Հայաստանի արդարադատության անտրամաբանական և կանխատեսելի գործելաոճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային փորձը ցույց է տալիս` որպես կանոն` տնտեսական բնույթի հանցագործություն կատարողները չեն կալանավորվում:

Հայաստանում, իհարկե, ևս այդպես է: Այդուհանդերձ, յուրաքանչյուրը կարող է անազատության մեջ հայտնվել` տնտեսական հանցագործության անվան տակ, սակայն իրականում այլ հանցանքի համար:

Ասվածի վառ օրինակը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) կալանավորման դեպքն է: Ըստ մեղադրանքի, Հ. Հակոբյանը խուսափել է հարկ վճարելուց` չկատարելով 44 մլն դրամի պարտավորություն: Սույն թվականի փետրվարից նախկին պատգամավորի պաշտպան Կարեն Սարդարյանը մշտապես հայտարարում էր, որ իր պաշտպանյալը պատրաստ է ցանկացած գումարի սահմաններում գրավ առաջարկել` իրեն ազատ արձակելու դիմաց:

Պաշտպանը, անգամ, խափանման միջոց կալանավորման որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան` միաժամանակ նշելով, որ Հակոբ Հակոբյանն առողջական լուրջ խնդիրներ ունի և պետք է բուժում ստանա ազատության մեջ: Այդուհանդերձ, նա շարունակում էր կալանքի տակ մնալ:

Սակայն իրադարձությունները անսպասելիորեն այլ ընթացք ունեցան: Պարզվեց, խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանի միջնորդությունը բավարարվել է Հակոբ Հակոբյանի` քաղաքից չբացակայելու պայմանով: Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից Armlur.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Հակոբ Հակոբյանը վերականգնել է նրա գործունեության ընթացքում պետությանը պատճառված վնասի զգալի մասը:

«Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում արդեն կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողությունները ու Հ. Հակոբյանը, ազատության մեջ մնալով, չի կարող խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու ճանապարհով, ունի մշտական բնակության վայր, ուստի նախաքննության տվյալ փուլում վերացել է մեղադրյալ Հ. Հակոբյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Եվ ՀՀ գլխավոր դատախզության ՀԿԳՔ վարչության դատախազի որոշմամբ Հակոբ Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխել է: Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին»,- հավելեցին Դատախազության հանրային կապերի բաժնից:

Իհարկե, տրամաբանությանը մոտ է, որ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի խափանման միջոցը պետք է փոխվեր հարկերը չվճարելու մեղադրանքի դեպքում, սակայն հայաստանյան պրակտիկայում քիչ չեն դեպքերը, երբ առանձնապես ծանր հանցանքներ չկատարելու մեջ մեղադրվողները միջնորդում են գումարի դիմաց ազատ արձակվել, սակայն համատարած մերժում են ստանում բոլոր դատական ատյաններում:

Սրա վառ օրինակն է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքը, որի հետևանքով անզգուշությամբ մահացան երիտասարդներ: Դերասանը բազմիցս միջնորդել է իրեն ստորագրությամբ ազատ արձակել, անգամ առաջարկել է տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը հոգալ, սակայն ապարդյուն: Երևի թե վարույթն իրականացնող մարմինը կարծում էր` Վարդան Պետրոսյանը կխուսափի նախաքննությունից, կթաքնվի կամ կազդի քննության վրա` մոռանալով այն հանգամանքը, որ Վարդան Պետրոսյանի հետ տեղի ունեցած դեպքը, ի տարբերություն, օրինակ, Հակոբ Հակոբյանի, հանրորեն վտանգավոր արարք չէր:

Ինչևէ, Հայաստանի արդարադատության համակարգի գործելաոճը նոր չէ, որ բացահայտվում է, և այստեղ գործող անօրինական քայլերը որևէ մեկի համար գաղտնիք չեն:

Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն` Հակոբ Հակոբյանին կատարած հանրորեն վտանգավոր արարքների համար սույն թվականի փետրվարի 4-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով , 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, նախատեսված հանցավոր արարքների կատարման համար:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ներկայացված միջնորդությունը բավարարվել է:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Հակոբ Հակոբյանի որդիների` Արմեն և Արայիկ Հակոբյանների դեմ, իբր թե մարդկանց առևանգելու և պատանդի կարգավիճակում պահելու փաստի առիթով հարուցվել է քրեական գործ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս գործով որպես տուժող անցնող անձինք քննիչներին տված ցուցմունքներում հերքել են իրենց առևանգելու մասին տեղեկությունները և ասել, որ նման բան չի եղել, և իրենք որևէ բողոք չունեն:

Հիշեցնենք նաև, որ ըստ որոշ տեղեկությունների, Հակոբ Հակոբյանի կալանավորման պատճառը եղել է իր կողմից նկարահանված ֆիլմը` «Հիշողություն»-ը: «Ժողովուրդ» -ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը հայտարարել է, որ է, որ չի հանձնվելու և մեկ այլ ֆիլմ է նկարահանելու:




Լրահոս