ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԷԼ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան, սակայն 1999-ին ՀՀ Ազգային ժողովում դավադիր գնդակները խոցեցին նրա մարմինը: Համատեղելով ռազմական, քաղաքական ու ստեղծագործական գործունեությունը, Վազգենը հարթեց մեր երկրի առջեւ ծառացած հրատապ խնդիրները լուծելու ճանապարհը: Թերեւս անհերքելի է, որ Վազգենի նման պետական մտածողություն ունեցող գործչի պակաս ունենք այսօր: Նա գիտեր, ինչպես արժեւորել հայրենիքը եւ ամենակարեւորը՝ քաղաքացիներին: Իսկ մեր օրերում անձնական շահը վեր է դասվում ամեն ինչից: Ու այս արժեհամակարգը կրողները գտնվում են իշխանության ամենաբարձր օղակներում: Դրա համար էլ առաջնորդի մասին պատկերացումները մեզանում ձեւախեղվել են: Իսկ Վազգենը առաջնորդ էր՝ նույնիսկ իր ունեցած թերություններով: ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՌԱՋՆՈՐԴ։

 

 

 

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը վերջերս բավականին դժգոհ ու հիասթափված է ՀՀ իշխանություններից: Բանն այն է, որ չնայած կառավարության որոշմամբ նրան պատկանող «Տանգո» ընկերությանն է վաճառվել կառավարության 2-րդ մասնաշենքը՝ ԱԳՆ-ի շենքը, սակայն այս հարցում դեռ խնդիրներ կան: Մասնավորապես, շենքի այն հատվածը, որտեղ տեղակայված են «Արարատ» ռեստորանը, «Նոյան տապան» գրախանութը, պատկանում է հենց այդ ընկերություններին: ՀՀ կառավարությունն իր 2012թ. դեկտեմբերի 27-ի N1675-Ն որոշմամբ պարտավորվել է օգնել գնորդին` «վերջինիս համար ողջամիտ արժեքով» երրորդ անձանցից ձեռքբերել այդ տարածքները, սակայն այդ պարտավորությունը չի կատարում: Արդյունքում՝ Էռնեկյանը հայտնվել է անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց մեկնաբանություններ ստանալ արգենտինահայ գործարարից, սակայն պարզվեց` նա ՀՀ-ում չէ:

 

 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ՀՀ վարչապետին է առաջարկել գազի կալորիականությունը ստուգելու նպատակով հանձնաժողովի կազմ: Թեեւ այն դեռ չի հաստատվել պաշտոնապես, այնուամենայնիվ, Նազարյանը հայտնել է, որ ինքը նպատակահարմար է գտնում հանձնաժողովում ընդգրկել ՀՀ գյուղատնտեսության, Էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարություններին, Հանրային խորհրդին, Գործարարների միությանը եւ ՀԿ-ներին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ընդդիմադիրները հայտարարում են, որ հանձնաժողովները ստեղծվում են, որպեսզի «թաղեն» իրականությունը, Նազարյանը պատասխանեց. «Լավ էլի, այնքան եմ հոգնել այդ նույն ընդդիմության խոսելուց»: Նա, դիմելով Հրանտ Բագրատյանին, ասաց. «Վարչապետ ես եղել՝ անընդհատ վարչապետին ես թիրախ սարքում, մի օր էլ ՀՀ նախագահի հասցեին խոսի, մի օր էլ Աժ նախագահի հասցեին խոսի, ինչ ես ընկած եզին անընդհատ խփում, բա քեզ սազո՞ւմ է, գոնե դու վարչապետի հասցեին մի՛ խոսիր»:

 

 

 

Դեռեւս 2012թ. «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատ (ՊՄԿ) ՓԲԸ-ում տեղի ունեցած վթարի հետեւանքով Կապանում գործող ՀԿ-ները քննարկում էին կազմակերպել՝ նպատակ ունենալով Սյունիքի տարածքային բնապահպանության տեսչության եւ ԶՊՄԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչներից համապատասխան պարզաբանումներ ստանալ: Պատճառը Ողջի գետում տեղի ունեցած վթարն էր, երբ ավելի քան 12 ժամ պոչեր էին հոսել ցած: Սակայն բնապահպաններին չհաջողվեց պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Կոմբինատին պատժել է ՀՀ պետեկամուտների կոմիտեն՝ միանգամայն այլ առիթով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԶՊՄԿ լիազոր ներկայացուցիչ Արա Բալասանյանը 2014թ. «Զանգեզուր» ՓԲԸ-ի անունով ՀՀ է ներմուծել 7523 կգ ապրանք, սակայն չի հայտարարագրել դրանք, ինչի հետեւանքով տուգանվել է 50.000 դրամով: Նշենք, որ կոմբինատի գլխավոր տնօրենը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայրն է՝ Մաքսիմ Հակոբյանը:

