«Յանուս» թատրոնի տնօրենին հիմա էլ սպառնում են և վախեցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Մխիթար Մոս-Մուշեղյանի եւ թատրոնի ֆեյսբուքյան էջերը հաքերային հարձակման էին ենթարկվել: Թատրոնի ֆեյսբուքյան էջից լուրեր էին տարածվել, թե իբր Մխիթար Մոս-Մուշեղյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա տեղափոխվել է հիվանդանոց` սրտի կաթված ախտորոշմամբ, հետո արդեն նշվել էր, թե Մխիթարը մահացել է: Այս փաստը շատ էր նյարդայնացրել ռեժիսորին, սակայն նա մտադիր չէր դիմել իրավապահ մարմիններին: Սակայն այժմ արդեն իրադարձությունները նոր ընթացք են ստացել:

Մխիթար Մոս-Մուշեղյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ օրերս, երբ ինքը սովորականի պես գիշերը տուն է վերադարձել, իրենց շենքի մուտքի մոտ հանդիպել է 35-40 տարեկան երկու տղամարդու, որոնք սկսել են իրեն սպառնալ եւ վախեցնել.

«Ինձ ասում էին` դու երբ ես խելքդ գլուխդ հավաքելու, հարցնում էի` ինչի մասին է խոսքը, պատասխանում էին, թե ինքդ գլխի ընկիր, որ մտածես, կհասկանաս եւ այլն: Հետո այդ տղամարդիկ սպառնացին ինձ, ասացին` թե՞ ուզում ես երեխայիդ վնասենք կամ Լիլիթին: Լիլիթն իմ ներկայիս ընկերուհին է, եւ ես զարմացա, որ այդ մարդիկ գիտեին նրա անունը. քչերը գիտեն նրա մասին: Ես այդ պահին միայնակ չէի, թատրոնի դերասանուհիներից մեկի հետ էի… Արդեն սկսում եմ վախենալ իմ եւ մտերիմներիս կյանքի ապահովության համար»,-ասաց թատրոնի տնօրենը:

Մխիթարն արդեն մտածում է ոստիկանություն դիմելու մասին: «Թող մարդ նշանակեն, որ ինձ պաշտպանեն, որքա՞ն կարելի է վախի մթնոլորտում ապրել»-ասաց նա` հավելելով, որ մտադիր է իր տուն տեղափոխել ընկերուհուն, որպեսզի վերջինս իր աչքի առջեւ լինի:

Մենք նշեցինք, որ խոսակցություններ են պտտվում այն մասին, թե հնարավոր է` հաքերային հարձակման հեղինակն իր նախկին կինն է, ինչին Մխիթարը պատասխանեց. «Հակերային հարձակման դեպքում գուցե կասկածեի նախկին կնոջս, սակայն այս վերջին դեպքն արդեն շատ լուրջ է. նա նման մարդկանց ուղարկելու հնարավորություն չունի եւ հետո՝ մեր երեխայով ինձ չէր սպառնա»:

Մեր այն հարցին, թե ով կարող էր կանգնած լինել նման սպառնալիքների հետեւում եւ, ի վերջո, ինչի համար կարող էին իրեն սպառնալ, թատրոնի տնօրենը պատասխանեց, որ ինքը թշնամիներ չունի եւ պատկերացում չունի, թե ինչի համար են իրեն սպառնում:
Մեր դիտարկմանը, թե շատերը կարող են մտածել, որ Մխիթարն ինքն է այս բոլոր դեպքերը հնարել, որպեսզի իր անվան շուրջ աղմուկ բարձրացնի եւ դիմի սեւ փիարի, թատրոնի տնօրենը արձագանքեց.

«Թող գրողի ծոցը գնան բոլոր այդ մարդիկ: Ինձ բոլորովին դուր չի գալիս այս վիճակը: Ես նկատեցի, որ առաջին դեպքի հետ կապված համացանցում իմ հասցեին հիմար մեկնաբանություններ են թողնում. չի կարելի մարդուն անտեղի մասսայականորեն վիրավորել»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս