ՇՐՋԱԳԱՅԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ՄՈՏ 25 ՔԱՂԱՔՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս երգչուհի Սոֆի Մխեյանն իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն էր կատարել. «…Պարզապես ցանկացա կիսվել ձեզ հետ… Գուցե շատերդ հարցնեք՝ ինչու չկամ, վերջերս նոր ստեղծագործություններով հանդես չեմ գալիս, նոր երգեր չեմ ներկայացնում… Իմ հարազատ հանդիսատես. վերջին 6 ամիսների ընթացքում ես ունեցա պատիվ եւ հնարավորություն՝ համերգային տարբեր նախագծերով շրջագայելու աշխարհի մոտ 25 քաղաքներով…»:

Երգչուհին այդ ամենը համարում է «ահռելի մեծ հաճույք եւ պատասխանատվություն, որը, ցավոք, անտեսանելի մնաց Հայաստանի հանդիսատեսի համար». «Բայց այն վերաբերմունքը, ջերմությունն ու սերը, որը ես ստացա, ստիպելու է ինձ էլ ավելի աշխատելու եւ նորանոր հաջողություններով ուրախացնելու իմ (պահպանում ենք նրա ուղղագրությունը-Ռ. Թ.) ԲԱՐԵկամներին եւ վշտացնելու էլի իմ, բայց Չարակամներին»։
Փաստորեն, երգչուհին ինքն իրեն հարց է տալիս երկրպագուների անունից եւ ինքն էլ պատասխանում իր հարցին։ Ապա հպարտությամբ նշում է իր այցելած երկրների եւ քաղաքների ցանկը։ Ահավասիկ. «Մոսկվա, Թիֆլիս (Թիֆլիսն արդեն վաղուց Թբիլիսի է), Նովորոսիսկ (ճիշտ գրությունը Նովոռոսիյսկ է), Ստավրոպոլ, Կրասնոդար, ԴոնիՌոստով (բաղադրիչներն առանձին են գրվում), Վոլգոգրադ, Վորոնեժ, Սարատով, Սամարա, ՆիժնիՆովգորոդ (բաղադրիչներն առանձին են գրվում), Տյումեն, Եկատերինբուրգ, Սոչի, Բելգիա, Իսպանիա, Ռիգա, Շվեդիա, Բոստոն, ՆյուՅորք (բաղադրիչներն առանձին են գրվում), Լոս Անջելես»։ Իհարկե, մենք չէինք ցանկանում բավարարվել ընդամենը երգչուհու՝ ֆեյսբուքյան էջից մեջբերումներ անելով կամ նրա սխալներն ուղղելով, մենք նպատակ ունեինք զրուցել նրա հետ հյուրախաղերի, դրանցից ստացած տպավորությունների մասին, բայց մեր ֆեյսբուքյան հարցերին նա այդպես էլ չարձագանքեց։ Իսկ մեզ մի հարց էլ էր հետաքրքրում, որի պատասխանը, համոզված ենք, նաեւ ընթերցողը կցանկանար իմանալ։ Այն ժամանակ, երբ մեզնից շատերն արտերկրի նույնիսկ մեկ քաղաք չեն կարող մեկնել, երգչուհին կարողացել է աշխարհի տարբեր երկրների 25 քաղաքներում լինել, ինչի համար, բնական է, մեծ գումար է անհրաժեշտ։ Ի՞նչ միջոցների հաշվին է Սոֆի Մխեյանը կազմակերպել իր այդ համերգային շրջագայությունը եւ ինչպիսի՞ հոնորարներ է ստացել: Հույս ունենք, որ առաջիկայում երգչուհին կպատասխանի նաեւ մեր այս հարցերին:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս