Գնացեք Ձեր Բաբլոյան կենտրոն. հիվանդ ընտանիքին արտաքսում են (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն վեց տարի է, որ Անահիտ Գալստյանն իր ընտանիքով   Բելգիայում է,  սակայն  ինչպես հայտնեց Անահիտը,  armlur.am-ին, ապրիլ ամսվա ավարտին  Բելգիայի իշխանություններն իրենց ընտանիքին արտաքսելու է Հայաստան այն դեպքում, երբ իր ամուսինն ու կրտսեր որդին հիվանդ են Հանգթինգթոն հիվանդությամբ, որն ախտահարում է ողնուղեղն ու գլխուղեղը միաժամանակ:

Տիկին Անահիտի խոսքով` ցավալի է, բայց  իր ավագ որդու մոտ ևս մեծ է այդ հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը: Դա ցույց են տվել ավագ որդու` Դավիթ Մարգարյանի արյան անալիզները:

Մեր զրուցակցի խոսքով `  իրենց ընտանիքին  արտաքսելու պատճառը  Հայաստանի իշխանությունների  վարած քաղաքականությունն է ու տարբեր պաշտոնյաների հայտարարություններն են:

Բելգիայում նրանք պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանում  ոչ մի խնդիր չկա և շատ հիվանդություններ բուժվում են  այստեղ: Բելգիայի իշխանություններն էլ  հիմք ընդունելով իշխանությունների այս հայտարարությունները, փորձում են այս առիթն օգտագործել, ազատվել նման ծանր հիվանդներից. «Ամեն  տարի մեր ընտանիքին թուղթ են տվել, որով երկարացվում էր մեր ընտանիքի  մնալը Բելգիայում: Բացի այդ` մեր ընտանիքի անդամները եթե մնան Բելգիայում, կթոշակավորվեն, կստանան բարձր թոշակ, իսկ Բելգիայի իշխանությունների համար  դա մեծ գումար է»,- ասաց տիկին Անահիտը ` պնդելով, որ Բելգիայի իշխանություններին նման առիթ են տալիս Հայաստանի իշխանությունների` «Հայաստանում ամեն ինչ լավ է»  հայտարարությունը:

Ինչպես հայտնեց զրուցակիցս, երեք տարի ընտանիքը Բելգիայում օրինական կարգավիճակ է ունեցել,  պետությունն ամեն ինչով աջակցել է ընտանիքին, իսկ երեկ ընտանիքի բուժող բժիշկը ` պրոֆեսոր Կրասը, տեղեկացրել է, որ այլևս բուժօգնություն չի տրամադրելու, քանի որ ՀՀ-ի առողջապահության ներկայացուցիչները` Դերենիկ Դումանյանի, Արա Բաբլոյանի և այլոց մակարդակով տեղեկացրել են, որ Հայաստանում կան  հաստատություններ, որոնք կարող են բուժել այդ հիվանդությունը:

«Պրոֆեսոր Կրասը պարբերաբար ասում է ` ձեր Բաբլոյան կենտրոնում, ձեր Բաբլոյանի մոտ կարող եք բուժում ստանալ: Այս քայլը ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդուն զրկել բնականոն  մահվան իրավունքից: Առանց այդ էլ ամուսնուս  ապրելու  կարճ ժամանակ է մնացել, իսկ որդիներիս առողջական վիճակն էլ արդեն վատ է»,- ասաց նա:

 

 

(Վերոնշյալ նկարներից  առաջին երկուսում` սայլակի վրա, հիվանդությամբ տառապող Հրանտ և Մհեր Մարգարյաններն են, իսկ  մյուս երկուսում ընտանիքի մայրն է` Անահիտ Գալստյանն է իր ավագ որդու` Դավիթ Մարգարյանի հետ):

Տիկին Անահիտ, եթե հաշվի առնենք, որ  Հայաստանում բժշկությունը զարգացած է, որի  մասին խոսում են նաև օտարերկրյա մասնագետները, ինչու չեք ցանկանում, որ ձեր ընտանիքի անդամները  բուժվեն հայրենի երկրում:

-Երբ  մեր ընտանիքը  Հայաստանում էր,  ամուսնուս հիվանդությունը, որը նոր  էր գլուխ բարձրացել, 1998-ին Երևանի թիվ 6 բժշկական  հիվանդանոցում (պրոֆեսոր Մուրադյան Հրաչիկ Տիգրանի, բուժող բժիշկ Հակոբյան Արմեն Հայկազի)  սխալ ախտորոշեցին`  այն որակելով որպես «Рассеянный склероз», հետևաբար ինչ-որ  կարող էին, արել են այդ հիվանդությունը  բուժելու ուղղությամբ: Բնականաբար, դա վատացրեց ամուսնուս վիճակը: Բելգիա հասնելուն պես նա արդեն չէր քայլում:

Հայաստան վերադառնալուն պես որտե՞ղ եք բնակվելու:

-Բնակարանս վաճառել եմ ու տեղափոխվել Եվրոպա: Մնալու տեղ չունեմ:

Միայն ձեր ընտանիքի նկատմամբ է այս վերաբերմունքը, թե՞ այլ հայեր ևս այս վտանգի առաջ են:

-Բազմաթիվ օրինակներ  կարող եմ բերել, երբ օրինակ դիալիզով հիվանդ մարդկանց` հայերի, արտաքսում են Բելգիայից:

Փորձե՞լ եք Բելգիայի իշխանությունների այս որոշումը  վիճարկել Բելգիայի դատարաններից մեկում:

-Այո, վիճարկել ենք և ստացել ենք նույն պատասխանը` ձեր իշխանությունները ասում են, որ Հայաստանում կարող են զբաղվել այդ հիվանդներով:

Ի՞նչ եք ակնկալում  Հայաստանի իշխանություններից:

-Ակնկալում ենք հետևյալը` հանգիստ թողեք հիվանդ մարդկանց, մի խլեք բնականոն մահվան իրավունքը: Հանգթինգթոնով հիվանդներն առանձնահատուկ խնամք է պետք: Բացի այդ` այդ հիվանդությունը  չեն բուժում անգամ ԱՄՆ-ում, Հայաստանում ինչ պետք է անեն:

Armlur.am լրատվականը փորձեց  Առողջապահության նախարարությունից պարզել` արդյոք  այդ հիվանդությունը բուժվում է Հայաստանում, թե ոչ: Նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը տեղեկացրեց, որ այդ հիվանդությունը ժառանգական, հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը դասվում է աշխարհի չբուժվող  հիվանդությունների շարքում: Բնականաբար, Հայաստանը ևս չի կարող բուժել այդ հիվանդությունը: Տիկին Հայթայանը նաև տեղեկացրեց, որ  այդ հիվանդությունը սինպտոմատիկ բուժում է պահանջում ` այսինքն, եթե օրինակ այդ հիվանդության պատճառով գլխացավ է ունենում, ապա վերացնում են գլխացավը:

Փորձեցինք կապ հաստատել նաև Արա Բաբլոյանի հետ, սակայն վերջինս առանց լսելու մեր հարցն, ասաց, որ ծանր հիվանդ ունի և չի կարող մեր հարցերին պատասխանել:

Սոնա Դավթյան




Լրահոս