 

 

 

ԹԻՐԱԽ ԿԴԱՌՆԱՆՔ

Եվ այսպես` Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հանգուցալուծումն արդեն դուրս է եկել Ուկրաինայի շրջանակներից: Ղրիմում զարգացող գործընթացների արդյունքում արդեն հստակ ահազանգեր են հնչում առ այն, որ աշխարհը կանգնած է նոր` համաշխարհային պատերազմի վտանգի առջեւ: Արեւմուտքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատում են Ադոլֆ Հիտլերի հետ` հիշեցնելով 1938-39թթ. Ավստրիայի «անշլյուսն» ու Չեխիայի բռնակցումը: «Նյու Յորք թայմս»-ի փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Պուտինի հետ բանացկելուց հետո զանգահարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ հայտնել, որ իր տպավորությամբ` «Պուտինը, կարծես, կորցրել է կապն իրականության հետ»: Իսկ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Բելկովսկին առհասարակ հայտարարել է, թե Վլ. Պուտինի մոտ «դասական շիզոֆրենիա» է:
Ինքը` Պուտինը, երեկ հրավիրած մամլո ասուլիսում հայտնել է, որ Ռուսաստանը չի դիտարկում Ղրիմի միավորման հնարավորությունը եւ չի պատրաստվում անջատողականություն հրահրել Ուկրաինայում: Պուտինի խոսքերով` Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն ընտրել իրենց տարածքների ճակատագիրը: Նա հայտարարել է, թե ներկայումս անհրաժեշտություն չկա Ղրիմի տարածք ռուսական զորքեր մտցնելու, թեեւ` եթե իրավիճակը վատանա, Մոսկվան կարող է նման քայլի գնալ: Արձագանքելով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի սպառնալիքներին` ՌԴ նախագահն ասել է. «Խորհուրդ եմ տալիս մտածել դրա հետեւանքների մասին»: Ինչ վերաբերում է «Մեծ ութնյակի»` Սոչիում կայանալիք առաջիկա գագաթաժողովը բոյկոտելուն, ՌԴ ղեկավարը նշել է. «Չեն ուզում, թող չգան»:
Միով բանիվ` ամիսներ շարունակ Մայդանում սառչած, տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ տված Ուկրաինայի ժողովուրդն այլեւս դադարել է գործոն լինելուց եւ կորցրել իրադարձությունների հետագա ընթացքի վրա ազդելու հնարավորությունը: Եվ արդեն իսկ պարզ է, որ այս գլոբալ խաղում ուկրաինացիները, փաստորեն, գերտերությունների ձեռքին գործիք դարձան` սեփական երկիրը կանգնեցնելով պառակտման ու պատերազմի վտանգի առջեւ:
Թե ինչպես կզարգանան իրադարձությունները` այսօր արդեն որեւէ մեկը չի կարող կանխատեսել: Եվ այս իրավիճակում բավականին լուրջ վտանգներ են ձեւավորվում նաեւ ՌԴ ռազմավարական դաշնակցի, ՀԱՊԿ անդամ Հայաստանի համար: Առայժմ ՀՀ իշխանություններին հաջողվում է չեզոքություն պահպանել` խուսափելով որեւէ հայտարարություն անելուց, սակայն արդյոք իրավիճակի հետագա սրման դեպքում մեր երկիրը ստիպված չի լինի ներքաշվել ռազմական գործողությունների մեջ (ըստ ՀԱՊԿ պարտավորությունների` ՌԴ նկատմամբ ռազմական ագրեսիայի դեպքում դա անխուսափելի է): Եթե անգամ դա տեղի չունենա էլ, կասկածից դուրս է, որ ՀՀ-ն Արեւմուտքի համար հայտնվելու է թիրախային վիճակում` որպես ՌԴ ֆորպոստ:

 

 




Լրահոս