ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՆԱՑ ԱՐՁԱԿՈՒՐԴ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ կարճատեւ արձակուրդ է վերցրել, որից, ըստ ամենայնի, այլեւս չի վերադառնա: Դատական կարգադրիչների  եւ դեպարտամենտի  վերջին աղմկահարույց գործերից  հետո  Մկրտումյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ լուծված  է: Ավելին, մեր տեղեկություններով՝ այդ գործերով քննությունն ինտենսիվ կերպով  շարունակվում է, եւ  դեպարտամենտի ղեկավար Միսակ  Մարտիրոսյանին առայժմ չեն կալանավորում, քանզի թելերը կարծես թե տանում են դեպի Մկրտումյան: Ամեն դեպքում, արդեն իսկ ակտիվացել են ՎԴ նախագահի պաշտոնի հավակնորդները: Երեկվա դրությամբ Դավիթ Հարությունյանն այլեւս ֆավորիտների մեջ չէր, փոխարենը մեծացել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի շանսերը, որի համար ակտիվորեն լոբբինգ է անում նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Մուկուչյանը համարվում է վերջինիս  մերձավորը, եւ նրա նշանակման դեպքում ՎԴ համակարգը կհայտնվի Կոստանյանի  ազդեցության տակ:  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննարկվում է նաեւ ՎԴ նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի թեկնածությունը, ով ներկայումս Վրաստանում Հայաստանի դեսպանն է:

ԿՔՆՆԱՐԿԵՆ
Կառավարությունն արդեն խորհրդարան է ներկայացրել 2014թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը: Հոկտեմբերի 28-ից ԱԺ մշտական հանձնաժողովներում կմեկնարկեն 2014թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկումները: Ըստ կազմված ժամանակացույցի՝ բյուջեի նախագիծը ոլորտ առ ոլորտ քննարկվելու է մինչեւ նոյեմբերի 4-ը: Իսկ արդեն նոյեմբերի 11-ին մեկնարկող ԱԺ նիստում բյուջեի նախագիծը կընդգրկվի օրակարգ:

ՀՅԴ-Ն ԳՐՈՀՈՒՄ Է
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հինգշաբթի օրը կառավարության նիստում որոշում կկայացվի Արարատի մարզպետի պաշտոնում ԱԺ նախկին պատգամավոր, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին նշանակելու մասին: Առայժմ այդ հարցն ընդգրկված չէ կառավարության օրակարգում: Սակայն, ինչպես պնդում են մեր աղբյուրները, առայժմ մտադրություն կա հարցն օրակարգ ընդգրկել հենց նիստի օրը` առավոտյան: Նշենք, որ Ա. Գրիգորյանն ընդգրկված է ՀՅԴ համամասնական ցուցակում: Երբ նա նշանակվի մարզպետ, ապա առաջիկայում Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվելուց հետո պատգամավոր դառնալու հերթը կլինի ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Միքայել Մանուկյանինը:




Լրահոս