Տրվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի մեկնարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել «Արարատյան բակալավրիատ» ծրագրին ՀՀ մարզային դպրոցների անդամակցության վերաբերյալ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են Արարատյան բակալավրիատի նպատակները, տեսլականը, ծրագրին անդամակցելու քայլերն ու պահանջները։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Արարատյան բակալավրիատին» անդամակցելու թեկնածու դպրոցների ընտրության հանձնաժողովի անդամները՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն Տ․ Մեսրոպ քհն. Արամյանը և «Այբ»-ի համահիմնադիր և Հայկական բարեգործական ընդհանուր միության Կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը։

ԿԳԱԾ-ի տնօրեն Տ․ Մեսրոպ քհն. Արամյանը, ներկայացնելով «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը, նշել է, որ այսօրվանից ազդարարվում է ծրագրի ներդրումը ՀՀ մարզային դպրոցներում և Արցախում: «Այս ծրագրի նպատակն է՝ լավագույն կրթական բովանդակությունը և տեխնոլոգիաները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր երեխաներին: «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը, որը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում, կներդրվի ՀՀ մարզային՝ ավագ բաղադրիչ ունեցող դպրոցներում՝ մեկական դասարանով։ Մեր նպատակն է կառուցել նոր գերազանցության ցանց և այն հասանելի դարձնել բոլորին»,- նշել է բանախոսը՝ ընդգծելով, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությամբ, որն արդեն համապատասխանության է բերվել միջազգային բոլոր չափանիշներին:

«ՀՀ կառավարության որոշմամբ ծրագիրը թույլատրվել է նաև կիրառել ՀՀ դպրոցներում: Այն կգործի պետական կրթական ծրագրին զուգահեռ՝ տալով աշակերտներին ավագ դպրոցի կրթական ծրագրի ընտրության ավելի լայն հնարավորություն և ապահովելով կրթության որակի և ավարտական գնահատականների ու դիպլոմի և՛ տեղական, և՛ միջազգային ճանաչում:

Ծրագրի երկրորդ բաղադրիչը նոր սերնդի ուսուցիչների վերապատրաստումն է, որը բավականին պահանջկոտ է: Ծրագրի արդյունքում բոլոր վերապատրաստված ուսուցիչները կստանան միջազգային որակավորում: Ծրագիրն այնպես է մշակվել, որ մոտ ապագայում այն ներդրվի ՀՀ մեկ կամ ավելի բուհերում՝ որպես կրթության մագիստրոսի աստիճան: Հետագայում այս ծրագրի շրջանակում աշխատող բոլոր ուսուցիչները պետք է ստանան այդ մագիստրոսի աստիճանը: Եվ երրորդ՝ ամենաբարդ բաղադրիչն է հասնել նրան, որ Հայաստանն ունենա հայալեզու միջազգայնորեն ճանաչված քննություններ: Այս տարի առաջին անգամ հաջողությամբ անցկացրել ենք միջազգային քննություն, որի արդյունքները ճանաչված են ամբողջ աշխարհում: Այդ քննությունների հիման վրա դիմորդները կարող են ընդունվել աշխարհի որևէ բուհ՝ առանց հավելյալ քննությունների կամ կրեդիտավորել քննության արդունքները, ինչպես նաև ընդունվել ՀՀ բուհեր: Ունենալով այս երեք կարևորագույն գործիքները՝ լիովին պատրաստ ենք ծրագրի ներդրմանը»,-նշել է Տ․ Մեսրոպ քհն. Արամյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղեկալ Դավիթ Սահակյանի խոսքով՝ ծրագրի մեկնարկը տրվում է մարզային փուլով, որովհետև, ըստ փոխնախարարի, մարզային զարգացումն առաջնահերթություն է: «Այսօր ազդարարում ենք ծրագրի թեկնածու դպրոցների ընտրության մեկնարկը: Ծրագիրը բավականին խստապահանջ է՝ դպրոցը պետք է ունենա վերապատրաստված ուսուցիչներ, անցած լինի որոշակի ինստիտուցիոնալ զարգացում և ունենա համապատասխան պայմաններ: Այն դպրոցները, որոնք ունեն մոտիվացիա և պատրաստակամ են զարգանալ, պետք է հայտեր ներկայացնեն, որոնց հետ աշխատանքի արդյունքում՝ դրանք կմոտեցվեն հավաստագրման գործընթացին»,- նշել է բանախոսը՝ ընդգծելով, որ վերոնշյալ գործընթացից հետո ակնկալվում է, որ ծրագրի շրջանակում առաջին դիմորդներն ավագ դպրոցներ կընդունվեն արդեն 2018 թվականի սեպտեմբերին՝ անվճար կրթություն ստանալով պետական դպրոցներում: «Առհասարակ, այս ծրագիրը բացառիկ երևույթ է կրթության ոլորտում ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային մակարդակով, քանի որ հայալեզու կրթական ծրագիրն ամբողջությամբ ստեղծվել է Հայաստանում՝ միջազգայնորեն ճանաչելի արդյունքներով և որակներով:

Այսպիսով՝ Հայաստանը կրթական հարթակում հայտնվում է նոր դերով, երբ այն արդեն կրթություն արտահանելու հնարավորություն կունենա»,- նշել է Դավիթ Սահակյանը՝ ակնկալիք հայտնելով, որ ծրագրում ընդգրկված դպրոցներում կսովորեն ոչ միայն Հայաստանի երեխաները, այլ նաև այն սփյուռքահայերը, ովքեր փնտրում են որակյալ, միջազգայնորեն ճանաչելի կրթություն՝ ապահով միջավայրում, հարազատ լեզվով: «Սա լուրջ ինտեգրման գործընթաց և նվաճում է համաշխարհային իմաստով և պատահական չէ, որ այսօր նույն Քեմբրիջի համալսարանը տարբեր հարթակներում Հայաստանի օրինակը ներկայացնում է որպես հաջողության պատմություն»,-նշել է նա:

ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը, իր հերթին կարևորելով ծրագիրը, նշել է, որ այն մեր երկրի կարևոր ձեռքբերումներից է: «Այսօր ունենք հայալելու կրթական ծրագիր, որը ճանաչված է աշխարհում: Ցանկանում եմ շեշտել այդ կարևորությունը նաև այն սփյուռքահայ աշակերտների համար, ովքեր ցանկանում են ոչ միայն որակյալ կրթություն ստանալ, այլ նաև հայեցի դաստիարակություն՝ հետագայում հնարավորություն ունենալով ուսումը շարունակել աշխարհի լավագույն համալսարաններում: Սա մեծ համագործակցություն է Հայաստանի և սփյուռքի միջև»,- նշել է բանախոսը՝ ցանկություն հայտնելով, որ ծրագրում ընդգրված դպրոցներն ապահովված լինեն հանրակացարաններով:

Ասուլիսի ընթացքում բանախոսները պատասխանել են նաև լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են ծրագրի ֆինանսավորմանը, առանձնահատկություններին, քայլերի հաջորդականությանը և այլն:




Լրահոս