Տեղի է ունեցել Հայաստանի իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզի վերաբերյալ եզրափակիչ աշխատաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից մայիսի 27-28-ը Ծաղկաձորում համատեղ կազմակերպվել է աշխատաժողով, որի գլխավոր առանցքը Հայաստանի իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզի ամփոփումն էր:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի պետ Էլիս Թոմասը, ԺՀՄԻԳ-ի փորձագետ Ալան Փեյջը, ՀՀ Ազգային Ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԵԱՀԿ փորձագետներ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ, Ազգային Ժողովի, ՀՀ Կառավարության, Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարությունների, քաղաքացիական հասարակության և այլ պետական կառույցների աշխատակիցներ:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են քաղաքականության մշակման և օրենսդրական պլանավորման, հանրային քննարկումների և կարգավորման ազդեցության գնահատման, ինչպես նաև օրենսդրության կիրառման մշտադիտարկման և գնահատման վերաբերյալ մի շարք հարցեր:

Երկօրյա աշխատանքային քննարկման նպատակն է իշխանության գործադիր, օրենսդիր ոլորտների անդամներին, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին և փորձագետներին հնարավորություն տալ փոխանակելու սեփական փորձն ու փնտրելու նոր ուղիներ երկրում օրենսդրական դաշտը և մի շարք գործընթացներ բարելավելու համար:
Այս առիթով, Արսեն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը նախաձեռնել է բարեփոխումներ՝ Ճանապարհային քարտեզի նախագծում սահմանված կարգով, իսկ աշխատաժողովը կօգնի ամփոփել փաստաթուղթը, ինչն էլ օգտակար կլինի բարեփոխման լրացուցիչ գործընթացներ ծրագրավորելու և իրականացնելու գործում, ինչպես նաև Հայաստանի օրենսդրական գործընթացը կլինի ավելի քիչ ծանրաբեռնված, առավել ծրագրավորված, թափանցիկ և կդառնա ավելի մասնակցային:

Այս համատեքստում քննարկվել են նաև 2014-2015 թվականների ընթացքում «Հայաստանում անցկացված նախկին թեմատիկ օրինաստեղծ աշխատաժողովների ընթացքում ներկայացված Հայաստանում օրենսդրական ընթացակարգի համակողմանի գնահատում» զեկույցում ներկայացված բարեփոխման վերաբերյալ առաջարկները:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի պետ Էլիս Թոմասի խոսքով՝ Իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզի նախագծում ներկայացված առաջարկները կենտրոնանում են արդյունավետ լուծումների հայտնաբերման վրա և մշակվել են հայաստանյան հիմնական շահագրգիռ դերակատարների կողմից մի շարք քննարկումների ընթացքում: Ըստ նրա՝ Ճանապարհային քարտեզի նախագիծն իրենից ներկայացնում է տեղում մշակված գործողությունների ծրագիր՝ հասցեագրելու Հայաստանի օրինաստեղծ համակարգում 2015 թվականին համատեղ կայացած աշխատաժողովների ընթացքում բացահայտված թերությունները:
ՀՀ Աժ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ընդգծել է, որ Հայաստանում հաճախ տեղի են ունենում բազմաթիվ քննարկումներ համապատասխան ոլորտի քաղաքականության մշակման և օրենսդրության առավել արդյունավետ պլանավորման վերաբերյալ, ինչն էլ միտված է զարգացնել Հայաստանի իրավական համակարգի ներկայիս վիճակը:
Հանդիպմանը զեկույցներով հանդես են եկել համապատասխան ոլորտի մասնագետներ, որոնք խոսել են Հայաստանում հանրային քննարկումների ներկայիս վիճակի, գլխավոր հիմնախնդիրների մասին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս