ԻՆՉՈ՞Ւ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստում ներկայացվեցին Նազարյանին ամրակցված AK-74 ինքնաձիգը, նրա զրահաբաճկոնը, ենթապայուսակը եւ այնտեղ պահված փամփուշտների 3 պահունակները: Դրանք դատարանում ներկայացնելու համար նախորդ դատական նիստում միջնորդություն էր արել տուժողի իրավահաջորդը` Ա. Նազարյանի քույր Ծովինար Նազարյանը:
Դատավոր Սամվել Մարդանյանը հարցրեց, թե պետք է բացել ինքնաձիգի փողը փակող կպչուն ժապավենը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքնաձիգը կեղծ ապացույց է, իրենց չի հետաքրքրում: Նա, զննելով Ա. Նազարյանի զրահաբաճկոնը, հայտարարեց, որ դրա վրա հրազենային կրակոցին բնորոշ հետքեր կան:
«Գազանների համար ի՞նչ զրահաբաճկոն»,-դահլիճում ասաց Ա. Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը: Ամբաստանյալ զինվորներ Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարություն Կիրակոսյանը, դատարանում ցուցմունք տալով, ասել էին, որ նախաքննության ընթացքում ռազմական ոստիկանությունում իրենց ծեծել են: Գործով մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդել էր այս առթիվ քննություն կատարել: Դատավոր Ս. Մարդանյանը հրապարակեց զինդատախազ Գեւորգ Կոստանյանի գրությունն այն մասին, որ դրա վերաբերյալ կատարված քննության արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է: Ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը հայտարարեց, որ իրենք պահանջում են այդ առթիվ քրեական գործի հարուցումը մերժող հետաքննության հիմքերը, հարկավոր է կալանավայրից ստանալ ամբաստանյալների մարմնական զննության փաստաթղթերը:
Տուժողի իրավահաջորդ Ծ. Նազարյանը միջնորդեց դատական նիստերը Երեւան տեղափոխել, քանի որ Իջեւան հասնելու համար իրենք շատ ժամանակ են ծախսում: Նա դատավորին առաջարկեց մտածել տուժողի իրավահաջորդների առողջության մասին եւ դատական նիստերը մայրաքաղաքում անցկացնել: Դատավոր Մարդանյանն ասաց, որ նախկինում էլ նման միջնորդություններ են եղել, որոնք մերժվել են: Այնուհետեւ Ծ. Նազարյանը միջնորդեց հրապարակել քրգործում առկա շուրջ 8 տասնյակ ապացույցներ: Դատական նիստի ընթացքում այդ ապացույցների հրապարակումը կիսատ մնաց:
Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը մեզ ասաց, որ նախորդ դատական նիստում ներկայացվեցին Ա. Նազարյանի զինվորական հագուստները: Վերնաշապիկի եւ շապիկի թիկունքի մասը արյունով էր ծածկված, սակայն տաբատն ու վարտիքն արյունոտ չէին. եթե Նազարյանը նստած, ժայռին հենված դիրքում ինքնասպան լիներ, արյունը պետք է հասներ տաբատին եւ վարտիքին: Իրավապաշտպանի խոսքերով` Ա. Նազարյանի դիակի դիրքը եւ դեպքի վայրը փոխել են, Նազարյանը պառկած է եղել հորիզոնական դիրքով:
Ռ. Մարտիրոսյանի համոզմամբ` խծուծների փորձաքննության արդյունքները խիստ վտանգավոր են նախաքննական մարմնի համար. դրանց արդյունքները վկայում են այն մասին, որ կրակոցի պահին 7 զինծառայող գտնվել է սպանության վայրում: Եթե այդ զինծառայողները 30 մ հեռու լինեին այդտեղից, կրակոցի հետեւանք մետաղական փոշին նրանց վրա չէր նստի: Քննիչը պարտավոր էր դատաբժշկին հարցնել` արդյոք կան փաստեր, որոնք վկայեն դեպքից հետո դիակի տեղաշարժման մասին: Իրավապաշտպանն ասաց, որ իր պրակտիկայում առաջին դեպքն է, երբ սպանության գործով չեն կատարվել դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննություններ, մինչեւ այժմ իրենք չգիտեն, թե Նազարյանի  հագուստի վրա կան արյան եւ փսխոցի հետքեր:
Ըստ վկա Արման Մնացականյանի` մինչեւ ինքնասպանություն կատարելը Ա. Նազարյանը սնունդ է ընդունել: Մինդեռ ըստ դատաբժշկական եզրակացության` Նազարյանի ստամոքսը դատարկ է եղել: Ռ. Մարտիրոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հուլիսի 27-ին՝ առավոտյան 8-անց 10-ին, գնդի հրամանատար Ղազարյանը հեռախոսագրով հայտնել է, որ Ա. Նազարյանի դիակը հայտնաբերվել է հենակետում, սակայն կես ժամ անց ճշտելով` նա հայտարարել է, որ դիակը գտնվել է խրամատում: Իսկ քրգործի նյութերով` Նազարյանն ինքնասպան է եղել ժայռի մոտ:
Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 8-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս