Ռուսաստանի հետ դաշնակցության հերթական «սպառնալիքը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Դորոխինը հայտարարել է, որ այդ երկրների միջև նոր պայմանագիր կկնքվի սպառազինության մատակարարման վերաբերյալ: Այնուհետ հավելել է, որ Վլադիմիր Պուտինն Ադրբեջան է այցելելու «ոչ դատարկ ձեռքերով»՝ հավանաբար իր գործընկեր ադրբեջանցիներին փորձելով հասկացնել, որ ՌԴ նախագահն արցախյան հարցում լավ «անակնկալ» ունի: Այս պարագայում, իհարկե, Դորոխինը փորձել է քաղաքական դիվիդենտներ շահել իր երկրի համար, եւ Պուտինն Ադրբեջանի համար որեւէ իրական «օգուտ» արցախյան հարցում դժվար էլ կարողանա տանել: Կարեւորը զենքով Ադրբեջանին իր ազդեցության ծիրում պահելու եւ Հայաստանի կախվածությունը մեծացնելու հարց է լուծվում, ու դա կրկին արվում է ռազմավարական դաշնակցի հաշվին:

Փաստորեն, Մոսկվան այդպես էլ չհասկացավ՝ ինչ է խաղաղությունը որպես քաղաքական արժեք, ինչ է կոնֆլիկտի միջնորդը որպես հարակից սուբյեկտ ու ինչ վարք պետք է դրսեւորի, իսկ ամենակարեւորը՝ այնտեղ չգիտեն, թե ինչ է միջազգային վարկը, որը դաշնակիցներ գրավելու գլխավոր նախապայմաններից է: Եվ անհեթեթություն են ռուսական էլիտայի այն պնդումները, թե եթե իրենցից զենք չգնի Ադրբեջանը, ապա դա կանի Արեւմուտքից, ուրեմն ավելի լավ չէ՞, որ դաշնակիցն է այն վաճառում: Իհարկե, շատ վատ է, նախ՝ ինչպես նշեցինք դաշնակցությունը քաղաքական արժեք է, իսկ արժեքները հարաբերականորեն կայուն եւ բանակցությունների ու սակարկությունների չենթարկվող երեւույթներ են, երկրորդ՝ միֆ է, որ Բաքուն կարող է զենք գնել Արեւմուտքից, քանի որ այնտեղ՝ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ ԵՄ-ում, արգելված է զենք վաճառել այդ երկրին:

Սա այն պարագայում, երբ մեր դաշնակիցը ոչ թե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են, այլ Ռուսաստանը: Ընդամենը մի քանի օր առաջ էր, որ ՆԱՏՕ-ն քաղաքական ուժեղ ապտակ հասցրեց Ռուսաստանին՝ ժամանակին նրա ազդեցության գոտում գտնվող երկրներում սպառազինություն եւ զորք տեղակայելու որոշմամբ: Սա Ռուսաստանի վերջնական դուրսմղումն էր իր համար կենսական կարեւորություն ունեցող Արեւելյան Եվրոպայից: Հետաքրքիրն այն է, որ Մոսկվան դա դիտարկեց իբրեւ իր անվտանգության սպառնալիք, սկսեց «թվային» ու «ոչ թվային» դիվանագիտական դեմարշը: Ակնհայտ է, որ Մերձբալթիկայում տեղակայվող 4000-անոց ստորաբաժանումը հազիվ թե կարողանա գերհզոր Ռուսաստանի համար անվտանգության սպառնալիք դառնալ: Մինչդեռ այդ նույն Ռուսաստանը շարունակում է զինել իր դաշնակցին ֆիզիկապես ոչնչացնելու պատրաստ եւ այդպիսի ֆաշիստական կոչերով հանդես եկող երկրին՝ Ադրբեջանին: Հետո էլ Կրեմլում նեղսրտում են, որ իրենք մնացել են միայնակ աշխարհաքաղաքական գործընթացներում, եւ իրենց ստեղծած ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ երկրները իրականում իրենց չեն սատարում:

Բնական է, որ նման քաղաքական վարքի պատճառով, այն էլ ամենալոյալ դաշնակից հանդիսացող Հայաստանի նկատմամբ, որեւէ երկիր չի կարող լուրջ ընդունել ռուսական քաղաքական պրոյեկտները եւ սկսել իրական ինտեգրացիոն գործընթաց, ոչ էլ այդ պրոյեկտները կկարողանան ապահովել կառուցվածքային ու ֆունկցիոնալ ճկունություն եւ դառնալ նոր իրողություններին ադապտացվող համակարգեր այս դինամիկ գլոբալ տարածությունում: Հայաստանում, գուցե, սրա վրա աչք են փակում, եւ Ռուսաստանը դրանից թեւեր է առնում, բայց մյուս երկրներն էլ հո՞ տեսնում ու հասկանում են այս ամենը:

Ասենք, նման քաղաքականությամբ Մոսկվան դժվար թե կարողանա Ուզբեկստանին ու Թուրքմենստանին համոզել, որ եթե միանան իր ՀԱՊԿ-ին, ապա կսկսեն անվտանգ ապրել, մանավանդ, որ այդ երկրները նույնիսկ հակառակ բանն են տեսնում:
Ինչեւէ, Ռուսաստանի պատկերացումները քաղաքական արժեքների շուրջ սահմանափակվում են այսքանով: Բայց փոխարենը նա հասկանում է իր բիզնես-շահերը եւ հաճախ դրանք հետապնդում ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի անգործության հաշվին:

Երեւանը նման իրավիճակներում չի արտահայտում որոշակի դիրքորոշում, չի պահանջում պարզաբանումներ՝ կրկին պարփակվելով փոքր երկրի հոգեբանական սինդրոմի մեջ: Ճիշտ է՝ վերջին շրջանում այդ հարցի առնչությամբ որոշակի անդրադարձեր եղել են, բայց դրանք առավելապես մտահոգություններ էին, իսկ խոսքը դիրքորոշման ձեւակերպման մասին է, որը դիվանագիտության մեջ ընկալվում է նաեւ որպես համապատասխան քայլի ու գործողության արտահայտում եւ ավելի կոշտ է, քան մտահոգությունը: Ժամանակն է, որպեսզի դուրս գանք ակնկալիքներ ունեցողի քաղաքական հոգեբանությունից եւ անցնենք ակնկալիքներ ստեղծողի քաղաքական նախաձեռնության:

Արման Սահակյան




Լրահոս