Կուզիկյանի։ Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում մրցանակ ստացավ «Արշալույսի լուսաբացը» (2022, ռեժիսոր՝ Իննա Սահակյան), որում եւս հնչում է Բերբերյանի հեղինակած երաժշտությունը։

«Յուրաքանչյուր ֆիլմ եզակի ճանապարհորդություն է դեպի մարդկային զգացմունքների չբացահայտված ոլորաններ: Ես խորապես երախտապարտ եմ մրցանակաբաշխության ժյուրիի անդամներին՝ կատարված աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու համար։ Առանձնակի ուրախ եմ, որ իմ եւ մեր ստուդիայի աշխատանքներն ընդգրկված էին «Անահիտ»-ի տարբեր անվանակարգերում, եւ արժանացել են մասնագետների բարձր գնահատականի։ Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, եւ բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս հաղթանակին»,-նշել է Անդրանիկ Բերբերյանը։ Հավելենք, որ «Ամերիկացի» ֆիլմի երաժշտությունը ձայնագրվել է Հայսատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից՝ ի դեմս մաեստրո Էդուարդ Թոփչյանի եւ գլխավոր մենակատար՝ ջութակահար Անուշ Նիկողոսյանի։

 

 

 

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉԻ ԶՈՒՅԳԵՐԸ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկած թիմերը հայտնի են:

Իտալական «Ատալանտա»-ն մրցելու է ֆրանսիական «Մարսել»-ի, իսկ իտալական «Ռոմա»-ն ուժերն է չափելու գերմանական «Բայեր»-ի հետ:

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանա մայիսի 2-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 9-ին:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մայիսի 22-ին:

 

 

 

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Մրցումային հերթական օրը` ապրիլի 19-ին, Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանու կազմում ապրիլի 19-ին պայքարի մեջ կմտնեն 60 կգ քաշային Արթուր Սահակյանը եւ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Սահակյանի մրցակիցը Վրաստանի, իսկ Հարությունյանինը` Հունգարիայի ներկայացուցիչներն են:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

 

 

 

ՈՎՔԵՐ ԵՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Հայտնի են  «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2024 թվականի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթողները։

Ինչպես տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 2024 թվականի ապրիլի 17-ին եւ 18-ին Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում տեղի են ունեցել «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին  մասնակցում էին մրցաշարի համայնքային փուլի մրցումներում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղեր գրաված դպրոցական թիմերը։ Թիմերի կազմում ընդգրկված էին նույն դպրոցի 2 տղա եւ 2 աղջիկ։

Մարզային փուլի մրցումներն անցկացվել են կիսաօլիմպիական համակարգով, որի դեպքում թիմը երկու անընդմեջ պարտությունից հետո դուրս էր մնում հետագա պայքարից։

Մրցումներն անցկացվել են 2 տարիքային խմբերով: Առաջին տարիքային խմբում ընդգրկված էին 5-9-րդ դասարանների, իսկ երկրորդ տարիքային խումբում՝ 10-12-րդ դասարանների աշակերտները:

 

 




Լրահոս