Հատուկ հանձնաժողովը ստուգել է անվտանգության նորմերի պահպանումը երկաթուղու Երևան-Վանաձոր հատվածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկաթուղում ամեն շաբաթ անցկացվող Անվտանգության օրերի շրջանակներում՝ մայիսի 13-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Վալկոյի գլխավորած հատուկ հանձնաժողովը ստուգել է Երևան–Վանաձոր երկաթուղային հատվածում անվտանգության նորմերի հետ կապված իրավիճակը: Հանձնաժողովի կազմում էին նաև ՀԿԵ գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչ Լևոն Հակոբյանը, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի ձեռնարկությունների պետերը:

Ստուգման ընթացքում ՀԿԵ-ի ներկայացուցիչները տեսչական ուղևորությանը մասնակցած լրագրողներին ներկայացրին երկաթուղում անվտանգության նորմերի պահպանման իրավիճակը։

Ուղևորությանը մասնակցում էին նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Վալկոն նշեց, որ նման այցելությունների հիմնական նպատակը՝ գնացքների երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումն է, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպումը՝ համատեղ աշխատանք ծավալելու նպատակով:

Սերգեյ Վալկոն տեղեկացրեց, որ երկաթուղում գրանցվող անվտանգության նորմերի հիմնական խախտումներն են քաղաքացիների և ավտոտրանսպորտի կողմից երկաթուղային գծերի հատումը, ինչպես նաև ընտանի անասունների արածեցումը անթույլատրելի վայրերում:

Գլխավոր տնօրենի առաջին տեղակալի խոսքով, նման խախտումները վտանգ են ներկայացնում ինչպես քաղաքացիների կյանքի և առողջության, այնպես էլ երկաթուղային տրանսպորտի անվտանգ երթևեկության համար: Ս. Վալկոյի տվյալների համաձայն՝ կենդանիների անօրինական արածեցման հետ կապված դեպքերի թիվն ավելանում է` 28 դեպք 2013 թվականին, 30 դեպք 2014 թվականին։ Ինչպես բացատրեց փոխտնօրենը, պատահարների աճի պատճառն այն է, որ կենդանիների արածեցումն ու անցումն իրականացվում է ոչ թե հատուկ նախատեսված վայրերում, այլ գյուղացիներին հարմար տարածքներում:

Սերգեյ Վալկոն համոզված է, որ խախտումների կանխարգելման համար անհրաժեշտ է աշխատել գյուղական համայնքների ղեկավարների, գյուղացիների հետ՝ բացատրելով անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը:

«Առաջին հերթին անհրաժեշտ է հիշել, որ գնացքը՝ ավտոմեքենա չէ, այն չի կարող թեքվել, արագ կանգ առնել: Գնացքի արգելակման ուղին կազմում է մոտ 1 հազ մետր», – ասաց նա:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանն իր հերթին հրավիրել է լրագրողների ուշադրությունը ևս մեկ տարածված խախտման վրա, որը վտանգում է գնացքների երթևեկության անվտանգությունը` գունավոր մետաղի թալանը երկաթուղային վազուրդիներից։ Նա տեղեկացրեց, որ հատկապես տարածված է կապի մալուխի գողությունը, ինչը հանգեցնում է լուսացույցների աշխատանքի խախտման, կայարանների միջև կապի կորստին, և, հետևաբար, գնացքների երթևեկման լիարժեք կարգավորման անհնարինությանը։

«Փաստորեն, 2-3 հազար դրամի շահույթի համար, որը կարող է ստանալ մալուխը գողացած մարդը, խախտվում է գնացքների շարժման ժամանակացույցը, երկաթուղին էական կորուստներ է կրում»,– նշեց Պետրոսյանը։

Նշանակման վերջին կետում` Վանաձորում, հանձնաժողովի անդամները հանդիպում ունեցան Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ` պայմանավորվելով գործակցության ընդլայնման, դպրոցներում երկաթուղու անվտանգության նորմերի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ սեմինարների անցկացման մասին։




Լրահոս