ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ԴԱՏԱՐԿ ԵՆ
Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղին սպասարկող «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ին պատկանող «Մերսեդես» եւ «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսները հարմարավետ են, ուղեւորներն էլ գոհ են փորձառու եւ հմուտ վարորդների աշխատանքից: Սակայն այդ միկրոավտոբուսները Նոյեմբերյանից Երեւան են մեկնում եւ մայրաքաղաքից վերադառնում մեծամասամբ կիսադատարկ: Այդ պատճառով երթուղին սպասարկող 5 վարորդներից 3-ն արդեն աշխատանքից դուրս է եկել: Իսկ ուղերթի ամբողջ ծանրաբեռնվածությունը 2 վարորդների ուսերին է, որոնցից յուրաքանչյուրն օրական 2 ուղերթ է կատարում, ավելի քան 400 կմ ճանապարհ կտրում՝ չկարողանալով ուղերթից հետո լիարժեք հանգստանալ: Սույն ուղերթում ուղեւորների թվի նվազումը 2 պատճառ ունի: Նոյեմբերյանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ բավական ակտիվ են գործում Նոյեմբերյանի տաքսի ծառայությունների եւ անհատների տաքսիները, որոնք ուղեւորին վերցնելով նրանց ցանկացած վայրից՝ հասցնում են Նոյեմբերյանի, Երեւանի ցանկացած վայր: Երկրորդ կարեւոր պատճառը արտագաղթի հետեւանքով բնակչության թվի նվազումն է: Հայաստանից հիմնականում արտագաղթել են երիտասարդ, տնտեսապես ակտիվ, գործունյա բնակիչները, որոնք հաճախ էին օգտվում հասարակական տրանսպորտից: Նոյեմբերյանից Տավուշի մարզկենտրոն Իջեւան օրական մեկնում է մեկ միկրոավտոբուս: Առավոտյան ժամը 9-ին մեկնող այդ տրանսպորտային միջոցը հիմնականում կիսադատարկ է լինում: Նվազել է նաեւ Նոյեմբերյանից Վանաձոր մեկնողների թիվը: Հայաստանի տնտեսական աճի մասին հայտարարող պաշտոնատարներն այդ աճը երեւի իրենց ֆինանսական վիճակով են զգում կամ էլ հայացքները չեն բարձրացնում իրենց կազմած կեղծ զեկույցներից, որ տեսնեն Հայաստանի, հատկապես մարզերի մռայլ պատկերը:

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉՏԵՍԱ՞Վ ԱՂԲԱԿՈՒՅՏԸ
Սեպտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում էր Տավուշի մարզում, որտեղ մասնակցեց Բագրատաշենի սահմանային նոր անցակետի հիմնարկեքի արարողությանը: Անցակետը կառուցվում է «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում, այն արժե շուրջ 60.6 մլն եվրո: Անցակետը կառուցվում է դրամաշնորհով եւ վարկային միջոցներով: Անշուշտ, սահմանային անցակետի արդիականացումը կարեւոր է, քանի որ այն երկրի մուտքն է` արտաքին դարպասը: Սակայն հետաքրքիր է, իր այցի ընթացքում Սերժ Սարգսյանը տեսա՞վ, թե երկրի մուտքն ինչ վիճակում է գտնվում: Սահման հանդիսացող կամրջի տակ՝ Դեբեդի ձախ ափին, աղբակույտ է: Եվ այդ աղբակույտն առաջին տպավորությունն է, որ ստանում են Բագրատաշենի անցակետով Հայաստան մուտք գործողները: Գուցե այդ աղբակույտը խորհրդանշում է Հայաստանում տիրող իրավիճա՞կը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս