«Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ աղմուկը չի դադարում. հերթական քրեական գործն է հարուցվել(ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատուկ քննչական ծառայությունը հերթական քրեական գործն է հարուցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պաշտոնեական լիազորությունները անցնելու հատկանիշներով:
Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ»-ը հրապարակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասին: Գրել էինք, որ այս տարվա մայիսին ժամանակավորապես դադարեցվել էին ՔԿՀ-ի նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները, եւ պատճառը եղել էր այն, որ ՔԿՀ-ում լուրջ չարաշահումներ էին հայտնաբերվել: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:
Ու մինչ ՀՔԾ քննիչները քննում են այս գործը, երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հունիսի 24-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն հերթական անգամ քրեական գործ է հարուցել: Իսկ ով է դատապարտյալը եւ ինչ հանցագործության մասին է հաղորդում ներկայացրել իրավապահներին:

13617361_1640390692955440_835604226_n

13599695_1640390616288781_169308532_n

Պարզեցինք, որ 2016 թվականի հունիսի 14-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Գագիկ Մելքոնյանը դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առանձին պաշտոնատար անձինք, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, նույն հիմնարկի 3-րդ խցում պահվող անձանց անօրինական կերպով՝ առանց աշխատանքային պայմանագրի, առանց հիմնարկի պետի որոշման, ներգրավել են հիմնարկի մաքրման աշխատանքներին:

Ըստ էության, դատապարտյալ Մելքոնյանը իրավապահներին հայտնել է, թե ով է կոնկրետ հրահանգել իրենց մաքրման աշխատանքներն իրականացնել: Արդյունքում, հիմք ընդունելով դատապարտյալի հաղորդումը՝ ՀՔԾ քննիչ Ա. Ժամկոչյանը հունիսի 24-ին որոշում է կայացրել հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը:

Քնար Մանուկյան




Լրահոս